Անցած ամառը Բաքվի և մերձակա բնակավայրերի համար ջրամատակարարման առումով ճգնաժամային էր, տասնյակ հազարավոր բնակիչներ օրերով սպասում էին խմելու ջրի իրենց հերթին: Այդ մասին գրում է Ադրբեջանի իշխանամերձ մամուլը և արձանագրում, որ իրավիճակը գնալով ոչ թե կարգավորվում, այլ ավելի է վատթարանում:
Բնապահպանության հարցերով Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Մուխթար Մամեդովը հրապարակայնացրել է, որ երկրի ջրային պաշարները տարեցտարի կրճատվում են: Ըստ մասնագետների, Ադրբեջանը գտնվում է աշխարհի երեսուներեք պետությունների շարքում, որ խմելու ջրի առավել սուր կարիք ունեն:
Ադրբեջանի ԳԱ Աշխարհագրության ինստիտուտի պրոֆեսոր Ռզա Մահմուդովը մամուլին ասել է, որ երկրի ջրային պաշարներն «ի սկզբանե սահմանափակ են, փաստացի հասնում են 26,2 միլիարդ խորանարդ մետրի, որ կազմում են տարածաշրջանի ռեսուրսների հազիվ 15 տոկոսը»:
Քառասունչորսօրյա պատերազմից հետո Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված Արցախի ջրային պաշարները ներկայումս վայրենի շահագործման են ենթարկվում փոքր հէկ-երի ցանցի կառուցման միջոցով: Իլհամ Ալիևը հայտարարել է Ադրբեջանը վերարտադրվող էներգիայի աղբյուր դարձնելու ծրագրի մասին:
Ակնարկելով, որ Ադրբեջանը տիրապետում է տարածաշրջանի ջրային ռեսուրսների ընդամենը տասնհինգ տոկոսին, պաշտոնական Բաքուն հարևան երկրներին՝ Վրաստանին և Հայաստանին, ակնհայտ ազդակ է հղում: Վրաստանի հետ Կուր գետի պաշարների համատեղ կառավարման հարցում համաձայնություն այդպես էլ ձեռք չի բերվել՝ չնայած հարցի կարգավորմանը ներգրավվել է նաև Թուրքիան:
Հարավային Կովկասի ընդհանուր ջրային պաշարների ո՞ր մասն է կառավարվում Հայաստանի կողմից, հայ-ադրբեջանական սկզբունքային կարգավորման դեպքում այդ հարցը կարո՞ղ է երկկողմ կամ բազմակողմ քննարկման առարկա լինել:
Խմելու ջրի խնդիրը համաշխարհային է և սոցիալ-տնտեսականից զատ ունի քաղաքական մեծ նշանակություն: Որպես կանոն, նման դեպքերում պետությունները հասնում են փոխշահավետ կարգավորումների: Ադրբեջանի դեպքում, ինչ խոսք, պետք է վերապահ մոտեցում ունենալ: Այդուհանդերձ, Հայաստանի համար դեպի Ադրբեջան ջրային հոսքերի կառավարումը կարող է Ադրբեջանի հետ հարաբերությունների լուրջ լծակ լինել:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test