Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ»․ Փաշինյանի նոր հեքիաթը՝ սահմանային հսկողության մասին hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ»․ Փաշինյանի նոր հեքիաթը՝ սահմանային հսկողության մասին

Արդյոք ադրբեջանցիները մեր տարածքով անցնելիս տեսնելո՞ւ են հայի «դեմք», թե՞ ոչ: Փաշինյանը բացասական պատասխան է տալիս այս հարցին, ոչ՝ ՀՀ սահմաններին լինելու է 21-րդ դարին հարիր մաքսային եւ սահմանային հսկողություն, երբ մաքսավորը, սահմանապահը չեն տեսնելու նրան, ում ստուգում են:

Նա նախօրեին համոզում էր. «Այսօր բազմաթիվ երկրներում, Բրիտանիայում, Նահանգներում, Արաբական Միացյալ Էմիրություններում այդ երկրների սահմանապահները չեն ստուգում իրենց երկիր մտնող անձանց անձնագրերը: Այդ երկիր մտնող անձանց անձնագրերը ստուգում է գործիքը, սարքավորումը: Նույնիսկ համացանցում դա կարելի է տեսնել ամեն օր: Ես ասում եմ, որ մենք Հայաստան-Վրաստան, Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Իրան սահմանին, մեր օդանավակայանում, մեր քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների համար պետք է այդ կարգավորումը մտցնենք, այդ մեթոդը, որ դու պետք է մարդուն ձեռք տաս, պիտի հոտոտես մարդուն, ականջը քաշես, մազերը քաշես, տեսնես՝ իսկական ա, թե՝ չէ: Չպետք է լինի մեր սահմաններին ոչ մեկի հետ այդպես եւ չի լինելու»: Եվ բերում է Դուբայի օրինակը, որտեղ, ըստ վարչապետի, եղել են բոլորը, եւ որտեղ վաղուց սահմանային հսկողության գերժամանակակից տեխնոլոգիա է կիրառվում: Իհարկե, Դուբայ մեկնած ոչ մի հայ նման բան չի տեսել: Ավելին, մարդիկ ասում են, որ սա նրա հերթական բլեֆն է, որ նման տեխնոլոգիական առաջընթացի համար նվազագույնը պետք է տվյալների միասնական բազա լինի երկու երկրների միջեւ, որ էլեկտրոնային նույնականացում կատարվի, ինչը չկա եւ դեռ երկար չի կարող լինել: Սահմանին չեն ստուգում միայն շենգեն գոտու երկրներում, այն էլ` բացառապես շենգեն երկրների քաղաքացիներին:

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն ասում է, որ ինքը չի եղել Դուբայում, չգիտի, թե այնտեղ ինչպես են անձնագրային հսկողություն անցնում, բայց չի բացառում, որ քաղաքացին կարողանա անձնագրային ստուգում անցնել առանց աշխատակցի միջամտության: «Եթե մարդն ունենա լիարժեք բիոմետրիկ անձնագիր, սահմանն անցնելուց միանգամից երեւան նրա անձնագիրը, մատնահետքը, բիոմետրիկ լուսանկարը, եթե նա հանգիստ կամերայի առաջ կանգնում է, համեմատվում են անձնագրի նկարը եւ նրա դեմքը, համեմատվում է մատնահետքը, ապա չեմ կարծում, որ այստեղ խնդիր լինի, սա անիրականանալի բան է: Ամբողջ աշխարհում հիմա տեխնոլոգիաների դարաշրջան է: Սուպերմարկետներում նախատեսում են առանց վաճառողի առեւտուր անել, սահմանին չի՞ կարող լինել»,- հարցնում է անձնագրայինի նախկին պետը: «Հարցը կվերաբերի այն անձանց, որոնք դրսում անցում են կատարել բիոմետրիկ համակարգի, որն ավելի շատ իդենտիֆիկացիոն տվյալներ ունի, քան մեր անձնագրերը: Սահմանապահները, ըստ էության, ստուգում են անձնագրի պատկանելությունը անձնագիրը ներկայացնող անձի: Բնականաբար, եթե անձը եղավ հետախուզման մեջ, սեւ ցուցակներում, ապա լույս կվառվի, եւ կձերբակալեն նրան»,- ասում է Մնացական Բիչախչյանը:

