Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Մտորումներ Երեւան-Բաքու-Մոսկվա ճեպընթացում hraparak.am hraparak.am

time
Մտորումներ Երեւան-Բաքու-Մոսկվա ճեպընթացում

Օրերս ՀՀ 3 միլիոն վարչապետներից մեկը (անունը՝ Նիկոլ) խորհրդարանում իր կարծիքը հայտնեց սույն թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունների մասին, ես էլ՝ որպես ՀՀ 3 միլիոն վարչապետներից մեկը, ուշադիր լսում էի նրան: Շատ ուշադիր էի լսում, որովհետեւ նա այդ համաձայնագրերը ստորագրել ու թռել էր Չինաստան, իսկ նրա՝ Չինաստանում, ապա Ճապոնիայում գտնվելու օրերին ՀՀ բազմաթիվ այլ վարչապետներ վաշինգտոնյան համաձայնագրերն ուղղակի արկածախնդրություն էին որակել: Եվ ես ընդամենը ուզում էի հասկանալ, թե ինչու է նա նախաստորագրել ու ստորագրել փաստաթղթեր, որոնք կարող են վնասել մեզ՝ մնացած 3 միլիոն վարչապետներիս, եւ երկրին՝ առհասարակ:

Մեղքս ինչ թաքցնեմ… Լսեցի, լսեցի ու ոչինչ չհասկացա: Իմ հարցը՝ ինչո՞ւ ես ստորագրել այդ հիմարությունները, մնաց օդի մեջ կախված: ԱԺ ամբիոնի մոտ հետույքը մի կուշտ քորեց, էս բանից խոսեց, էն բանից, բայց այդպես էլ հոդաբաշխ ոչինչ չասաց ինչպես համաձայնագրերի, այնպես էլ դրանք ստորագրել-նախաստորագրելու հանգամանքների մասին: Ընդդիմադիր պատգամավորները մեռան հարցեր տալով՝ նրան տարան ու բերին, տարան ու բերին ամբիոնի մոտ, բայց անօգուտ: 5 բառ ու բառակապակցություն էր միայն արտաբերում՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, սահմանների անխախտելիություն, իրավազորություն, փոխադարձություն: Ասում էր՝ այդ համաձայնագրերում հղումներ կան թվարկված հասկացություններին: Լավ, հետո՞… Հարեւանիդ կնոջ մասին էլ լավ-լավ հղումներ կան «միսս տիեզերք» գեղեցկության մրցույթի կայքում, ինչ է, պիտի գնաս մտնես հարեւանիդ կնոջ ծո՞ցը: Ես քեզ հարցնում եմ՝ ինչո՞ւ ես ստորագրել թղթեր, որոնք մեզ ոչինչ չտալուց զատ նաեւ վնասում են: Պատասխանը նույնն է՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, սահմանների անխախտելիություն, իրավազորություն, փոխադարձություն… Մի խոսքով՝ գժանոց:

Ես հույսս արդեն կորցնում եմ: Նա երբեւէ չի հասկանալու, որ օգոստոսի 8-ի համաձայնագրերը Հայաստանի ինքնիշխանության վերջի մասին են, այլ խոսքով՝ կապիտուլյացիայի վերջին արարի, որից հետո սկսվում է ազատ անկումը պետությունից դեպի գաճաճ պետություն եւ վիլայեթ:

«…Տարածքային ամբողջականություն» եւ «սահմանների անխախտելիություն»՝ այս հղումների մասին նույն բանը պետք է ասեմ՝ մեր տարածքային ամբողջականությունը խաթարված է, սահմանները՝ խախտված: Փոխարենը ունենք օգոստոսի 8-ի նախաստորագրված եւ ստորագրված համաձայնագրեր, որոնք չեն ենթադրում մեր տարածքային ամբողջականության եւ խախտված սահմանների վերականգնում: Հետեւաբար, ո՞ւմ տանձին են համաձայնագրերում այդ գեղեցիկ բառերի վրա արված հղումները: Ավելի լավ չէ՞ր այնտեղ մի հղում լիներ նոյեմբերի 9-ի համաձայնագրին, ըստ որի՝ հակամարտող կողմերի բանակները կանգնում են այդ պահին ձեւավորված գծով… Արցախի մասին խոսք չկար, Շուշիի, Քարվաճառի ու Լաչինի միջանցքի մասին՝ նույնպես, դե իսկ Կիրանցի, Ջերմուկի բարձունքների, Տիգրանաշենի, Գորիս-Կապան ճանապարհի, Սեւ լճի մասին առհասարակ ոչ մի հիշատակություն: Հիմա այս ամեն ինչը տալուց հետո մի թուղթ են ստորագրել ու անունը դրել «ինքնիշխանություն»: «Կապիտուլյացիա» բառից էլ այնպես են խունջիկ-մունջիկ գալիս, ասես սա հաղթանակ է եւ ոչ թե ամենաիսկական եւ համապարփակ կապիտուլյացիա:

