2023 թ. հոկտեմբերի 16-ին քաղաքապետարանի գործակարգավարական նիստում Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, թե բենզալցակայանների կողքին այլեւս չենք կարող ապրել․ «Բնակելի շենքերին մոտ գտնվող բենզալցակայանների կյանքը մեր քաղաքում այլևս չպետք է շարունակվի, որովհետև դա, նախևառաջ, վտանգավոր է, երկրորդը՝ հազար ու մի տեսակի այլ խնդիրներ է առաջացնում»։ Այս հայտարարությունից անցել է 2 տարի, որոշ տեղերում, իհարկե, ապամոնտաժվել են բենզալցակայանները, բայց իրավիճակը մեծ հաշվով նույնն է՝ բնակելի շենքերի կողքին բազմաթիվ բենզալցակայաններ են շարունակում գործել։
Այսպես, օրինակ, Երեւանի Կենտրոնում՝ Ֆրիկի 15 հասցեում օրենքի խախտմամբ բենզալցակայան է գործում։ Ավտոտնակում գործող այս բենզալցակայանի կողքին բնակելի բարձրահարկ շենքեր եւ մարկետներ են։ Թաղում լավ գիտեն՝ սա խորհրդարանին մոտ է գտնվում եւ սրանից երբեմն օգտվում են Ազգային ժողովի աշխատակազմի ավտոմեքենաները, նաեւ՝ ԱԺ նախագահին սպասարկող մեքենաներն են այստեղ լիցքավորում։
«Հրապարակ»-ն այցելեց այդ բենզալցակայանի տարածք։ Ավտոտնակի դարպասներին, լիցքավորման սարքի վրա գրված է «Ֆլեշ», առաջին տպավորությամբ այստեղ գործունեություն է ծավալում հայտնի «Ֆլեշ» ընկերությունը։ Երբ նկարում էինք, նախ մի տղամարդ մոտեցավ՝ հարցնելով, թե ինչու եք նկարում, ապա երկրորդը եկավ՝ պահանջելով բացատրություն։ Մեր հարցին՝ թե թույլտվություն ունե՞ն գործելու, նրանցից մեկը պատասխանեց՝ այո, համապատասխան թղթերն ունեն, սակայն հրաժարվեց դրանք մեզ ցույց տալ․ «Պատկան մարմիններին ցույց ենք տալիս, երբ գալիս են»։ Նկատեցինք, որ անօրինական գործունեություն են ծավալում, բնակելի շենքերի կողքին, տղամարդն ագրեսիվացավ. «Մենք ստեղ բոլորի թույլտվությունն ունենք»։
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին դիմեցինք այս լցակայանի հարցով: Պարզվեց, որ սա բավականին հայտնի բենզալցակայան է, մի քանի անգամ՝ փակված-բացված․ «Այս հասցեի բենզալցակայանի գործունեությունը մենք դադարեցրել ենք, մեկ անգամ դատարանը դադարեցման որոշումը կասեցրել է, երկրորդ անգամ գործառույթ ենք իրականացրել՝ դադարեցման որոշում է կայացվել, մեր որոշումն ուղարկվել է Հարկադիր կատարման ծառայություն, որ նրանք կապարակնքեն»։ Մեզ նաեւ փոխանցեցին, որ այստեղ գործունեություն է իրականացնում «Արթուր Սարգսյան» ԱՁ-ն, որի բենզալցակայանը վաճառում է «Ֆլեշ» ընկերությանը բենզինը։
Հարկադիր կատարման ծառայությունից էլ ասացին, թե փակելու մասին տեսչականի որոշումն իրենք ստացել են, գործողությունն իրականացվելու է երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 15-ին։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test