Ռուս-ադրբեջանական հարաբերությունների ժամանակավոր սրացումը հատկանշվում է ոչ միայն առեւտրատնտեսական հարաբերություններում երկուստեք քայլերով ու քաղաքացիական անձանց բիրտ հետապնդումներով, այլեւ քարոզչական փոխհրաձգությամբ։ Ռուսական տեղեկատվական տարածքում երբեք այդքան «ադրբեջանագետ» չէր եղել, որքան այժմ ենք տեսնում, եւ երբեք երկու մայրաքաղաքներից միմյանց հասցեին հնչող մեղադրանքներն այսքան անողոք չեն եղել։ Ընդ որում, Ադրբեջանը, սպառելով այս տարի տեղի ունեցած ողբերգական ավիապատահարի ու այլ միջադեպերի թեման, դիմում է անցյալի ե՛ւ պատմական, ե՛ւ քաղաքական իրադարձությունների աղավաղված մեկնաբանությունների։
Հայ ժողովուրդը խորհրդային ամենազոր իշխանության տարիներին շատ հարվածներ է ստացել ադրբեջանական կեղծարարությունից ու դրա դեմ պայքարել է (ոչ միշտ արդյունավետ) գրեթե միայնակ՝ առանց Մոսկվայի զսպող միջամտության կամ իրավարարության։ Ադրբեջանի կողմից Աղվանքի պատմության ու մշակույթի սեփականացումը եւ Ջուղայի միջնադարյան խաչքարերի ու գերեզմանատան ոչնչացումը միայն բավարար ապացույցներ են՝ հաստատելու մեր եկվոր հարեւանների գիշատիչ նվաճողականությունը։
Այս օրերին ռուս որոշ պատմաբաններ, քաղաքագետներ, լրագրողներ կազմակերպված գրոհ են ձեռնարկել ընդդեմ Ադրբեջանի բռնապետ Ի․ Ալիեւի, որը «հանդգնել է» կասկածի տակ դնել 1920-ին Բաքվի եւ Ելիզավետպոլի նահանգների խորհրդայնացման լեգիտիմությունը։ Ռուսական կողմի գործողություններն օրինաչափ են, բայց խիստ ուշացած եւ պատեհապաշտ։ Օրինաչափ են, քանի որ ՌԴ-ն ԽՍՀՄ իրավահաջորդն է եւ ժառանգել է ԽՍՀՄ-ի միջազգային պարտավորություններն ու ակտիվները, ինչպեսեւ՝ նրա տեղը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Իսկ ուշացած է, որովհետեւ, չնայած 2000 թվականին իր Սահմանադրության մեջ ներառած իրավահաջորդության դրույթին (հոդված 67.1), ՌԴ-ն քառորդ դար աչք է փակել ԽՍՀՄ գաղափարախոսությամբ սրբագործված Բաքվի կոմունայի, Հայրենական մեծ պատերազմի հայ հերոսների հիշատակի պղծման, 1990-ի հունվարին Բաքվում բնակվող հայերի եւ ռուսների ջարդերի ու էթնիկ զտումների պարտակման եւ հանցագործների հերոսացման փորձերի վրա։
Երբ 2007-ին «քաղաքային երթեւեկության համար կենսական նշանակության» նոր ավտոմայրուղի կառուցելու պատճառաբանությամբ Բաքվի իշխանությունները քանդեցին քաղաքի նարիմանովյան կոչվող 100-ամյա գերեզմանատունը, որտեղ հանգչում էին հիմնականում ռուսներ, հայեր ու հրեաներ, տեղի ռուսական համայնքի ղեկավարության եւ Ադրբեջանում ՌԴ դեսպանի բողոքները դարձան ապարդյուն։
1918թ․ մարտ-հուլիսին գոյատեւած եւ թուրքական ու մուսուլմանական (20-րդ դարասկզբին այդպես էին կոչվում ներկա ադրբեջանցիները) բանակների հարվածներից կործանված բազմազգ Բաքվի բոլշեւիկների իշխանությունը Խորհրդային Ռուսաստանի պատմության սրբագործված էջերից է։ Սակայն միայն Ժողովրդական կոմիսարների Բաքվի խորհրդի նախագահ եւ արտաքին հարաբերությունների հարցերով ժողկոմ Ստեփան Շահումյանի թոռնուհին՝ Տատյանա Շահումյանը, համարձակություն ունեցավ պաշտպանելու իր լեգենդար պապի բարի անունը՝ հիմնովին մերժելով Ի․ Ալիեւի անձնական հսկողության ներքո կատարվող կեղծարարությունը։ Մինչդեռ հեշտությամբ դա կարող էին անել ՌԴ պրոֆիլային գիտական պետական հաստատությունները, քանի որ պահպանված փաստաթղթերը, ականատեսների վկայությունները, տեղացի դահիճների ցուցմունքները, անգլիացի զինվորականների հուշագրությունները հավաստում են Կրասնովոդսկի (Թուրքմենիայի) ավազուտներում 1918 թ․ սեպտեմբերի 20-ին բոլշեւիկ քաղաքական ու զինվորական գործիչների ու նրանց ուղեկցող անձանց գնդակահարության փաստը։ Արխիվներում պահպանվել են կինո եւ ֆոտոժապավեններ, որոնք պատմում են ոճրագործությունից ընդամենը 2 տարի անց 26 կոմիսարների աճյունների արտաշիրիմման եւ վերահուղարկավորման վերաբերյալ։
Ինչպես ասում են, եթե այսպես գնա, 25 տարի անց էլ Մոսկվայից կհնչեն Արցախի կորստյան մասին անաչառ, բայց կրկին ուշացած ու անշառ գնահատականներ։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test