Երևանի և Բաքվի միջև համաձայնագրի ստորագրումը սպասվում է 2026 թվականի առաջին կեսին. Ֆիդան
sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը սպասվում է 2026 թվականի առաջին կեսին։ Ինչպես հաղորդում է
Anadolu-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Հռոմում Միջազգային հարաբերությունների ինստիտուտի (IAI) կազմակերպած համաժողովի ժամանակ հարցերին պատասխանելու ժամանակ։
Ֆիդանի խոսքով՝ 44–օրյա պատերազմից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «պատմական ռիսկի է դիմել խաղաղության և Ադրբեջանի հետ հարաբերությունների առումով»։
«Հենց որ ստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը, մենք նույնպես արագ կկարգավորենք հարաբերությունները Հայաստանի հետ», - ասել է թուրքական դիվանագիտության ղեկավարը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։