Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Մենք չենք տեսնի իրական նվաճում՝ քանի դեռ մեր երկրի վարչապետի աթոռից կառչած կմնա Փաշինյան ազգանունով անձը  hraparak.am hraparak.am

time
Մենք չենք տեսնի իրական նվաճում՝ քանի դեռ մեր երկրի վարչապետի աթոռից կառչած կմնա Փաշինյան ազգանունով անձը 

Չգիտես ինչու, Ֆեյսբուքն այսօր «նիկոլական» Հայաստանի ինչ-որ գովազդային նյութ մատուցեց ինձ: Դա անսովոր էր, քանի որ այդ հարթակում ինձ նման անակնկալ վաղուց չէր մատուցվում: Դա սովորական քարոզչական նյութ էր, արդեն ուզում էի կողքով անցնել, հետո մտքափոխվեցի: Հաշվի առնելով, որ դրա նպատակն ինձ ու ինձ նմաններին դաս տալն էր, որոշեցի դաս տալ դրա հեղինակներին: Եթե, իհարկե, իրենք «Հրապարակ» են կարդում: Տեքստից ընտրեցի մեկ-երկու նախադասություն, որ կրկնում էին «մեծարգո վարչապետի» հեղինակային դատողությունները: Խնդրեմ դրանցից մեկը. «Մեր երիտասարդությունը պետք է հպարտանա ոչ թե հազար տարի առաջ տեղի ունեցածով, այլ նրանով, ինչով Հայաստանը ստեղծվում է այստեղ և հիմա՝ մեր պետությունով»:

Ուրեմն, ի գիտություն դրա հեղինակների ասեմ, որ իր պատմությամբ հպարտանում է այն ժողովուրդն իր երիտասարդությամբ հանդերձ, ով հպարտանալու բան ունի: Իսկ հարուստ պատմությամբ հպարտանալը նույնքան բնական է, որքան ժամանակակից ձեռքբերումներով հպարտանալը: Եթե, իհարկե, առկա են նաև այսօրվա ձեռքբերումներ: Իսկ դրանք կայանում են այն ժամանակ, երբ դպրոցներում ու բուհերում քարոզվում է լավ սովորելը: Բայց ոչ թե ընդամենը լավ ապրելու, այլ իրեն, իր ընտանիքին, իր պետության հասարակությանն ու հայրենիքին օգուտ տալու համար: Որովհետև եթե որևէ մեկը ձգտում է ընդամենը լավ ապրել, ապա հանուն դրա նա կարող է թքած ունենալ մնացած ամեն ինչի վրա: Ինչը համատարած տեսնում ենք այս օրերին նիկոլական իշխանության ներկայացուցիչների շրջանում:

Մի փոքր շեղվեմ անցյալի ուղղությամբ. հիշում եմ, որ նախորդ դարի 60-70-ականներին, որպես լավ սովորող դպրոցականներ, մենք երազում էինք տիեզերագնաց դառնալ: Չէ, խոսքը բոլորի մասին չէ, այլ նրանց մասին, ովքեր չէին երազում միայն կուսակցական կարիերա անելու մասին: Ու հասակ առնելով՝ երազում էինք, որ տիեզերք թռչողներից գոնե մեկը հայ լինի, քանի որ մենք արդեն չկայինք այդ հարցում: Եվ երբ դա տեղի ունեցավ, բայց ոչ թե Խորհրդային Միությունում, այլ 1989-ին ԱՄՆ-ում (խոսքը ազգությամբ հայ ամերիկացի տիեզերագնաց Ջեյմս Բաղյանի մասին է), մենք երկակի զգացումներ ունեցանք: Նախ հպարտության զգացում, որ վերջապես հայը թռավ տիեզերք, ու նաև տխրություն, որ նա հայաստանցի կամ գոնե խորհրդային երկրից չէր:

Ի դեպ, վերը նշված քարոզչական նյութում հազար տարվա ժամանակահատվածը նշելով, ենթադրաբար, նկատի ունեն Տիգրան Մեծի թագավորությունը (դա, ի գիտություն, երկու հազար տարի առաջ էր): Դա իսկապես հպարտ լինելու պայման է, բայց դրա հետ միասին հպարտ ենք մեր մշակույթով, որ ստեղծվել է առնվազն երկու հազար տարվա ընթացքում: Իսկ 7-8 տարի առաջ մենք հպարտ էինք Արցախյան առաջին պատերազմի մեր հաղթական բանակով: Հպարտ էինք նաև մեր Արցախով, որը ոչ թե առասպել էր, այլ իրականություն: Որովհետև եթե չլիներ իրական՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում չէր հայտարարի, որ Արցախը Հայաստան է: Որովհետև Փաշինյանի նման՝ կյանքի նյութական կողմին կառչած անձն առասպելին այդպիսի կարևորություն չէր տա:

Այսօր նույն վարչապետը, ով 44-օրյա պատերազմից հետո վերածվել է խայտառակ պարտության խորհրդանիշի, քարոզում է, թե իրական ազգային ինքնությունը կառուցվում է զուտ ներկայի իրական նվաճումների վրա։ Նայում եմ շուրջբոլորս ու փորձում հասկանալ, թե որոնք են մեր ներկայի իրական նվաճումները: Այն, որ հպարտ ու հայրենասեր երիտասրդության մեծ մի հատված հանձնվեց հողին կամ դարձավ հաշմանդամ՝ դա՞ էր մեր նվաճումը: Թե՞ Արցախի կուրուստն ու Հայաստանի Հանրապետության ինչ-ինչ տարածքները թշնամուն հանձնելը: Կամ գուցե՞ ներկայի իրական նվաճումներից է այն, որ թշնամի պետության բռնապետ-ղեկավարը շարունակ ստորացնում է մեր երկրի ղեկավարին ու դրանով մեզ բոլորիս: Ու մեր պետության ղեկավարը բացարձակ չի համարձակվում արձագանքել դրան: Գուցե՞ ներկայի իրական նվաճումներից է Սյունիքով թշնամուն միջանցք հանձնելը՝ դա անվանելով «խաղաղության խաչմերուկ»: Իսկ հետո ԱՄՆ նախագահին հեռվանց բողոքելով, թե թշնամին միջանցքն անվանում է իր իսկական անունով: Կամ գուցե՞ իրական նվաճում է թշնամու պահանջով Սահմանադրություն փոխելու գործընթացը՝ ներկայացնելով դա մեր ներքին պահանջ: Չէ, ես չեմ տեսնում ոչ մի իրական նվաճում ու վստահ եմ, որ դա չեմ տեսնի այնքան ժամանակ, որքան մեր պետության վարչապետի աթոռից կառչած կմնա Փաշինյան ազգանունով անձը:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test