«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը, որ Երեւանի ավագանու անդամ է, նախօրեին նիստերի դահլիճից ազատ է արձակվել։ Նրա խափանման միջոց տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ։ Իսկ մեկ տարի առաջ էլ ՔԿՀ-ում կալանքի կրումն էին փոխարինել տնային կալանքով։ Սա, ըստ ամենայնի, քաղաքական բացատրություն ունի։ Նպատակն այն էր, որ «Հանրային ձայնի» ավագանու անդամները մասնակցեն Երեւանի ավագանու նիստերին՝ քվորում ապահովելու համար, քանի որ «Ազգային առաջընթաց» խմբակցությունից 3 անդամ զրկվել էր մանդատից, իսկ եթե «Հանրային ձայնն» էլ բոյկոտեր, քվորում չէր ապահովվի։
«Հանրային ձայն» խմբակցությունն այժմ բաժանված է 2 թեւի. Դոգի` Վարդան Ղուկասյանի թեւ եւ Արտակ Գալստյանի թեւ, որոնք հակամարտության մեջ են: Ղուկասյանի ավագանիները խմբակցությունից դուրս են եկել եւ ինքնուրույն են գործում, Գալստյանի թեւը համագործակցում է ՔՊ-ի հետ, եւ դրա շնորհիվ էլ նա 1 տարի առաջ ազատվեց կալանավայրից: Ա․ Գալստյանը, հիշեցնենք, մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի շորթում, խարդախություն, փողերի լվացում կատարելու մեջ։
Ըստ մի խումբ անձանց առաջադրված մեղադրանքի, շորթումներ եւ խարդախություն են կատարել մի քանի էպիզոդով․ «Արտակ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մասնակցել է Վարդան Ղուկասյանի կողմից ստեղծված եւ ղեկավարած հանցավոր կազմակերպությանը, Վ. Ղուկասյանի հետ նախնական համաձայնությամբ, հանցավոր կազմակերպության կազմում Տիգրան Արզաքանցյանից առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու դիտավորությամբ՝ Տիգրան Արզաքանցյանի եւ նրա մերձավորի մասին արատավորող, նրա իրավունքներին կամ օրինական շահերին վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքի եղանակով 2022 թ. մարտ ամսին Տիգրան Արզաքանցյանին հեռախոսազանգի միջոցով ներկայացրել է վերջինիս պատկանող առանձնապես խոշոր չափի գույք հանձնելու պահանջ, բացի այդ, Վարդան Ղուկասյանի, Սուսաննա Սարգսյանի եւ Հայկ Խաչատրյանի հետ հանցավոր կազմակերպության կազմում Էլիզա Բայրամյանից խարդախությամբ հափշտակել են խոշոր չափերի գույք, թաքցրել եւ խեղաթյուրել է հանցավոր ճանապարհով ստացված գույքերի ծագումը, ինչպես նաեւ՝ Վարդան Ղուկասյանի եւ Հայկ Խաչատրյանի հետ կատարել է գույքային պարտավորություն ստանձնելուն հարկադրելու փորձ, բացի այդ՝ հանցավոր կազմակերպության կազմում Շահեն Բազեյանից կատարել է առանձնապես խոշոր չափերի գույքի շորթում»։
Ի՞նչ հիմնավորմամբ է դատարանը մեղմ խափանման միջոց կիրառել Գալստյանի նկատմամբ՝ հարցրինք նրա փաստաբանն Հայկ Սարգսյանին: Ասաց՝ դատարանի որոշումը դեռ չունեն, սակայն. «Այդ կալանքը շատ ավելի վաղուց պետք է փոխված լիներ, որովհետեւ անհրաժեշտությունը չկար՝ անազատության մեջ պահելու»։
- Ծանր հոդվածներով, բազմաէպիզոդ հանցանքների մեջ մեղադրվող մարդուն նախ տնային կալանք տվեցին, հետո՝ ավելի մեղմ․ սա պրակտիկայում հաճա՞խ է հանդիպում։
- Տեսեք, մեղադրանքի ծանրությունը խափանման միջոցի հետ առհասարակ կապ չունի, մենք ունեցել ենք դեպքեր, երբ սպանության մեղադրանքով մարդիկ ազատության մեջ են եղել։ Ինչ վերաբերում է Արտակ Գալստյանին, ապա նա 2016 թվականին ձերբակալվեց, կալանավորվեց, 2 տարի 1 ամիս կալանքի տակ գտնվեց՝ էլի առանձնապես խոշոր չափի շորթում էր հոդվածը, վերջում էլ այդ մարդն արդարացվեց։
- Հիմա այս գործով է՞լ եք արդարացում ակնկալում դատարանից։
- Ես համոզված եմ, որ Արտակ Գալստյանն այս գործով արդարացվելու է։
- Նրա դեմ ցուցմունք տված անձինք կա՞ն։
- Կան ցուցմունքներ տվողներ, բայց դրանք արժեք չունեն։
- Այս գործով մեկ կին եւ այլ անձինք էլ են անցնում, նրանց նկատմամբ ի՞նչ խափանման միջոց է ընտրվել։
- Սուսաննա Սարգսյանի նկատմամբ ընտրված է վարչական հսկողություն, ես եմ պաշտպանում։
- Իսկ Հայկ Խաչատրյանի՞։
- Հայկ Խաչատրյանը կալանքի տակ է։
- Նա, ըստ մեղադրանքի, Սուսաննա Սարգսյանի հետ հափշտակել է խոշոր չափի գույք, թաքցրել է դրանք։ Ինչպե՞ս է ստացվել, որ նույն արարքը միասին են կատարել, բայց Հայկ Խաչատրյանը կալանքի տակ է, Սուսաննա Սարգսյանը՝ ոչ։
- Հայկ Խաչատրյանի վերաբերյալ մի քանի այլ դրվագներով մեղադրանքներ կան, իր մասն անջատված է, առանձին է քննվում, առանձին դատական կազմով, եթե չեմ սխալվում՝ մոտ 7-8 դրվագ խարդախություններ կան, մնացածը չեմ կարող ասել, որովհետեւ ես այդ մարդու պաշտպանը չեմ։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test