Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ»․ Աղստեւի հունն ավերած գինու գործարանը թանգարան է բացում hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ»․ Աղստեւի հունն ավերած գինու գործարանը թանգարան է բացում

Այս տարվա օգոստոսի 2-ին Հանրային հեռուստաընկերության առավոտյան եթերում Իջեւանի գինու, կոնյակի գործարանի տուրիզմի բաժնի համակարգող Մանանա Մեհրաբյանը հայտարարեց, որ մեկ ամսից իրենց գործարանում թանգարան է գործելու, որը հովանավորում է Իջեւանի Գետահովիտ գյուղի քարանձավներում անցկացվող հնագիտական պեղումները, «Գետահովիտ-2» ծրագիրը: Ասաց, որ հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերված գտածոները տեղ կգտնեն իրենց գործարանի թանգարանում։

Հարց ծագեց` գինու, կոնյակի գործարանն ի՞նչ իրավունք ունի հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերված գտածոները գործարանում ցուցադրելու։ Մանավանդ, որ այդ ձեռնարկության գործունեությունը շրջակա միջավայրի հանդեպ հոգատարությամբ չի համակված։ 2020-ից Իջեւանի գինու, կոնյակի գործարանի կողմից ապօրինի կերպով Աղստեւ գետի հունը փոխելու, գետի հունում երկար ու մեծ բետոնե պատ կառուցելու հետեւանքով դենդրոպարկը մնացել է առանց ոռոգման ջրի, այգում չորացել են շուրջ 25 հազար տնկի, 1500-ից ավելի հազվագյուտ, արժեքավոր ծառ ու թուփ, որոնցից մոտ 250 տեսակը դենդրոպարկում արդեն վերացել է։ 2023թ․ փետրվարի 2-ին «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն (այժմ՝ նախկին) Լեւոն Գաբրիելյանի եւ Իջեւանի գինու, կոնյակի գործարանի միջեւ կնքվել է վարձակալության պայմանագիր, 5,7 հա տարածքը, որը դենդրոպարկի մաս է, հատկացվել է գինու, կոնյակի գործարանին՝ հանգստի գոտու վերածելու նպատակով։

«Արգելապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ է գտնվում Իջեւանի դենդրոպարկը։ Այդ ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Լեւոն Տեր-Ներսիսյանին հարցրի՝ Իջեւանի գինու, կոնյակի գործարանն ունի՞ բուսաբան-մասնագետներ, որպեսզի նրանք այդ 5,7 հեկտար այգու հազվագյուտ, արժեքավոր ծառերի պահպանություն եւ խնամք իրականացնեն։ Լեւոն Տեր-Ներսիսյանի պատասխանում նշված է․ «Պայմանագրի 2-րդ կետի մյուս պայմաններով Վարձակալը պարտավոր է չիրականացնել կառուցապատման աշխատանքներ, չվնասել տարածքում աճող ծառաթփերն ու ՀՀ Կարմիր գրքում գրանցված բուսատեսակներն ու կենդանիները, ժամանակին կանխել բուսական եւ կենդանական աշխարհի վնասատուների ու հիվանդությունների տարածումը»։

Անտրամաբանական է, որ գինու գործարանը կարողանա «ժամանակին կանխել բուսական եւ կենդանական աշխարհի վնասատուների ու հիվանդությունների տարածումը»։ Իջեւանի գինու, կոնյակի գործարանն առանց շինթույլտվության հենապատ կառուցելու համար 2021թ․ մարտի 29-ին տուգանվել է 200 հազար դրամի չափով․ 2021թ․ հուլիսի 14-ին երկրորդ անգամ է ենթարկվել վարչական պատասխանատվության՝ 2 միլիոն 500 հազար դրամի չափով։ 2021թ․ հոկտեմբերի 15-ին Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական լիազորությունների չարաշահում, եւ 290 հոդվածի 1-ին մասով` հարկերը չվճարելը, քրեական վարույթ է նախաձեռնվել։ 2024 թ․ հունվարի 9-ին հարցում եմ ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, թե Աղստեւ գետի հունն ավերելու, ապօրինի մեծ պատ կառուցելու, Իջեւանի դենդրոպարկին պատճառված վնասների վերաբերյալ քրեական գործով նախաքննություն կատարվո՞ւմ է, այդ գործով որեւէ մեկին մեղադրանք առաջադրվե՞լ է, այդ գործով դատախազական հսկողություն իրականացվո՞ւմ է։ 2024թ․ հունվարի 24-ին Գլխավոր դատախազությունը պատասխանել է, որ այդ քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում, բայց մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք չկան։ 2024թ. սեպտեմբերի 24-ին էլ հարցում եմ ուղարկել Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին։ Սեպտեմբերի 26-ին ստացել եմ Քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կ․ Շառոյանի պատասխանը, որտեղ նշված է․ «Ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեի նախագահին ուղղված հարցման, հայտնում եմ, որ Ձեր կողմից նշված քրեական վարույթը ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունից ուղարկվել է Տավուշի մարզի դատախազություն՝ նախաքննության հետագա կատարումն ըստ քննչական ենթակայության փոխանցելու հարցը քննարկելու նպատակով»։

Քրեական գործը ՔԿ-ից հետո փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտե, սակայն քրեական գործով մեղադրվողներ չկան։ Անցած 4 տարում իրավապահներն այդպես էլ չհայտնաբերեցին Աղստեւի հունն ավերողին, այդ հունում ապօրինի մեծ պատ կառուցողին։ Իջեւանից հայտնում են, որ Իջեւանի գինու գործարանի հետ սերտ առնչություններ, բիզնես հետաքրքրություններ ունի Նիկոլ Փաշինյանի հետ երկար տարիներ ընկերություն անող Հայաստանի հայտնի մեծահարուստներից մեկը։ Իջեւանից հայտնում են նաեւ, որ Իջեւանի գինու, կոնյակի գործարանը մոտ երկու տարի առաջ գնել է գինու գործարանից ոչ հեռու գտնվող «Մարմար» ռեստորանը, վերջերս էլ գնել է այդ ռեստորանի հարակից տարածքում գտնվող հյուրանոցը եւ այնտեղ վերակառուցման աշխատանքներ է կատարում։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test