Սևանից հավելյալ 30 մլն խմ ջուր բաց կթողնվի. նախարարը ներկայացրեց նախագծի հրատապությունը
sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik․ Սևանա լճից այս տարի ոռոգման նպատակով ջրառի չափաքանակը թույլատրելի 170 մլն խմ–ից ավելացվեց մինչև 200 մլն խմ։ ԱԺ–ն այսօր 2–րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, օգտագործման տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Ի դեպ, այս նախագիծը ԱԺ քննարկման էր ներկայացվել արտահերթ նիստով և 24 ժամյա ռեժիմով. 1–ին և 2–րդ ընթերցումները տեղի ունեցան նույն նիստի ժամանակ։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց նախագծի հրատապությունը` տևական չոր և շոգ եղանակով պայմանավորված` Մարմարիկ, Հրազդան, Քասախ և Ազատ գետերում կտրուկ նվազել է ջրի հոսքը, և ջրապահանջը լրացնելու նպատակով ինչպես ջրամբարներից, այնպես էլ Սևանա լճից իրականացվել է պլանավորվածից վաղ ջրբացթողումներ (նախորդ տարվա համեմատ շուրջ 10 օր)։
«Ոռոգման ջրի պահանջարկի, ջրաղբյուրների, ջրառաջարկի և առկա իրավիճակի վերլուծության արդյունքում հանգել ենք Սևանա լճից լրացուցիչ 30 մլն խմ ջրաքանակ վերցնելու անհրաժեշտությանը։ Հարկ եմ համարում շեշտել, որ մենք, ինչպես բոլորը, մտահոգ ենք Սևանա լճի պահպանության հարցով` որպես ռազմավարական ջրային պաշար, սակայն Արարատյան դաշտի ինտենսիվ ոռոգվող հողատարածքներում այլ ջրաղբյուրների բացակայությամբ պայմանավորված` անհրաժեշտություն է առաջացել կատարել նշված փոփոխությունը»,– հայտարարեց նախարարը։
Խուդաթյանը վստահեցրեց, որ ջրառի չափաքանակի ավելացումը նորություն չէ, ու նախորդ տարիներին եղել են դեպքեր, երբ ջրառի չափաքանակը հասել է մինչև 227 մլն խմ–ի, 228 մլն խմ–ի, 266 մլն խմ–ի, 169 մլն խմ–ի։
Թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր պատգամավորները կասկածներ հայտնեցին, որ այս նախագիծը ոչ միայն անբարենպաստ եղանակով է պայմանավորված, այլև նախօրեին ջրային ոլորտում տեղի ունեցած
պաշտոնանկություններով, որոնք պատգամավորները որակեցին որպես վատ կառավարման արդյունք։
Հիշեցնենք` օգոստոսի 14–ի նիստի ժամանակ ՀՀ կառավարությունը
որոշում ընդունեց, որ 2025 թվականին Սևանա լճից ոռոգման համար բաց կթողնվի մինչև 170 մլն խմ ջուր։ Որոշման մեջ նշվել է նաև, որ օգոստոսի 1–ից մինչև ոռոգման սեզոնի ավարտը համակարգին անհրաժեշտ է լրացուցիչ 157 մլն խմ ջուր, որից 64.39 մլն խմ պետք է վերցվի Սևանա լճից։
Հավելենք` օրենքով սահմանված է, որ ամեն տարի Սևանից կարելի է 170 մլն խմ ջրառ իրականացնել։