PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը RTVI հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հարավային Կովկասում պատերազմի վերսկսման հավանականությունը բացառում է։ Նրա խոսքով՝ Երևանը ձգտում է բոլոր հարևանների հետ կառուցել նորմալ հարաբերություններ։
«Ես նաև վստահ եմ, ինչպես միշտ ասում է վարչապետը (Նիկոլ Փաշինյանը), որ մեր տարածաշրջանում, մեր հարաբերություններում Ադրբեջանի հետ խաղաղություն կլինի։ Նույնը վերաբերում է Թուրքիային», — ասել է Հայաստանի նախագահը։
Հարցին, թե հնարավոր է արդյոք պատերազմ Հարավային Կովկասում, Խաչատուրյանը տվել է բացասական պատասխան։
Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները ներկայում հիմնված են գործընկերության վրա, և որ Հայաստանը դադարել է լինել ՌԴ «կրտսեր եղբայրը»։
«Հիմա Ռուսաստանի հետ բոլորովին այլ հարաբերություններ են՝ գործընկերային, իրականում գործընկերային հարաբերություններ Ռուսաստանի հետ։ …Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանին մեծ ու փոքրի հարաբերություններ չեն, այլ պարզապես գործընկերային։ Դա այն է, ինչին մենք իսկապես ձգտել ենք վերջին չորս տարիների ընթացքում»։
Խաչատուրյանի խոսքով՝ հայկական կողմը ցանկանում է, որ «ռուս գործընկերները հաշվի առնեն հայկական իշխանությունների ինքնուրույն որոշումները»։
Նախագահը նշել է, որ «հայկական իշխանությունները աշխատում են Հայաստանի քաղաքացիների համար, Հայաստանի Հանրապետության բարօրության, բարգավաճման համար», և այդ պատճառով Հայաստանի կառավարությունը, իշխանությունը «ինքն պետք է որոշի՝ ում հետ, ինչպես առևտուր անել, աշխատել, ունենալ դիվանագիտական հարաբերություններ»։
Նա խոստովանել է, որ Հայաստանը տնտեսական առումով կախված է Ռուսաստանից, սակայն նշել է, որ նաև «ՌԴ–ն տնտեսական իմաստով կախված է» ՀՀ–ից։
Խաչատուրյանը մեկնաբանել է նաև Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունը, ով այս գարնանը, անդրադառնալով Հայաստանի՝ Եվրամիություն մտնելու մտադրությանը, նշել էր, որ Հայաստանին անհրաժեշտ կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջեւ, քանի որ «երկու աթոռի վրա նստել չի հաջողվի»։
Խաչատուրյանի խոսքով՝ Հայաստանի տնտեսությունը դիվերսիֆիկացված է։
«Դա Օվերչուկին պետք է հարց տալ՝ ինչ է դա նշանակում… Առնվազն այս պահին մեզ ոչ ոք ոչինչ չի ասում..., և մենք ոչինչ չենք խախտում», – ասել է Հայաստանի նախագահը։
Նա հավաստիացրել է, որ մինչ այժմ որևէ խնդիր չի առաջացել։
Օգոստոսին Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, այցելել են Միացյալ Նահանգներ, որտեղ նախաստորագրել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։
Փաստաթղթում նշվում է, որ Երևանն ու Բաքուն չունեն տարածքային պահանջներ միմյանց նկատմամբ և պարտավորվում են ապագայում չներկայացնել դրանք։ Կկատարվի նաև սահմանի սահմանազատում և սահմանագծում։
Կողմերը պայմանավորվել են ձեռնպահ մնալ ուժի կիրառման սպառնալիքներից, վերականգնել դիվանագիտական հարաբերությունները և հետ կանչել միմյանց դեմ ներկայացված միջազգային դատական հայցերը։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test