Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Փաշինյանը խաղաղություն կարող է խոստանալ միայն մի դեպքում hraparak.am hraparak.am

time
Փաշինյանը խաղաղություն կարող է խոստանալ միայն մի դեպքում

Պաշտպանության նախարարությունն առաջարկել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծ, որի ընդունման դեպքում պարտադիր զինծառայությունը 24 ամսվա` 2 տարվա փոխարեն կդառնա 18 ամիս`1,5 տարի: Եթե այս առաջարկն ընդունվի, այն ուժի մեջ կմտնի հաջորդ տարվա հուլիսի 1-ից: Շատերը կասեն, թե սա հերթական նախընտրական կաշառքն է՝ խորհրդարանական ընտրություններից առաջ, որով Փաշինյանի կառավարությունը փորձելու է կաշառել այն ընտրողներին, որոնց ընտանիքներում զորակոչի ենթակա տղաներ կան․ խորհրդարանական ընտրությունները նշանակված են հունիսի 7-ին, իսկ օրենքն ուժի մեջ է մտնելու հուլիսի 1-ից: Սա իսկապես կա, բայց այս նախագիծն ավելի շուտ Թուրքիային եւ Ադրբեջանին տրված նախընտրական խոստում է. այս նախագիծը Հայաստանի բանակը մեկ քառորդով` 25 տոկոսով կրճատելու մասին է: Փաշինյանը Թուրքիային եւ Ադրբեջանին ասում է՝ հենց վերընտրվեմ, կսկսեմ ձեզ տված խոստումների կատարումը, որոնցից առաջինը բանակի թվի կրճատումն է:

Նրանք, ովքեր բանակում ծառայող ընկերներ, բարեկամներ, ծանոթներ ունեն, գիտեն, որ մեր բանակի թվակազմն այնքան էլ մեծ չէ․ անմիջապես սահմանին գտնվող զինծառայողներն ասում են, որ շատ հաճախ մարտական հերթափոխը տեղի է ունենում ոչ թե 15 օրը մեկ, այլ՝ 30 կամ ավելի օր հետո: Բայց ի՞նչ իմաստ ունի մարտական հերթափոխը, եթե Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարում է. «Վերջ, ժողովուրդ ջան, խաղաղությունը հաստատված է, ապրեք ուրախ եւ երջանիկ»: Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն այդքան վստահ, որ խաղաղությունը հաստատված է, ո՞ր դեպքում նա կարող էր պնդել, որ խաղաղությունը հաստատված է: Կարո՞ղ էր նման վստահություն նրան ներշնչել օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ստորագրված փաստաթուղթը: Ո՞վ պետք է կանգնեցնի Ադրբեջանին եւ Թուրքիային, եթե նրանք հերթական անգամ հարձակվեն Հայաստանի վրա: Չլինի՞ թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նա կանգնեցնող լիներ, ռուս-ուկրաինական պատերազմը կկանգնեցներ․ մինչեւ ընտրվելն ասում էր` ինձ մեկ օրն էլ է բավական՝ այդ պատերազմը կանգնեցնելու համար, նախագահ դառնալուց հետո 8 ամիս է անցել, բայց պատերազմը ոչ միայն չի դադարել, այլեւ ավելի է թեժացել:

Միայն մի դեպքում Նիկոլ Փաշինյանը կարող էր վստահորեն պնդել, որ խաղաղությունը հաստատվել է. Ադրբեջանի եւ Թուրքիայի վասալիտետն ընդունելու դեպքում: Այն դեպքում, եթե ինքն Էրդողանին եւ Ալիեւին խոստացած լինի, որ ճանաչում է նրանց գերիշխանությունը Հայաստանի եւ իր իշխանության նկատմամբ, նրանց ճանաչում է որպես իր վերադաս, իսկ իրեն` ենթակա, հետեւաբար՝ կատարելու է նրանց ներկայացրած բոլոր պահանջները՝ դրա դիմաց ստանալով հպատակի ապահովություն: Այլ տարբերակ չկա. միայն Ադրբեջանը եւ Թուրքիան կարող են երաշխավորել, որ չեն հարձակվի Հայաստանի վրա, իսկ նրանք նման երաշխիք կտային, եթե Նիկոլ Փաշինյանը ճանաչեր նրանց գերիշխանությունը:

Քանի որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշանակվել եւ կառավարվում են նույն կենտրոնից, նրանց տրվող տեքստերի բովանդակությունը եւս շատ հաճախ նույնական է: Մի քանի օր առաջ Զելենսկին, խոսելով Ուկրաինայի տարածքային զիջումների մասին, հայտարարեց, որ քանի դեռ Ուկրաինան որպես անկախ պետություն կա, դա Ռուսաստանի պարտությունն է, որովհետեւ Ռուսաստանն ուզում է ամբողջովին ոչնչացնել Ուկրաինան: Չի բացառվում կամ, ավելի շուտ՝ հավանական է, որ Ադրբեջանին տարածքային նոր զիջումներից հետո նման մի տեքստ կարդա նաեւ Փաշինյանը՝ ասելով, որ քանի դեռ Հայաստան պետությունը դե յուրե կա, դա արդեն իր մեծագույն հաղթանակն է, եւ կարեւոր չէ, թե ինչ սահմաններում է Հայաստանը:

Ինչո՞ւ եմ այս ամեն ինչը գրում. Հայաստանը կանգնած է լինել-չլինելու խնդրի առաջ, Հայաստանի քաղաքական ընդդիմությունը, ընդդիմադիր ուժերը պետք է հասկանան, որ առջեւում սպասվողը սոսկ քաղաքական, նախընտրական պայքար չէ, այլ՝ ազգային-ազատագրական կռիվ: Չի կարելի հասարակությանը կերակրել լավ կյանքի, նոր աշխատատեղերի կամ բարձր աշխատավարձերի մասին խոստումներով, մի խոսքով՝ դասական քարոզարշավ անել՝ հույս ունենալով, որ այդպես հնարավոր կլինի շահել ընտրողների վստահությունը եւ իշխանություն ձեւավորել: Եթե երկիրը չի լինելու, գոյություն չունեցող երկրում ի՞նչ գործարան, ի՞նչ աշխատատեղ կամ՝ ի՞նչ աշխատավարձ:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test