Կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը հայ - թուրքական բանակցությունների մեկնարկից ի վեր առաջին անգամ այսօր ժամանեց Երևան: Նրան ընդունել են Արտաքին գործերի նախարարությունում:
Թեև պաշտոնական տեղեկություն կողմերը դեռ չեն հաղորդում, բայց News.am-ի հրապարակած տեսանյութից ենթադրվում է, որ հայկական կողմից գլխավոր բանակցող Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի բանակցությունները հենց Արտգործնախարարությունում էլ ընթացել են: Կադրերում Ռուբինյանն ու Քըլըչն են Արտգործնախարարության մուտքի մոտ, նրանց ուղեկցում է նաև փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը:
Մի քանի րոպե նախարարության մուտքի մոտ զրուցելուց հետո հայ-թուրքական կարգավորման հարցով գլխավոր բանակցողները նստում են նույն մեքենան և հեռանում:
Արդյոք Ռուբինյան-Քըլըչ բանակցություններն ավարտվե՞լ են, թե՞ քննարկումները կշարունակվեն այլ վայրում, Արտգործնախարարությունից դեռ չի հաջողվել ճշտել: Բայց քիչ առաջ X-ի իր էջում մի քանի լուսանկար է հրապարակել Ռուբեն Ռուբինյանը և գրել. - «Մեր 6-րդ հանդիպումից առաջ դիմավորեցի Սերդար Քըլըչին»: Այս գրառմամբ կիսվել է Քըլըչը՝ իր հերթին գրելով, թե շնորհակալ է ջերմ ընդունելության և հանդիպման համար: Օրակարգից կամ ձեռք բերված պայմանավորվածություններից՝ ոչ մի խոսք:
Մինչ բանակցությունները Արտգործնախարարությունը կարճ տեղեկություն էր փոխանցել, որ Երևան-Անկարա կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը Մարգարայի անցակետի մոտ ողջունել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին: Այդ դրվագից մի քանի կադր էլ հրապարակել էր «Արմենպրես»-ը:
Ավելի քան երեք տասնամյակ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Երևանն ու Անկարան 44-օրյա պատերազմից հետո կարգավորման հարցով բանակցություններ սկսեցին: 2022 թվականի հունվարից երկու երկրների հատուկ ներկայացուցիչները մի շարք հանդիպումներ են անցկացրել, ընդ որում՝ այդ հանդիպումները սկզբնական փուլում տեղի էին ունենում առանց տևական դադարների: Սկզբնական շրջանում հանդիպումներն ընթանում էին երրորդ երկրներում, հետո արդեն տեղափոխվեցին հայ - թուրքական սահման: Անցած տարվա գարնանն էլ Անթալիայի դիվանագիտական ֆորումի ընթացքում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչն էր առաջարկել հաջորդ հանդիպումն անցկացնել Երևանում, Ռուբեն Ռուբինյանը դեմ չէր արտահայտվել: Այս խոսակցությունից մոտ մեկուկես տարի անց էլ Քըլըչին ընդունեցին Երևանում:
Թե այսօրվա բանակցություններում կողմերը ինչ են քննարկել և կոնկրետ ինչ պայմանավորվածությունների հասել, պաշտոնական աղբյուրները դեռ լուռ են:
Մինչ օրս կարգավորման ճանապարհին ձեռք բերված գլխավոր պայմանավորվածությունը սահմանի բացումն է երրորդ երկրների քաղաքացիների համար, բայց այն դեռ կյանքի չի կոչվել:
Այսօրվա հանդիպումից օրեր առաջ Ռուբինյանը շատ ընդհանրական էր ներկայացրել բանակցությունների շրջանակը՝ ասելով, որ քննարկվելու է հարաբերությունների կարգավորման ողջ օրակարգը:
«Կքննարկվեն այն քայլերը, որ արվել են մինչ այս, կքննարկվեն այն քայլերը, որոնք դեռ ընթացքի մեջ են: Գիտեք, որ մի քանի թեմա է եղել քննարկման այս տարիների ընթացքում, գիտեք, որ վերջին մեր հանդիպումից հետո հանդիպում տեղի ունեցավ Կարս-Գյումրի երկաթգծի վերականգնման համար անհրաժեշտ տեխնիկական պարամետրերը քննարկելու շուրջ, և էս բոլոր սպեկտրը կքննարկվի: Գիտեք, որ թեմա կա Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ: Եվ ընդհանուր գլխավոր թեման՝ հարաբերությունների կարգավորումը», - ասել է Ռուբինյանը:
Երևան ժամանելուց առաջ թուրք դիվանագետը Թուրքիայի սահմանային Իգդիր նահանգ այցի ընթացքում հայտարարել էր, թե սահմանները բացելուց առաջ որոշ տեխնիկական հարցեր պետք է լուծել: Անդրադարձել էր նաև, իրենց ձևակերպմամբ, «Զանգեզուրի միջանցքին»՝ կարևորելով դրա բացումը:
Թուրքիայի հատուկ ներկայացուցչի այցին զուգահեռ Կառավարության շենքի մոտ ակցիա են իրականացնում ՀՅ Դաշնակցության Հայաստանի երիտասարդական միության անդամները՝ հայկական և թուրքական կողմից բանակցողներին հայտնելու իրենց անհամաձայնությունը «թուրքական նախապայմանների բավարարմանը»:
«Հայաստան է ժամանել Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սեյդար Քըլըչը, ում հանդիպումների օրակարգն իշխանությունների կողմից գաղտնի է պահվում: Այցի նպատակը, ըստ հայտարարվածի, Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների կարգավորումն է: Սակայն ակնհայտ է, որ ի սկզբանե այս գործընթացն իրականացվում է Հայաստանի կողմից թուրքական նախապայմանների բավարարման համատեքստում՝ չհանգեցնելով իրական կարգավորման», - պնդում է ընդդիմադիր կուսակցության երիտասարդական միությունը տարածած հաղորդագրությունում:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test