«Պաշտոնական Երևանը ևս մեկ փորձ է անում բարելավել հարաբերությունները Մոսկվայի հետ։ Ինչպես հայտարարել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը, Նիկոլ Փաշինյանն առաջիկա օրերին կայցելի Ռուսաստան, որի ընթացքում նախատեսվում է հանդիպում Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։ Սակայն ամենահետաքրքիրը հետևյալն է՝ Սիմոնյանը հավելել է, որ Հայաստանը չի քննարկում ռուսական ռազմաբազան իր տարածքից դուրս բերելու հնարավորությունը», գրում է ադրբեջանական իշխանական քարոզչակայք Մինվալ-ը և շարունակում. «ՀՀ խորհրդարանի նախագահի այս հայտարարությունն արժանի է ամենալուրջ ուշադրության։ Հատկապես այն բոլոր մտահոգությունների ֆոնին, որոնք գոյություն ունեն տարածաշրջանում՝ կապված ռուսական ռազմաբազայի հետ»։
«Այստեղ անհրաժեշտ է հիշել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հարցազրույցը «Ալ-Արաբիա» հեռուստաալիքին։ Պետության ղեկավարը, ի թիվս այլնի, մեկնաբանել է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում առկա ճգնաժամը։ Ապա, պատասխանելով լրագրողի հարցին, ասել է. «Նրանք / ռուսները - խմբ./ Հայաստանում ունեն մի քանի հազար զինծառայողներով ռազմական բազա։ Միևնույն ժամանակ, Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմանները պահպանում են ռուս սահմանապահները։ Ադրբեջանի տարածքում ոչ մի ռուս զինվոր չկա։ Ես չգիտեմ, թե ինչ կարող է պատահել Հայաստանում։ Բայց ես չեմ ուզում մտածել նման բացասական սցենարի մասին»։
Շիրակի մարզում գտնվող ռուսական բազան Ռուսական կայսրության և ԽՍՀՄ ժամանակներից ժառանգություն է, երբ ռուսական իշխանությունները ծրագրեր էին մշակում Բոսֆոր և Դարդանել անցնելու և պատրաստվում էին «խաչը վերադարձնել Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիա»։ Հնարավոր է, որ այն ժամանակ, երբ ամբողջ Հարավային Կովկասը Ռուսաստանի տարածքի մաս էր կազմում, այս բազան մեծ ռազմավարական նշանակություն ուներ։ Բայց հիմա, երբ նախկին «Անդրկովկասյան հանրապետությունները» անկախ պետություններ են, և ռուսական զորքերը դուրս են բերվել Ադրբեջանի և Վրաստանի տարածքից (բացառությամբ օկուպացված շրջանների), Շիրակի բազան այլևս նույն ռազմավարական նշանակությունը չունի, նույնիսկ եթե մի կողմ թողնենք այն հարցը, թե արդյոք Ռուսաստանը պատրաստ է այսօր կռվել Թուրքիայի և նրա դաշնակիցների դեմ»,-ասվում է հրապարակման մեջ։ Ըստ հոդվածագրի, «Ադրբեջանի դեմ հայկական «ագրեսիայի» և ադրբեջանական տարածքների «օկուպացիայի» ժամանակ, հաշվի առնելով Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունները, Հայաստանը ստիպված էր հակամարտության ընթացքում որոշակի ռազմական ուժեր պահել թուրքական սահմանին։ Սակայն թուրքական ուղղությունը ծածկվում էր Շիրակի ռուսական բազայի կողմից, ինչը թույլ էր տալիս նրան ազատել ռեսուրսներ Ադրբեջանի հետ պատերազմի համար»։
«Բայց ամենակարևորը, ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո հայտնվեց տեղեկատվություն, որ Ռուսաստանն անձնակազմ և զենք է տեղափոխում բազա՝ և դա ռազմական ռեսուրսների պակասի պայմաններում՝ ուկրաինական պատերազմի ֆոնին։ Ո՞ւմ դեմ։ Մոսկվան հույս ունի Ադրբեջանի հետ նոր սրացո՞ւմ հրահրել։ Կամ սա երկարաժամկետ ծրագիր է, և առայժմ անձնակազմն ու զենքը օգտագործվելու են հենց Հայաստանի ներքաղաքական ասպարեզում, որտեղ Մոսկվան նույնիսկ չի մտածում թաքցնել իր թշնամանքը Փաշինյանի նկատմամբ։ Ավելին, Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունները մտածելու տեղիք են տալիս. ռուսական դիվանագիտությունը շատ թափանցիկ ակնարկել է, որ Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները դեռևս չեն իրականացվել։ Ակնարկն ավելի քան թափանցիկ է, հատկապես Մոսկվայի ակնհայտ դժգոհության ֆոնին։ Եվ Շիրակի բազան դրա համար կարևոր գործիք է։ Այդ թվում՝ Հայաստանում իրավիճակի ներքաղաքական անկայունացման համար։ Այդ ժամանակ պարզ է դառնում. հակամարտությունը լուծվել է, էջը շրջվել է, բայց Շիրակի բազան մնում է «սողացող ռումբ»։ Եվ այսօր այն սպառնում է ամբողջ տարածաշրջանին։ Եվ ամենից շատ՝ հենց Հայաստանին»,-եզրափակում է Մինվալ-ը:
Հասկանալի է, որ վերջին շրջանում ռուսներին «թիվ 1 թշնամի» համարող Ադրբեջանում նոր դավադիր ու կեղտոտ խաղ են սկսել. մի կողմից՝ նպատակ ունեն Մոսկվայի հետ վատթարացող հարաբերությունների պայմաններում Հայաստանին ներքաշել հակառուսական ճակատ՝ իրենց ձեռնտու հանգամանքներով, մյուս կողմից, միևնույն նպատակի շրջանակում, բայց գուցե առավել առաջնային ու գլխավոր հեռանկար՝ Երևանին ստիպել ձերբազատվել իրենց հնարավոր ու միանգամայն հավանական թվացող ագրեսիան զսպող, թերևս, գլխավոր գործոնից: Երկու դեպքում էլ խնդիրը մտահոգիչ է: Մնում է հավատալ, որ ՀՀ իշխանություններին վերջնականապես չի լքել ողջամտության ու վճռականության զգացումը, գոնե կապված Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի հետագա գործունեության հետ:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test