Իրենց հեղափոխական ու դեմոկրատ հռչակած իշխանությունները բազմիցս ապացուցել են, որ կատեգորիկ տանել չեն կարողանում քննադատական խոսքը եւ հաշվեհարդար են տեսնում ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց նկատմամբ` մի մասի դեմ գործեր են հարուցում, մյուսներին` աշխատանքից ազատում: Հատկապես թիրախավորվում են դասախոսները, ովքեր նոր սերնդին են կրթում եւ համարձակվում են քննադատել Նիկոլ Փաշինյանին ու նրա վարած քաղաքականությունը:
Հատկապես մայր բուհի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում են մերժում այլախոհությունը եւ ընդդիմադիր դասախոսներին բուհից դուրս մղում: Նախորդ տարի մենք գրել էինք, որ փակվել է ֆակուլտետի Փիար մագիստրոսական ծրագիրը, որի ղեկավարն Աստղիկ Ավետիսյանն էր: Մեզ պատմել էին, որ ծրագրի համար դիմել էր ավելի քան 20 ուսանող, սակայն Ավետիսյանին բուհից հեռացնելու մղումն այնքան մեծ էր եղել, որ այս ուսանողներին ցրել էին եւ հայտարարել, որ ծրագիրը փակվում է: Մայր բուհից հեռացել կամ հեռացվել են դասախոսներ Գեւորգ Պետրոսյանը, Մենուա Սողոմոնյանը, Աբրահամ Գասպարյանը եւ այլք։ Իսկ նրանց, որոնց չեն կարողանում բացահայտ հեռացնել, պարզապես զրկում են դասաժամերից, նվազեցնում դրույքաչափերը, որպեսզի դասախոսներն իրենք ստիպված հեռանան:
Տարիներ առաջ նույն ֆակուլտետից մի շարք այլ դասախոսների հետ հեռացվեց նաեւ ընդդիմադիր հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանը: Նա բավականին երկար ժամանակ դասավանդում էր Ժուռնալիստիկայի ֆակուլտետում, ուսանողների կողմից սիրված էր, Փաշինյանին քննադատելը նրա համար աշխատանքից ազատվելու գին արժեցավ:
Հոխիկյանն անդրադառնալով ֆակուլտետում տիրող իրավիճակին, «Հրապարակի» հետ զրույցում ասում է.
«2022 թվականից ես այդ ֆակուլտետից հեռացա` նույն պատճառներով: Ուղղակի իմ պարագայում ամեն ինչ ավելի կոպիտ արեցին: Նաղաշ Մարտիրոսյանի ղեկավարման տարիներին ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետը վերածվեց քաղաքական պատվերներ կատարելու հարթակի: Նաղաշ Մարտիրոսյանի ղեկավարած ֆակուլտետը ոչ մի կապ չունի լրագրության հետ: Ես հիշում եմ լուսահոգի Գառնիկ Անանյանին, որն այդ ֆակուլտետի հիմնադիր դեկանն էր: Անանյանը հատուկ ուշադրություն էր դարձնում, որ ֆակուլտետում լինի մասնագիտական մթնոլորտ, ոչ թե տվյալ ժամանակվա իշխանության պատվերը կատարելու գործիք դառնա ուսանողը: Ցավոք, Ժուռնալիստիկայի ֆակուլտետ այսօր գոյություն չունի:
Տարիներ առաջ` 2020-2021 թվականներին ֆակուլտետում խոսում էին ինչ-որ մի մահացած դասախոսի ազգականներին օգնելու մասին, ես առաջարկեցի, որ նույն ձևով օգնենք նաև բռնի տեղահանված, պատերազմից տուժած արցախցիներին, ֆակուլտետի ղեկավարությունն անմիջապես մերժեց ինձ: Այնտեղ գուցե կային, գուցե հիմա էլ կան մարդիկ, ովքեր հայրենասեր, լավ մարդիկ են, միևնույն ժամանակ մասնագետ են, սակայն ամեն դեպքում Նաղաշ Մարտիրոսյանը չի կարողանում մասնագետ-լրագրողների հետ աշխատել, որովհետև նա այդ ֆակուլտետը վերածել է ՔՊ-ին ծառայողների գրասենյակի: Լավ հիշում եմ 2018-ից առաջ Նաղաշը Նիկոլ Փաշինյանին ներկայացնում էր որպես վատ օրինակ:
Ուսանողներին Նիկոլի օրինակով ցույց էր տալիս, թե ինչպիսին չպետք է լինի լրագրողը: 2018-ից հետո պարզվեզ, որ Նիկոլ Փաշինյանն այնքան լավ լրագրող է եղել, որ պետք է ֆակուլտետ հրավիրել նրա տիկնոջը և որպես լավ լրագրողի օրինակ ներկայացնել, հիշատակել լրագրող Նիկոլի «փայլուն նմուշները»: Նաղաշ Մարտիրոսյանն ամեն իշխանություն փոխվելուց հետո փոխում է իր գլխարկը: Ինչ վերաբերում է մայր բուհում աշխատավարձերին, ապա ես ստանում էի 25 հազար դրամ աշխատավարձ: Գաղափար ունեցող ընդդիմադիր դասախոսները աշխատավարձի համար չէ, որ աշխատում են, ես ինքս աշխատում էի ուսանողներին փորձ ու հմտություն տալու համար: Այստեղ միակ տուժողը ուսանողն է լինում, որը կայացած ու բանիմաց դասախոսների փոխարեն, լսարանում տեսնում է անփորձ ու անկիրթ մարդկանց»:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test