Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սեդար Քըլըչը ժամանել է Հայաստան։ Նրան հայ-թուրքական սահմանի «Մարգարայի» անցակետում դիմավորել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
Օրեր առաջ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Սեդար Քըլըչի հետ հանդիպման վերաբերյալ մանրամասներ չէր հայտնել, միայն նշել էր, թե երբ ժամանակը գա, հավելյալ տեղեկություններ կտան։ Միայն ասել էր, որ «Օրակարգը ներառելու է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ողջ օրակարգը, կքննարկվեն այն քայլերը, որոնք մինչ այս արվել են, այն քայլերը, որոնք դեռ ընթացքի մեջ են»։
Ի՞նչ սպասել Սեդար Քըլըչի այցից, իրատեսակա՞ն է, որ այս հանդիպմանը կարող է հետևել հայ-թուրքական սահմանի բացումը երրորդ երկրի անձանց համար, որի մասին կողմերը վաղուց են խոսում։
Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը դրական ակնկալիքներ չունի, քանի որ այն ժամանակից սկսած, երբ երկու երկրների հարաբերությունների կարգավորման համար հատուկ բանագնացներ նշանակվեցին, նրանց միջև ընդամենը 5 հանդիպում է տեղի ունեցել այդ մեծ ժամանակահատվածում։
«Կարելի է ենթադրել, որ սա ոչ արդյունավետ է, նույնիսկ մեկ հանդիպումից մինչև մյուս հանդիպում՝ մեկ տարուց ավելի ժամանակ է պահանջվել։ Այսինքն՝ բացարձակ անիմաստ հանդիպումների շարք է եղել, թեև ընդունվել են մի քանի որոշումներ, սակայն առարկայական որևէ արդյունք այս պահին չունենք։ Եթե լրագրողներից մեկը Քըլըչին հարց տա, թե՝ այսքան հանդիպում եք, կոնկրետ ի՞նչ առաջընթաց ունեք, կպատասխանի, թե՝ Հայաստանի և Թուրքիայի միջև օդային հաղորդակցություն ենք բացել, ինչն անընդհատ ասում է։ Իսկ այս հաղորդակցությունը մինչ այս էլ կար՝ 20 տարուց ավելի է արդեն, իրենք նոր բան չեն արել, պարզապես կորոնավիրուսից հետո վերագործարկվեց։ Այսինքն՝ փաստացի որևէ առաջընթաց չկա»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Անդրանիկ Իսպիրյանը։
Թե ինչո՞ւ հենց այս պահին տեղի ունեցավ այս հանդիպումը, Անդրանիկ Իսպիրյանը պատասխանեց՝ վաշինգտոնյան գործընթացն էր, և դրանից հետո աշխարհում ծավալվող գործընթացները ցույց տվեցին Թուրքիային, որ պետք է փորձի Հայաստանի հետ կապը պահել, քանի որ փաստացի կարող է խաղից դուրս մնալ։
«Եթե Ադրբեջանը ստանում է իր շահերը, Միացյալ Նահանգներն էլ՝ իր, փաստացի այս փաստաթղթում չկա Թուրքիան։ Հիմա Հայաստանի հետ այս հանդիպումը, որը սկսվեց, չգիտեմ, թե ինչ շարունակություն կունենա, բայց Թուրքիան հաստատ կցանկանա, որպեսզի ունենա շարունակություն, որ կարողանա ինքն էլ իր համար ցանկալի արդյունք ապահովել այս ամբողջ գործընթացից։ Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա ուղիղ հարաբերությունների կարգավորման առաջընթացին, դա, միևնույն է, կախված կլինի Հայաստան-Ադրբեջան գործընթացներից»,- շեշտեց Անդրանիկ Իսպիրյանը։
Ինչ վերաբերում է նախապայմաններին, Անդրանիկ Իսպիրյանը նկատեց՝ հայկական կողմը միակողմանի բանակցում է առանց նախապայմանների, մինչդեռ թուրքական կողմն ունի նախապայմաններ։ Միաժամանակ հիշեցրեց, որ նախկինում Թուրքիան պնդում էր, որ Արցախի հարցը «կարգավորելուց» հետո կսկսի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։
«Վաղուց եմ ասել, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններում մշտապես ունի նախապայմաններ, նույնիսկ Արցախն Ադրբեջանի կողմից ամբողջովին օկուպացնելուց հետո շարունակում է ունենալ նախապայմաններ։ Առհասարակ Թուրքիան ու Ադրբեջանը մշտապես ունենալու են նախապայմաններ։ Թուրքիայի կողմից այս պահին պաշտոնապես ձևակերպված և հռչակված նախապայման, որպես այդպիսին, չկա, սակայն տողատակերում կան դրանք՝ Հայաստանի ու Թուրքիայի սահմանի ճանաչում, Կարսի պայմանագրի պաշտոնապես գրավոր ճանաչում, Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարում և այլն։ Եթե նախկինում Թուրքիան ասում էր, թե եկեք Հայոց ցեղասպանության հետ կապված գործընթաց սկսենք, պատմաբաններն աշխատեն, հիմա դրա մասին առհասարակ որևէ խոսք չկա։ Թուրքիան ոչ միայն ուժեղացրել է իր դիրքերը շատ հարցերում, որտեղ պատրաստ էր նախկինում գնալ քննարկումների, հիմա բացառում են»,- շեշտեց թուրքագետը։
Անդրանիկ Իսպիրյանը նաև հավելեց՝ իրականում հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար կարող է բացվել, սա Թուրքիայի համար խնդիր չէ, և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար ի վերջո չի նշանակում սահմանի բացում։ Սահմանի բացում լինում է այն ժամանակ, երբ Հայաստանի ու Թուրքիայի սովորական քաղաքացիները կարող են փոխադարձ այցեր կատարել։
«Տվյալ պարագայում սահմանափակ կոնտիգենտի համար է, որը չի համարվում սահմանի բացում։ Երրորդ կողմի քաղաքացին ո՞վ է, ադրբեջանցի՞ն, որ Հայաստանով գա-գնա Թուրքիա՞, սա մեզ ի՞նչ է տալու։ Գուցե զբոսաշրջիկների մի փոքր խումբ էլ անցնի, բայց սա մեծ հաշվով սահմանի բացում չէ»,- ընդգծեց Անդրանիկ Իսպիրյանը։ Հիշեցնենք, որ 2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմից հետո, 2022 թվականի հունվարին տեղի ունեցավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սեդար Քըլըչի առաջին հանդիպումը՝ Մոսկվայում։
Մինչև այս պահը բանագնացները մի քանի հանդիպում են ունեցել, պայմանավորվել հայ-թուրքական սահմանը բացել 3-րդ երկրների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար, սակայն սահմանը փակ է նրանց համար։
Հիշեցնենք նաև, որ հայ-թուրքական սահմանը փակվել է 1993 թվականից՝ Թուրքիայի կողմից, Արցախյան ազատամարտի ժամանակ, երբ Հայաստանն ազատագրում էր Արցախի տարածքներն ադրբեջանական օկուպացիայից։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test