Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը հինգշաբթի օրը խորհրդարանում փակ գաղտնի քվեարկությամբ` 65 կողմ ձայնով ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր: Արմեն Դանիելյանը նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամ է:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ներկայացնում էր, թե ում վերաբերյալ է Դանիելյանը որոշում կայացրել. - «Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, մեր խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյան, «Հայաքվե» միավորման ղեկավարներից Ավետիք Չալաբյան, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյան, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյան. էս բոլոր քաղաքական հիմքով կալանքի դեմ բողոքների մերժումը՝ Արմեն Դանիելյանի ձեռքով»: Մանուկյանը զարմանում էր, թե ինչպես կարելի էր նման դատավորին Վճռաբեկ դատարան տանել, սակայն ընդդիմադիր պատգամավորն իշխող մեծամասնությանը աղաչեց նրան ընտրել. «Որովհետև փաստաբանական ամբողջ ընտանիքը երջանիկ կլինի, որովհետև վերջապես Վերաքննիչում կալանքի դատավոր Արմեն Դանիելյանը այլևս չի լինի»: Ընդդիմադիր Քրիստինե Վարդանյանն էլ հիշեցրեց Դանիելյանին, որ նրա կայացրած որոշումներից մեկով այսօր գործ կա Եվրոպական դատարանում՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության, քանի որ դատավորն, ըստ պատգամավորի, որոշում էր կայացրել առանց պաշտպանական կողմին լսելու. «Չեք թողել, որ պաշտպանական կողմը խոսի»: «Հայաստան» խմբակցությունից Ագնեսա Խամոյանն էլ մի տեսանյութ ցուցադրեց խորհրդարանում՝ հիշեցնելով դատավորին, թե ինչ էր նրա մասին ժամանակին ասում Նիկոլ Փաշինյանը՝ մինչև հեղափոխությունը: Չնայած դրան` իշխանության գալով ինքն էլ սկսեց օգտվեն արմենդանիելյանների ծառայություններից: Այդ ժամանակ՝ 2012 թվականին, դատավոր Դանիելյանը դատում էր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներին: Դանիելյանի` Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրվելու հանգամանքը նաև քննարկման առիթ է տվել իրավաբանական հանրույթին:
Նախկին դատավոր, փաստաբան Աննա Փիլոսյանին «Հրապարակը» հարցրեց` ի՞նչ կարծիքի է Դանիելյանի` Վերաքննիչ դատարանից Վճռաբեկ դատարան տեղափոխվելու մասին, իշխանությունների սրտի դատավորը ո՞ր ատյանում կարող է լինել ավելի վտանգավոր: Փիլոսյանը նկատեց. «Արմեն Դանիելյանի նշանակման մասին կասեմ, որ նրա` Վճռաբեկ դատարանի դատավոր նշանակվելը ուղիղ ցույց է տալիս, որ դատավորի պաշտոնն այսօր առուծախի առարկա է և նրա ծավալած գործունեությունը, թե ԲԴԽ-ում, թե Վերաքննիչ քրեական դատարանում ցույց են տալիս, թե այժմ ինչ գին է հարկավոր վճարել Վճռաբեկ դատարանում դատավորի կարգավիճակով հայտնվելու համար: Առհասարակ մասնագիտական համայնքի արձագանքը միայն բավական է հասկանալու համար, թե ում մասին է խոսքը: Ի դեպ` հանրային արձագանքը նույնպես»:
Փաստաբան Վահե Եփրիկյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Ինչպես ասում են` երբ Աստված մի դուռ փակում է, բացում է այլ դուռ: Փաստաբանների և առհասարակ արդարադատության համար Արմեն Դանիելյանի` Վճռաբեկ դատարան գնալը կարելի է ասել, որ Աստված մի դուռ փակեց, սակայն այն, որ այդ մարդը չի լինելու Վերաքննիչում ցույց է տալիս, որ Աստված մի դուռ բացեց: Վերաքննիչում արդարադատություն իրականացնելու շանսերը զգալիորեն աճում են, քանի որ այնտեղ չի լինելու Արմեն Դանիելյանը, ընդ որում` խոսքը միայն քաղաքական գործերի մասին չէ: Նա չի փայլում նաև ապաքաղաքական արդարադատություն իրականացնելիս: Մյուս կողմից շանսերը նվազում են Վճռաբեկ դատարանում` արդարադատություն իրականցնելու գործում: Վճռաբեկ դատարանը վերջին ատյանն է: Արմեն Դանիելյանը գնահատելու է առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների դատավճիռները: Արդարադատությունն անպատկերացնելի տխուր իրավիճակում է այս առումով: Մենք արդարադատություն ակնկալող սուբյեկտներս ունենալու ենք խնդիր Վճռաբեկ դատարանում: Իշխանությունը Վերաքննիչ դատարանում նոր Արմեն Դանիելյան պետք է հայտնաբերի, սրանում ես կասկած չունեմ: Վստահ եմ, Վերաքննիչ դատարանում էլ քիչ չեն այնպիսի դատավորները, ովքեր պատրաստ են իշխանությանը լոյալություն դրսևորել: Արմեն Դանիելյանը հայտնի է շատ վաղուց: Նա բոլոր քաղաքական հետապնդումների «մահախոսական» կարդացողն է: Իրավիճակն այնտեղ է հասել, որ անգամ Սամվել Կարապետյանի գործով պաշտպաններն իրենց բողոքը հետ վերցրին, իմանալով, որ Դանիելյանին է գործը մակագրված»:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test