««Զանգեզուրի միջանցքի» հանձնման գործընթաց է գնում, սակայն դա չի նշանակում, որ հենց այդպես էլ լինելու է»,- «Հրապարակի» հետ զրույցում ասում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Ռուսաստան՝ Իրան, նաեւ Ռուսաստանից Հնդկական օվկիանոս, Կենտրոնական Ասիա, Աֆղանստան, Պակիստան, Աֆրիկա դուրս գալու ճանապարհները նույնպես այս ամբողջ գործընթացով կտրում են։ Այս գործընթացի մեջ կա կարեւոր դետալ, որը կոչվում է «Զանգեզուրի միջանցք»: «Այս գործընթացն աշխատանքի մեջ է, այսինքն՝ ինքն ամեն օր միս ու արյուն է ստանում, դրա համար շրջանառվող տեղեկությունները՝ ՀՀ-ում արտահերթ ընտրությունների մասին, անիմաստ են: Սա վարչապետը չի որոշում՝ արտահերթ անցկացնի, թե ոչ, ինքն իրենից ոչինչ չի ներկայացնում: Այս գոտում «Զանգեզուրի միջանցքի» դերն առանձին նշանակություն ունեցող դետալ է, որում շահագրգռված են Թուրքիան, Բրիտանիան, Իսրայելի եւ Թուրքիայի կցորդ հանդիսացող Ադրբեջանը: Դրանք ունեն իրենց շահերը, որոնց աջակցում է Եվրամիությունը: Թուրքիան, բնականաբար, Զանգեզուրի միջանցքով անխոչընդոտ ճանապարհ է ստանում դեպի Կենտրոնական Ասիա եւ դառնում է նույնիսկ աշխարհի մակարդակով բավականին ազդեցիկ երկիր: Գլոբալիստներն այս տարածքը վերցնելուց ռեսուրսներ են տանելու՝ Կենտրոնական Ասիայի ռեսուրսները, նաեւ՝ Ռուսաստանի հյուսիս-հարավ ճանապարհն են փակում, դուրս են գալիս դեպի Իրանի հյուսիս, որտեղ եթե խնդիրներ առաջանան, Իրանի նավթագազային ռեսուրսներն էլ կտանեն։ Սա ռեսուրսների պայքար է: Բայց «Զանգեզուրի միջանցքն» այս կոնտեքստի մեջ մի պուճուրիկ դետալ է, որն իր նշանակությունն ունի»,- նկատում է քաղտեխնոլոգը:
«Զանգեզուրի միջանցքի» հարցում Իսրայելի շահագրգռվածությունը պայմանավորված է Իրանի հյուսիում անխոչընդոտ ռազմական բեռներ Ադրբեջան տեղափոխելու եւ Իրանին բզբզելու միտումով, Բրիտանիան էլ ցանկանում է Իրանն իր վերահսկողության տակ վերցնել եւ Իրանը՝ որպես ռեսուրսային բազա, ենթարկեցնել իրեն: Բացի դրանից, այս տարածքն անհրաժեշտ է նրանց՝ Ռուսաստանի դեմ գործողություններ իրականացնելու համար: «Այս տարվա փետրվարին Աբխազիայի ընտրություններին կհաղթեր Թուրքիայի թեկնածուն, եթե Ռուսաստանը չմիջամտեր: Իսկ այս տարածքի արեւելքում Ղազախստանն է, որը 7 հազար կիլոմետրանոց սահման ունի Ռուսաստանի հետ, եւ եթե նրանք Ղազախստանում ամրապնդվեն, իրենք Ռուսաստանը ներսից քանդելու պրոցես են իրականացնելու: Իսկ Ռուսաստանի տարածքում կան 75 տրիլիոն դոլար արժողությամբ հանքահումքային ռեսուրսներ, որոնք կանցնեն գլոբալիստների վերահսկողության տակ: Այս ամբողջ գործընթացի մեջ կար 2-3 խոչընդոտող դետալ՝ Հայաստանի կառավարությունը, Արցախը եւ Ադրբեջանն էր: 2018 թվականին փոխվեց Հայաստանի իշխանությունը, որովհետեւ կարող էին փոխել: Բերվեց մի իշխանություն, որը պետք է 3 կետ իրականացներ. առաջին՝ Արցախի հարցը փակեր, որպեսզի Ռուսաստանն ազդեցություն չունենար Անդրկովկասում։ Դա արվեց, Արցախի հարցն ամբողջովին փակեցին, երկրորդը «Զանգեզուրի միջանցքն» է տրվելու, որպեսզի այս թուրք-իսրայելա-բրիտանական տանդեմն անխոչընդոտ դուրս գա դեպի Կենտրոնական Ասիա: Սա հիմա տրվում է։ Այս պահին 50 տոկոսն արդեն տրված է, մնացել է մյուս 50-ը: Եվ երրորդ քայլը Ռուսաստանի հետ ռազմատնտեսական ներկայության չեզոքացումն է: Ռուս սահմանապահներն արդեն մասնակի հեռացել են, մնացել են Գյումրու ռազմական բազան եւ սահմանապահները: ՀԱՊԿ-ում եւ ԱՊՀ-ում Հայաստանը կասեցրել է իր մասնակցությունը՝ դա ռազմական եւ քաղաքական միության կասեցում է։ Եվ տնտեսական գործոնի չեզոքացումն է արդեն սկսվել՝ ՀԷՑ-ը վերցրել են Սամվել Կարապետյանի ձեռքից: 3 խոչընդոտ կար այս ճանապարհին՝ Հայաստանի իշխանությունը փոխվեց, Արցախի հարցը փակեցին, եւ վերջինն էլ Ադրբեջանն էր՝ օգոստոսի 8-ին, երբ Ադրբեջանը ստորագրեց Վաշինգտոնում այդ հռչակագիրը, ինքն ամբողջովին անցավ գլոբալիստների ճամբար»,- շեշտում է Բադալյանը:
Ռուսաստանն ու Իրանը լուռ հետեւում են այս գործընթացին, սակայն, երբ այն ավարտվի, այս տարածքն ամբողջությամբ վերածվելու է ՌԴ-ի ու Իրանի դեմ գործողությունների պլացդարմի՝ կարծում է քաղաքագետը: «Կա 2 տարբերակ․ եթե Իրանն ու Ռուսաստանը չեզոք դիտորդի դեր են ստանձնում՝ վերանում են, եւ երկրորդ տարբերակը՝ իրենք չեզոք դիտորդ չեն եւ միջամտում են: Ենթադրում եմ, որ երկրորդ տարբերակն է լինելու: Հիմա ինչո՞ւ Արցախի համար չմիջամտեցին, որովհետեւ Արցախն այդքան կարեւորություն չէր ներկայացնում, Սյունիքի այս տարածքն է կարեւոր՝ միջանցքը Սյունիքով է անցնում, Արցախով չէր անցնում: Արցախը միջանցքի դարպասն էր, դարպասը տվեցին՝ միջանցքը բացվեց, հիմա միջանցքը տվեցին, նշեցի, թե ինչ հսկայական տարածք է անցնում գլոբալիստների վերահսկողության տակ: Մի կարեւոր հանգամանք էլ շեշտեմ՝ Միացյալ Նահանգներն այլեւս այս խաղի մաս չի կազմում: Եթե անգամ Թրամփի ճանապարհ է կոչվում, չկարծեք, թե ԱՄՆ-ն այստեղ կա: Թրամփն ուրիշ խնդիր ունի՝ փակել բոլոր կոնֆլիկտները, իր հիմնական խնդիրը Չինաստանն է, եւ վերցնել Գրենլանդիան ու Կանադան՝ դուրս գալ Սառուցյալ օվկիանոս, իսկ այնտեղ հսկայական քանակի նավթագազային պաշարներ կան, որ կարող ես վերցնել քո հսկողության տակ»,- նկատում է քաղտեխնոլոգը:
Հիմա գնում է ռեսուրսային պատերազմ՝ գլոբալիստների թիրախն Իրանի ու Ռուսաստանի ռեսուրսներն են, ԱՄՆ թիրախը՝ Գրենլանդիան, Կանադան, Արկտիկայի ռեսուրսները եւ Չինաստանին ջարդելը, որպեսզի չխանգարի իրեն՝ այդ ռեսուրսներին տեր լինել: ԱՄՆ-ն հասկացավ, որ չի կարող բոլոր ճակատներում հաղթող լինել: «Ինչու եմ կարծում, որ Ռուսաստանն ու Իրանն անմասն չեն մնա. Մոլդովայում սեպտեմբերի 28-ին խորհրդարանական ընտրություններ են: Դրանց շատ ակտիվ մասնակցում է Եվրամիությունը, եւ շատ ակտիվ ազդում է Ռուսաստանի Դաշնությունը՝ տարբեր գործիքակազմերի միջոցով: Օգոստոսին Պուտինը ստորագրեց համապատասխան որոշում, որով ՌԴ նախագահի աշխատակազմում առանձին հատուկ վարչություն ստեղծեց, որը զբաղվելու է Մոլդովայով, Հայաստանով, Աբխազիայով եւ աֆրիկյան երկրներով, բայց հիմնականում զբաղվում է Մոլդովա, Հայաստան, Աբխազիայով: Հիմա, երբ ռուսական կողմն ակտիվ միջամտում է Մոլդովայի ընտրություններին, իսկ Մոլդովան հակառուսաիրանական տարածքի դարպասն է, Ռուսաստանը փորձում է ամեն ինչ անել, որ գլոբալիստները չհաղթեն: Չգիտեմ՝ դա իրեն կհաջողվի՞, թե՞ ոչ։ Եթե այնտեղ միջամտում է, ինչո՞ւ պիտի Հայաստանում չմիջամտի, բնականաբար՝ միջամտելու է: Դրա համար դիտարկել Հայաստանն առանձին սուբյեկտ, որ վարչապետը կարող է գնալ իր ցանկությամբ արտահերթ ընտրությունների, որի ներքաղաքական գործընթացները որոշվում են Հայաստանի իշխանությունների եւ ընդդիմության կողմից, ինքնին սխալ կոնցեպցիա է»,- եզրափակեց Արմեն Բադալյանը:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test