Նոր մանրամասներ՝ Երևանում հայտնի փոխհրաձգությունից. մահացածը իր ընկերոջ հետ դեռ 2 օր առաջ էր փորձել վրեժխնդիր լինել, սակայն նրանց գործողությունները չէին իրականացվել փոստատարի պատճառով . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ ՏԵՍԱՆՅՈւԹ
shamshyan.com
Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ 18-ամյա Արման Ա.-ի նկատմամբ։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է սեպտեմբերի 9-ին իր բնակարան ներխուժած Երևանի բնակիչներ 23-ամյա Վարդան Ա.-ի և 26-ամյա Հրաչյա Հ.-ի և իր միջև տեղի ունեցած՝ հրազենի գործադրմամբ փոխհրաձգություն կատարելու մեջ։Կրակոցների հետևանքով Վարդան Ա.-ն ստացել էր հրազենային վնասվածքներ և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայում գիտակցության չգալով մահացել էր։Արման Ա.-մ ամիսներ առաջ Երևանում հրազենային վնասվածք էր պատճառել Հրաչյա Հ.-ին, ինչի համար էլ դատարանը նրա նկատմամբ տնային կալանքի որոշում էր կայացրել և ոտքին եղել է «բրասլետ»։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Գևորգ Պողոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց բավարարել է քննիչի որոշումը, սակայն որոշում է կայացրել, որ նա կալանավորվում է ապօրինի զենք պահելու համար, իսկ սպանության և սպանության փորձի միջնորդություննեը մերժվել են, քանի որ պարզվել է, որ նա կրակոցները արձակել է, քանի որ հարձակվել ու մտել են իր տուն և ինքը ինքնապաշտպանվելու համար կրակոցներ է արձակել։Որոշումը հրապարակելուց հետո Արման Ա.-ն դատարանի դահլիճից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկ։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սեպտեմբերի 9-ին, երբ տեղի է ունեցել այս դեպքը, դրանից 2 օր առաջ Վարդան Ա.-ն և Հրաչյա Հ.-ն այցելել են Ռոստովյան փողոցի 17 շենք և հենց այդ օրն են ցանկացել վրաժխնդրությամբ վերջ տալ Արման Ա.-ի կյանքին, սակայն նրանց մտադրությունը չի իրականացել իրենց կամքից անկախ։ Այդ պահին երբ նրանք փորձել են այն կատարել, դեպքի վայրում նկատել են փոստատարին, ով տուն առ տուն նամակներ բաժանելիս է եղել, ու այդ ժամանակ նրանք չեն կատարել իրենց գործը և արդեն սեպտեմբերի 9-ին ալյումինե սանդուղքով ժամանել են նշված վայր, մտել զոհի տուն, որպեսզի հաշվեհարդար տեսնեն, սակայն սպանության փորձի համար տնային կալանքի տակ գտնվողը նկատել է նրանց և արդեն միմյանց միջև տեղի է ունեցել հրաձգություն։Դեռ մի քանի օր առաջ Պրոբացիայի ծառայության աշխատակիցները պետք է Արման Ա.-ի ոտքից հանեին «բրասլետը», քանի որ արդեն լրացել էր նրա տնային կալանքի ժամկետը, իսկ այստեղ էլ Պրոբացիայի ծառայությունն էր թերացել, չգիտես ինչու ժամանակին չի այցելել ու «բրասլետը» չի հեռացրել։Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 9-ին կրակոցներ և սպանություն էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ռոստովյան 17 շենքում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։Ժամանել էին քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Վահե Մուշեղյանը, Երևանի քրեական ոստիկանության վարչության պետ Հայկ Հարությունյանը, ոստիկանության Էրեբունու բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։Տեղում պարզվել էր, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է և նշված վայրից մեկ հոգի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին գիտակցության չգալով մահացել էր։Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել էին նաև Էրեբունու դատախազության 2 դատախազ։Տարածքը սահմանազատել էին պարեկները՝ վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։Դեպքի մասին ոստիկանության Էրեբունու բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետի և հատկապես կարևոր գործերով 2 ավագ քննիչների գլխավորությամբ։Տեղում աշխատում էին քննչական կոմիտեի փորձաքրեագետները։Դեպքի փաստով Էրեբունու քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։Դեպքի վայրում՝ շենքի մուտքի մոտ, աստիճաններին և 2-րդ հարկի բնակարանում հայտնաբերվել էին կրակված պարկուճներ, գնդակ արնանման հետքեր, պատշգամբի դռան ապակու վրա նույնպես կան կրակոցի հետքեր, իսկ դրսում հայտնաբերվել էր մետաղե սանդուղք, որով կասկածյալներից մեկը մտել է տուն, իսկ մյուսը մուտքից է մտել ու այդ ժամանակ տանը մնացող տղամարդը, ով նախկինում սպանության փորձի համար եղել է կալանավորված և ոտքին էլ եղել է «բրասլետ», իր մոտ եղած ատրճանակով կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով 1 հոգին վնասվածքներ է ստացել և հիվանդանոցի ճանապարհին մահացել է։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կրակոցներ արձակողին, վտանգելով իրենց կյանքը, տեղում վնասազերծել էին ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները։Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։