- Ենթադրենք, ադրբեջանցիները բեռ են անցկացնում Սյունիքի միջանցքով, մենք մաքսային հսկողություն ենք իրականացնում, հնարավո՞ր է, որ բեռի տերը չտեսնի մեր մաքսավորի դեմքը:

- Այնպիսի հարց եք տալիս... մեր պրակտիկայում չի եղել նման բան, չեմ կարող ասել:

- Լավ, իսկ Դուք ինչպե՞ս եք անցնում հսկողությունը` որպես բրոքեր:

- Սովորաբար այսպես է․ եթե ՊԵԿ-ն ուզում է զննություն կատարել, մեզ ծանուցում է, որ էսինչ ժամին մեզ հրավիրում է էսինչ պահեստը զննում կատարելու, մինչեւ մենք չգնանք այնտեղ, առանց մեզ զննում չի կատարվում: Կա՛մ մենք ենք գնում` որպես մաքսային բրոքեր, կա՛մ էլ բեռի տերը, իր ցանկությամբ: Մենք սա գիտենք: Թե հետագայում ոնց կլինի, չեմ կարող ասել:

- Ձեզ հայտնի՞ է մի երկիր, որտեղ կարելի է մաքսային հսկողությունն անցնել՝ առանց մաքսավորին տեսնելու: Ասենք, մեքենաներն անցնեն ապարատների միջով ու չտեսնեն մաքսավորին:

- Ոչ, ես տեղյակ չեմ:

«Մաստեր Բրոկ» ՍՊԸ բրոքերներից մեկն ասաց, որ երեկ ինքն էլ է լսել վարչապետի ելույթը եւ շատ զարմացել. «Մենք էլ ենք լսել, շատ ապշած ենք եւ զարմացած, թե ինչպես կարող է նման բան լինել: Պետք է պարտադիր շփվես մաքսավորի հետ»: Իսկ հնարավո՞ր է, որ որեւէ այլ երկրում նման փորձ լինի, ձեզ հայտնի՞ է նման երկիր: «Ես որքան գիտեմ, բոլոր երկրներում ընդունված կարգ է, որ առանց բեռի տիրոջ բեռն իրավունք չունեն բացելու, ու երբեք չի լինում, որ բոլորը հարթ, առանց որեւէ ստուգման անցնեն-գնան»: Հարցին, թե, իր կարծիքով, որքան ժամանակ կպահանջվի, որպեսզի մենք ունենանք մաքսային հսկողության ոչ կոնտակտային ձեւ, որ բոլոր մեքենաներն անցնեն սարքերի միջով, ու մաքսավորի կարիք չլինի, բրոքերը, որը բավականին երիտասարդ է, պատասխանեց. «Երեւի ես ողջ չեմ լինի»:

Ինչպես հայտնի է, վարչապետի նոր հեքիաթը՝ սահմանային հսկողության մասին, բուռն քննադատության արժանացավ մասնագետների, ընդդիմության կողմից: «Սա ադրբեջանցիների համար պռախադնոյ դվոռ ա լինելու»,- բնորոշեց ԱԺ պատգամավոր Ագնեսա Խամոյանը: «Եվրոպական երկրների օրինակը բերելուց պետք է հաշվի առնել, որ նկարագրված համակարգերն աշխատում են հենց կենսաչափական տվյալները կարդացող եւ նույնականացնող ընդհանուր բազայի միջոցով։ Մինչ այսօր ՀՀ-ի անձնագրերն այդպիսի էլեկտրոնային ընթացակարգերին չեն համապատասխանում, էլ ուր մնաց, որ համակարգն աշխատի ադրբեջանա-հայկական սահմանն անցնողների համար»,- գրել է Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Ըստ հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի էլ, Փաշինյանը հերթական անգամ ստում ու մանիպուլացնում է, եթե նրա ասածն իրականանա, Հայաստանը կդառնա տարածաշրջանային մոթել: «ԱՄՆ-ում չեն ստուգում միայն երկրի ներսում թռիչքների դեպքում: ԵՄ տարածքում չեն ստուգում, երբ ԵՄ անդամ երկրի քաղաքացին ճամփորդում է ԵՄ տարածքում: Մնացյալ բոլոր դեպքերում ստուգումը պարտադիր է: Ավելին, նշածս բոլոր երկրներում հատուկ առանձնացված անցակետեր կան քաղաքացիների եւ օտարների համար»,- գրում է նա:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test