«Իրավազորություն» եւ «փոխադարձություն»… Այս երկու բառերին հղումներ կան «Թրամփի ուղի» կոչվող փաստաթղթում, որտեղ խոսվում է ամեն ինչի մասին, բացի Հայաստանի իրավազորության եւ Հայաստանի պարագայում փոխադարձության: Փաստաթուղթն Ալիեւի «Զանգեզուրի միջանցք» եւ Նիկոլի «Թրամփի ուղի» խոսույթների մասին է: Ասելու բան չունեմ: Նրանց միջեւ իսկի այդ «ճանապարհի» անվանման հարցում փոխադարձություն չկա, էլ ուր մնաց՝ փոխադարձության գան շահագործման հարցում: Ալիեւն ասում է՝ իմ սահմանապահները պետք է լինեն Ադրբեջանի եւ Նախիջեւանի սահմաններին, այդ «միջանցքի» վրա մենք հայ սահմանապահի երես չպետք է տեսնենք: ԱԺ-ում Նիկոլն ի՞նչ ասի, որ լավ լինի… Ասում է՝ հարց չկա, սարքավորումներ կտեղադրենք, սարքերը կհսկեն: Նկատենք, որ խոսքը մեր տարածքի մասին է, մեր տարածքով անցնող բեռների ու մարդկանց: Սարքերն էլ, հասկանում ես, Թրամփը պետք է դնի, այլապես մեզ այդպիսի սարքեր որտեղի՞ց: Դե եկ ու հասկացիր՝ ինչպե՞ս են Թրամփի սարքերը վերահսկում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայից Ադրբեջան գնացող բեռներն ու ոչ այնքան խաղաղ տրամադրված մարդկային կոնտինգենտը: Իսկ ո՞ւր մնաց Հայաստանի իրավազորությունն իր տարածքով անցնող «ճանապարհի» վրա, եթե Թրամփի սարքերն են որոշելու ամեն ինչ:

Տեր-Պետրոսյանը, որպես լուծում, առաջարկում է «Թրամփուղու» անունը դնել «Զանգեզուրի տրանսպորտային հանգույց» եւ այն հայտարարել Հայաստանի իրավազորության տարածք: Մեծարգո առաջին նախագահ, մինչ օրս ես Ձեր ասածների վրա այսքան չէի ծիծաղել: Սա ի՞նչ է, Ալիեւի եւ Նիկոլի խոսույթների համադրո՞ւմ, թե՞ պայքար՝ մեր տարածքով անցնող կոմունիկացիայի վրա իրավազորություն ձեռք բերելու համար: Նախագահն ասում է՝ դա պետք է լինի միայն ու միայն ՀՀ իրավազորության ներքո: Համաձայն եմ, բայց ինչպե՞ս, եթե այդ «տրանսպորտային հանգույցը» բացվում է Ալիեւի բռունցքով եւ Թրամփի քավորությամբ: Ո՞վ է Հայաստանն այս դեպքում… Հայաստանին գուցե մի քանի կոպեկ կշպրտեն կամ մի 10 կիլոմետրանոց երկաթգիծ կտան, որ «անխոչընդոտ» կապվի Նախիջեւանից Թուրքիա գնացող գծին: Սա՞ է ամբողջ փոխադարձությունը: Ես էլ կարծում էի, թե պիտի Երեւանում գնացք նստեմ ու Բաքվով գնամ Մոսկվա:

Եվ, այնուամենայնիվ, որպեսզի հոդվածս այս տխուր նոտայով չավարտեմ, առաջարկում եմ՝ էլ չսպասենք, որ «Զանգեզուրի միջանցքը» դառնա «Թրամփուղի» կամ «Զանգեզուրի տրանսպորտային հանգույց», այլ գնանք Երեւանի ԵԳ կայարան եւ տոմս առնենք Երեւան-Բաքու-Մոսկվա ճեպընթացի համար: Անձնագրերը չմոռանանք, պատրաստ պահենք, որովհետեւ ճանապարհին մեզ «անխոչընդոտ» ստուգելու են, այլ խոսքով՝ լիքը ելքումուտք են անելու: Առաջինը մեզ «ելք» են անելու հայ սահմանապահները, ենթադրում եմ՝ Երասխում: Ապա մեզ «մուտք» կանեն Նախիջեւանի սահմանապահները, որոնք մեզ հետո «ելք» կանեն՝ հանձնելով «Թրամփուղու» մասնագետներին: Սրանք մեզ մուտք «կանեն», ապա՝ «ելք», երբ հատելու լինենք բուն Ադրբեջանի սահմանը: Սենց անխոչընդոտ կգնանք-կգնանք ու չենք էլ նկատի, թե ինչպես հասանք Ռուսաստանի սահման, որտեղ մեզ մի հատ էլ ելքումուտք կանեն… Բա փոխադարձություն է, բա ի՞նչ էիք կարծում… Տարածքային ամբողջականություն, սահմանների անխախտելիություն, իրավազորություն, ինքնիշխանություն… Սովորել է պետք, սովորել:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test