Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ի՞նչ նպատակով է ստեղծվում համատիրությունը aravot.am aravot.am

time
Ի՞նչ նպատակով է ստեղծվում համատիրությունը

Իրավագիտակից քաղաքացի

Համատիրությունների գործունեության հետ կապված խնդիրները հուզում են բազմաթիվ բնակիչների: Մի կողմից, գործում է դեռեւս 2002 թ. ընդունված «Համատիրության մասին» ՀՀ օրենքը, որը, կարելի է ասել, հնացած է եւ հիմնովին բարեփոխման կարիք ունի, մյուս կողմից, բազմաթիվ են դեպքերը, երբ բնակիչները բարեխղճորեն վճարում են գումարները, սակայն արդյունքը կա՛մ տեսանելի չէ, կա՛մ էլ կատարված աշխատանքն անորակ է:

Իսկ ի՞նչ է համատիրությունը եւ ո՞րն է դրա ստեղծման նպատակը

Համատիրությունը քաղաքացիների եւ իրավաբանական անձանց անդամության վրա հիմնված եւ իր անդամների գույքային փայավճարների միավորման միջոցով ստեղծված շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առեւտրային կոոպերատիվ է, որը հիմնադրվում է բազմաբնակարան շենքի կամ շենքերի բաժնային սեփականություն հանդիսացող գույքի կառավարման նպատակով:

Համատիրության գործունեության հիմնական նպատակները հետեւյալն են՝

1) օրենքով սահմանված կարգով իրականացնել բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի կառավարումը,

2) օրենքով նախատեսված դեպքերում ներկայացնել եւ պաշտպանել շենքի շինությունների սեփականատերերի ընդհանուր շահերը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, դատական եւ այլ իրավասու մարմիններում,

3) իրականացնել այլ խնդիրներ, այդ թվում` կոմունալ ծառայություններ մատուցողների հետ շենքի կառավարման մարմնի կողմից կնքել պայմանագրեր, որոնք չեն հակասում սույն օրենքին եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:

Համատիրությունն ունի իր կառավարման մարմինները, որոնք են՝ ընդհանուր ժողովը, վարչությունը, նախագահը եւ կառավարիչը:

Հաճախ քաղաքացիների մոտ հարց է առաջանում՝ արդյո՞ք կարող են դուրս գալ համատիրությունից, թե՝ ոչ: Այդ հարցի պատասխանը տրված է «Համատիրության մասին» ՀՀ օրենքով, համաձայն որի՝ համատիրության անդամներն իրավունք ունեն օրենքով եւ համատիրության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցել համատիրության կառավարմանը, տեղեկություններ ստանալ համատիրության գործունեության վերաբերյալ եւ ցանկացած ժամանակ դուրս գալ համատիրությունից:

Դրանից զատ, համատիրությունն իր գործունեության մասին պարտավոր է ներկայացնել հաշվետվություն, որտեղ պետք է ընդգրկվեն դրա հաշվեկշիռը եւ այլ տվյալներ, որն էլ հրապարակվում է ընդհանուր ժողովի կողմից սահմանված կարգով: Տարածված խնդիրներից մեկն էլ այն է, որ բնակիչների մեծ մասը պարտաճանաչ վճարում է համատիրության գումարները, սակայն ո՛չ հաշվետվություն են տեսնում, ո՛չ էլ կատարված աշխատանք. շենքերի մուտքերը, աստիճաններն ու պատերն անմխիթար վիճակում են: Նմանատիպ իրավիճակներից էլ բնակիչների մոտ առաջ է գալիս անվստահություն համատիրությունների եւ նրանց գործունեության նկատմամբ, ինչի հետեւանքն այն է, որ համատիրությունները որպես ինստիտուտ չեն կայացել եւ չեն ծառայում իրենց նպատակին: Իհարկե, կան նաեւ բացառություններ, այսինքն՝ ճիշտ ու նպատակային գործող համատիրություններ, սակայն դրանք քիչ են:

ԱՎԵՏԻՔ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի հիմնադիր,

փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Իրավաբանական խորհրդատվության հարցերով կարող եք դիմել կորպորատիվ իրավունքի ոլորտում մասնագիտացած «Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի փորձառու մասնագետներին՝ գրելով [email protected] էլփոստին կամ զանգահարելով 055 27 77 35 հեռախոսահամարին:

«Առավոտ» օրաթերթ

11.09.2025թ.

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test