Գուցե ուզում եք զբաղվել ձեր հոբբիներով կամ ընկերների հետ ժամանակ անցկացնել, բայց նախկինի պես ոչինչ նույնքան հետաքրքիր եւ գրավիչ չի թվում, ուստի պարզապես եւս մեկ ժամ վատնում եք սոցցանցերում։ Ձեր խնդիրը թերեւս դոֆամինի մակարդակն է։Աշխարհի բոլոր ծայրերում մարդկանց մատուցում են այնպիսի լրատվամիջոցներ, զբաղմունքներ եւ սնունդ, որոնք բարձրացնում են դոֆամինի մակարդակը եւ խախտում հավասարակշռությունը, եւ դա կարող է ազդել մարդու հոգեկան առողջության վրա: Խնդիրն ուսումնասիրել է Սթենֆորդի համալսարանի բժշկական դպրոցի հոգեբուժության եւ վարքային գիտությունների պրոֆեսոր, Կախվածության կրկնակի ախտորոշման կլինիկայի ղեկավար եւ «Դոֆամինային ազգ. գտնել հավասարակշռություն հաճույքների դարաշրջանում» գրքի հեղինակ Աննա Լեմբկեն։CNN-ը նրա հետ զրուցել է այն մասին, թե ինչ է դոֆամինը, ինչպես է այն գործում եւ ինչպես գտնել ավելի լավ հավասարակշռություն։- Ի՞նչ է դոֆամինը։- Դոֆամինը քիմիական նյութ է, որն արտադրում ենք ուղեղում։ Այն նեյրոհաղորդիչ է։ Նեյրոհաղորդիչները թույլ են տալիս կատարել էլեկտրական շղթաների նուրբ կարգավորում։ Ըստ էության, մեր ուղեղը էլեկտրական շղթաների խումբ է, նեյրոնների տեսքով լարերի թնջուկ, որոնք անցկացնում են էլեկտրական ազդանշաններ, որոնք թույլ են տալիս մշակել տեղեկատվությունը, այսինքն՝ իրացնել մեր ուղեղի աշխատանքը։ Դոֆամինն ունի բազմաթիվ գործառույթներ, բայց վերջին 75 տարիների ընթացքում այն ճանաչվել է որպես հաճույքի, պարգեւատրման եւ մոտիվացիայի հիմնական դերակատար։ Դոֆամինը այդ գործընթացի միակ նեյրոհաղորդիչը չէ, բայց նյարդաբանների համար այն դարձել է տարբեր նյութեր եւ վարքագծեր խթանող ներուժը չափելու ընդունված միջոց։- Ինչպե՞ս է դոֆամինն ազդում մեր հոգեկան առողջության վրա։- Այն կենտրոնական դեր է խաղում կախվածության ֆենոմենոլոգիայում։ Կախվածությունը ուղեղի հիվանդություն է, երբ որոշակի պարգեւատրման ուղու, ուղեղի որոշակի շղթայի կարգավորում խախտվում է, իսկ դոֆամինը կարեւոր դեր է խաղում ուղեղի պարգեւատրման ուղու մեջ։Երբ մենք անում ենք ինչ-որ հաճելի բան, պարգեւատրման ուղու մեջ դոֆամին է արտազատվում եւ ասում մեր ուղեղին. «Օ՜, այս բանը պետք է ավելի շատ անես։ Դա կարեւոր է գոյատեւման համար»։Մեր կողմից ստեղծված եւ այժմ հասանելի խիստ խթանող նյութերն ու վարքագծերը գերծանրաբեռնում են համակարգը։ Նրանք պարգեւատրման ուղու մեջ միանգամից այնքան շատ դոֆամին են արտազատում, որ ուղեղը ստիպված է հարմարվել կամ կոմպենսացնել՝ ճնշելով դոֆամինի փոխանցումը։Արդյունքում ժամանակի ընթացքում կարող ենք ունենալ դոֆամինի քրոնիկ անբավարարություն, քանի որ էապես փոխել ենք ուրախություն զգալու սահմանը։ Հիմա մեզ ավելի շատ եւ ավելի հզոր պարգեւատրում է պետք՝ ոչ թե լավ զգալու, այլ պարզապես վատ չզգալու համար։ Իսկ երբ մենք զրկված ենք մեր «թմրանյութից», զգում ենք կախվածություն առաջացնող նյութից կամ վարքից հրաժարվելու համընդհանուր ախտանիշներ՝ անհանգստություն, դյուրագրգռություն, անքնություն, ընկճվածություն եւ տենչանք։- Ի՞նչն է դոֆամինային պակասորդ առաջացնում։- Դոֆամինն արտազատվում շատ տարբեր դեպքերում, այդ թվում՝ սովորելու կամ ընկերների հետ ժամանակ անցկացնելու ընթացքում:Խնդիրը նրանում չէ, որ դոֆամինը չարագործ է կամ որ դոֆամինի արտազատումը վնասակար է՝ ամենեւին։ Խնդիրն այն է, որ մենք ստեղծել ենք հին ոճի թմրանյութեր, որոնք ավելի հզոր են, քան երբեւէ, նաեւ ստեղծել ենք «թմրանյութեր», որոնք նախկինում երբեք գոյություն չեն ունեցել, օրինակ՝ թվային մեդիան, «թմրացնող» սնունդը։ Մենք նույնիսկ «թմրացնող» ենք դարձրել առողջ կենսակերպը: Ֆիզիկական վարժություններ կատարելիս հետեւում ենք ինքներս մեզ սարքերով, գնահատում ենք մեզ, տեղադրում սոցցանցերում, համեմատում մեզ ուրիշների հետ։
