Սեպտեմբերի 8-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը երկրի խորհրդարանում պատգամավորների եւ կառավարության առջեւ ուղերձով դիմեց ժողովրդին։ Ղազախստանում նախագահի ուղերձներն ավանդաբար նվիրված են լինում հասարակության եւ պետության կյանքում կարեւորագույն հիմնախնդիրներին ու կատարման համար պարտադիր հանձնարարականներ են պարունակում կառավարությանը, իշխանության տեղական մարմիններին եւ համագործակցության հրավեր են քաղաքացիներին ու խորհրդարանին։ Այս տարի նախագահի ուղերձը նվիրված էր թվայնացմանը եւ արհեստական բանականությանը։ Կ․-Ժ․ Տոկաեւը նպատակադրվել է առաջիկա 3 տարում Ղազախստանը դարձնել թվային երկիր, ինչը սկսվելու է Թվային օրենսգրքի ընդունումով եւ արհեստական բանականության ու թվային զարգացման նախարարության ստեղծումով, որի հիմնական գործառույթը կենսագործունեության բոլոր ոլորտներում՝ տնտեսությունից մինչեւ պետական կառավարում, ԱԲ-ի ներդրումն է։ Հավակնոտ, բայց հարուստ ու կազմակերպված նման պետության համար իրականանալի ծրագրերը ներառում են թվային տենգեի (ազգային արժույթի) օգտագործումը բոլոր մակարդակների բյուջեներում, կրիպտոպահուստների պետական հիմնադրամի ստեղծումը եւն։ Բնականաբար, առաջնահերթությունը տրվելու է արդի տնտեսության կառուցվածքում էական տեղ գրավող վերամշակող արդյունաբերության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում ԱԲ-ի կիրառմանը․ այդ նպատակով Ալմաթիից մոտ 50 կմ հյուսիս գտնվող Ժետիգեն գյուղի հիման վրա կկառուցվի Ալաթաու Սիթ անունը կրող հատուկ կարգավիճակով նորարարական եւ լիովին թվային նոր քաղաք։
Կրթության համակարգը թվայնացման պահանջներին համապատասխանեցնելու նպատակով, դպրոցներում կուսուցանվի «Արհեստական բանականության հիմունքներ» առարկա, ուսանողների համար կգործի Ալ-Սանա (ղազախերեն sana՝ բանականություն) ծրագիրը։ Առանցքային նշանակություն է տրվելու հարկային համակարգում թվային տեխնոլոգիաների կիրառմանը՝ գործընթացների էական արագացման ու օպտիմալացման, վարչական ու բյուրոկրատական խութերի վերացման համար։ Երկրի կառավարության էներգետիկ ծրագրերում գերակա խնդիրը Բալխաշ լճի ափին կառուցվող ղազախական առաջին (բայց ոչ վերջին) ատոմային էլեկտրակայանի գործարկումն է 2035-ին։ Շինարարության կապալառուն «Ռոսատոմ» ռուսական պետական կորպորացիան է։
Որակական փոփոխությունների շեմին է Ղազախստանի տրանսպորտային-լոգիստիկ բնագավառը, շարունակվելու են «Արեւելք–Արեւմուտք» եւ «Հյուսիս–Հարավ» միջանցքների զարգացումը եւ փոխադրումների կոնտեյներացումը, կարտադրվեն նորագույն վագոններ, կկառուցվեն նոր օդանավակայաններ։ Հայտնի է, որ Ղազախստանը կարեւորագույն օղակ է Ասիայի եւ Եվրոպայի միջեւ։ Մասշտաբները պատկերացնելու համար նշենք, որ 2024-ին Ղազախստանի տարածքով բեռնափոխադրումների ծավալը կազմել է ավելի քան 1 մլրդ տոննա, եւ առկա են երկրի տարանցիկ ներուժի ավելացման հնարավորություններ, քանի որ «Հյուսիս-Հարավ» միջանցքն ապահովում է անմիջական մուտք Պարսից ծոցի եւ Հարավային Ասիայի շուկաներ, իսկ «Արեւելք-Արեւմուտքը» եւ չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գլոբալ նախաձեռնությունները, ըստ Կ․-Ժ․ Տոկաեւի, «ուժեղացնում են Ղազախստանի դերը՝ որպես Եվրասիայի հիմնական ցամաքային կամրջի»։ Այս ծրագրերի շրջանակում Ղազախստանը խոշոր շահույթ է ակնկալում Չինաստան-Ղազախստան-Կասպից ծով-Ադրբեջան-Վրաստան-Եվրոպա երթուղով անցնող Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքից եւ գործընկեր պետությունների հետ ստեղծելու է միջանցքի գործառնության մեկ միասնական համակարգ։ Այս ծրագիրը, ինչպես ուղերձում նշեց Ղազախստանի նախագահը, «ստանալու է թվային լուծումներ, առանց որոնց հնարավոր չէ ձեռք բերել արդյունավետություն»։
Ղազախստանում չեն թաքցնում թերությունները եւ խիստ քննադատության են ենթարկում բեռնափոխադրումների գործընթացի ձգձգումները, մատուցվող ծառայությունների ձեւակերպումները տարբեր թվային համակարգերով, երբեմն հին ձեւով՝ թղթերով վազվզելով, որոշ սահմանային եւ մաքսային կետերում որակյալ ինտերնետ հասանելիության բացակայությունը։ Ուստի նախագահ Տոկաեւը հանձնարարել է կառավարությանը՝ արագացնել արհեստական բանականության կիրառմամբ բեռնափոխադրումների կառավարման բազմաֆունկցիոնալ թվային հարթակի ներդրումը։
Ամփոփելով ընդգծենք, որ տրանսպորտի եւ դրան հարակից բնագավառներում Ղազախստանի հետ հաստատուն կապեր ստեղծելու նպատակով Հայաստանի ապագա իշխանությունների համար կարեւոր պետք է լինեն ոչ միայն գործընկերության եւ փոխշահավետ համագործակցության միջպետական հարաբերությունների եւ միասնական տնտեսական շուկայում գտնվելու հանգամանքները, այլեւ ուրվագծվող այն իրողությունը, որ ՔՊ-ական իշխանության ոչ կոմպետենտության ու ոչ նախաձեռնողականության պատճառով կովկասյան տարածաշրջանում Ղազախստանը նախապատվությունը տալիս է Հայաստանը շրջանցող Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղուն։
Արա Սահակյան
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test