Այժմ մենք տեսնում ենք ավելի ու ավելի շատ մարդկանց, որոնք կախվածություն ունեն սոցիալական մեդիայից, առցանց պոռնոգրաֆիայից, առցանց մոլախաղերից, վիդեոխաղերից ու կախվածություն առաջացնող ամեն տեսակի թվային մեդիայից։ Թվային մեդիան ակտիվացնում է պարգեւատրման նույն ուղիները, ինչ թմրանյութերն ու ալկոհոլը, եւ առաջացնում կարգավորման նույն տիպի խախտումներ, որոնք մենք դիտարկում ենք այլ կախվածությունների դեպքում։ Նույնն է նաեւ շաքարի դեպքում։ Գերմշակված սնունդը առաջացնում է դոֆամինի արտազատում, եւ պարգեւատրման ուղին հանգեցնում է նույն տիպի վարքագծերի, երբ մարդիկ կախվածություն ունեն թմրանյութերից եւ ալկոհոլից: Գիտնականները գալիս են այն եզրահանգման, որ սա հիվանդության նույն ընթացքն է, պարզապես ցանկության կամ պարգեւատրման առարկան է տարբեր:- Ինչպե՞ս պարզենք՝ արդյո՞ք որեւէ նյութ կամ վարքագիծ խնդրահարույց է։- Երբ հետազոտում ենք որեւէ կախվածությan առաջացման պատճառները, մի քանի գործոն ենք հաշվի առնում: Մեկը հզորությունն է, այսինքն՝ որքան դոֆամին է արտազատվում պարգեւատրման ուղու վրա եւ որքան արագ է այն արտազատվում: Մյուս գործոնները պարզ բաներ են, օրինակ՝ հասանելիությունը: Հայտնի է, որ որքան հեշտ է ձեռք բերել խթանող նյութը կամ վարքագիծը, այնքան ավելի հավանական է, որ մարդիկ կօգտագործեն այն եւ, հետեւաբար, կախվածություն ձեռք կբերեն դրանից: Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ շատ հեշտ է անխափան հասանելիություն ունենալ բազմաթիվ պարգեւատրող նյութերի եւ վարքագծերի:Թվային մեդիան ապահովում է 24/7 շարժական հասանելիություն՝ ցանկացած պահի, ցանկացած վայրում:Կախվածություն է առաջացնում նաեւ ազդեցության քանակն ու հաճախականությունը: Որքան շատ դոֆամին է ազդում ուղեղի վրա, այնքան ավելի հավանական է, որ այն փոխվի եւ հարմարվի այնպես, որ կախվածության հիվանդություն առաջացնի: Ինչպես էլ սահմանենք կախվածությունը, դրա ախտորոշման չափանիշները գրեթե նույնն են: Պետք է փնտրեք չորս նշան. անվերահսկելի oգտագործում, սեւեռուն օգտագործում, տենչանք եւ հետեւանքներ (հատկապես շարունակական օգտագործում՝ չնայած հետեւանքներին), ինչպես նաեւ ֆիզիոլոգիական չափանիշներ, որոնք վկայում են կենսաբանական կախվածության մասին: Դրանք են հանդուրժողականությունը, նույն ազդեցությունը ստանալու համար ժամանակի ընթացքում ավելի շատ (կամ ավելի հզոր ձեւերի) անհրաժեշտությունը եւ հրաժարման համախտանիշը, երբ փորձում եք դադարեցնել օգտագործումը:- Ի՞նչ կարող ենք անել դոֆամինի պակասը լրացնելու համար։- Խորհուրդ եմ տալիս 30-օրյա ձեռնպահության փորձաշրջան, որը խոսակցական լեզվով կոչվում է «դոֆամինային ծոմ»։ Այն պետք է վերաբերի ոչ բոլոր պարգեւներին, այլ միայն խնդրահարույց նյութին կամ վարքին, որպեսզի տեսնենք, թե որքան դժվար է դադարեցնելը, եւ արդյոք չորս շաբաթ անց մարդն իրեն ավելի լավ կզգա։Ինչո՞ւ չորս շաբաթ։ Որովհետեւ միջինում այդքան ժամանակ է պահանջվում է պարգեւատրման ուղիները վերականգնելու համար՝ առնվազն ֆենոմենոլոգիական առումով։ Ես միշտ զգուշացնում եմ մարդկանց, որ նրանք իրենց ավելի վատ կզգան՝ նախքան ավելի լավ զգալը։ Բայց եթե հաղթահարեն առաջին 10-14 օրերը, հիմնականում շատ ավելի լավ կզգան իրենց։Ձեռնպահության փորձաշրջանից հետո, երբ մարդիկ ցանկանում են վերադառնալ օգտագործմանը, նրանք պարզապես պետք է շատ կոնկրետ որոշեն, թե ինչ են օգտագործելու, ինչ քանակությամբ, որքան հաճախ, ինչ հանգամանքներում, ինչպես են հետեւելու դրան եւ որոնք են լինելու հին սովորություններին վերադառնալու «կարմիր դրոշները»։Այնուհետեւ նրանք կարող են վերագնահատել, թե արդյոք իսկապես կարող են չափավոր օգտագործել։ Երբ խոսքը վերաբերում է սննդին, ակնհայտ է, որ մարդիկ չեն կարող ձեռնպահ մնալ եւ ոչ էլ պետք է փորձեն։ Բայց կարող են ձեռնպահ մնալ շաքարից, գերմշակված սննդից։Խոսքը ոչ թե կյանքից հաճույք չստանալու, այլ հավասարակշռությունը վերականգնելու մասին է, որպեսզի պարզ հաճույքները կրկին պարգեւատրող լինեն։ Դա տեղի չի ունենա, եթե մարդիկ անընդհատ տրվեն անխոչընդոտ, հզոր պարգեւներին։Թարգմանությունը՝ Մարիա ՍադոյանիԱյս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test