Մի շարք հասարակական կազմակերպություններ բաց նամակ են գրել Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկին (ՎԶԵԲ), որով Եվրոպական զարգացման ու վերակառուցման բանկին հորդորում կամ առաջարկում են թույլ չտալ Ամուլսարի հանքավայրի շահագործումը վերականգնելու ծրագրի ֆինանսավորումը՝ հաշվի առնելով այն, որ այդ ծրագրում ներառված է հայաստանյան մի բանկ, որի բաժնեմաս ունի նաև ՎԶԵԲ-ը:
Շատ առիթներ են եղել անդրադառնալու Ամուլսարի ներդրումային ծրագրի՝ վերջին 7-8 տարիների «ոդիսականին», որը հարվածում է Հայաստանի տնտեսությանը, ներդրումային իմիջին և անվտանգությանը: Ըստ ամենայնի, դատելով շարունակվող «ոդիսականից», անդրադարձի առիթներ, ցավոք սրտի, դեռ կլինեն:
Այս դեպքում ուշադրության առարկա է մեկ այլ հանգամանք: Փաստորեն, Հայաստանում գործող մի շարք ՀԿ-ներ, որոնք իրենց գործունեության ֆինանսական ապահովությունը հոգում են ոչ թե Հայաստանի տնտեսության, այլ արտաքին դոնորների հաշվին, ՎԶԵԲ-ին հորդորում են դե ֆակտո խանգարել Հայաստանի տնտեսության համար կարևոր ծրագրի իրականացմանը:
Դժվար է ասել, թե ինչպես կարձագանքի ՎԶԵԲ-ը, բայց էականը նույնիսկ դա չէ, այլ երևույթը, պատկերն ինքնին: Օրինակ, որևէ կերպ դժվար է պատկերացնել, որ Հայաստանի հակառակորդ պետության որևէ ներդրումային պայմանավորվածություն խափանվեր այդ երկրում գործող, բայց արտաքին դոնորներից ֆինանսավորվող հասարակական սեկտորի միջամտությամբ:
Այդ տարբերության տարիների արդյունքը, ցավոք սրտի, մեզ համար ծանր կորուստներով և տարբեր այլ հետևանքներով, ակնառու դարձավ վերջին 5 տարիների ընթացքում: Որովհետև ժամանակակից աշխարհում ամեն ինչ կառուցվում է տնտեսական կարողությունների և արտաքին խոշոր տնտեսական շրջանակների հետ պայմանավորվածությունների հմտության վրա, որը ձևավորում է պետության գործընկերային հուսալի իմիջ: Իսկ գործընկերոջ հետ ոչ միայն աշխատում են, այլ նաև ունենում են նրա հետ համատեղ ծրագրերն ու շահերը պաշտպանելու շահագրգռություն:
Բայց մյուս կարևորագույն հանգամանքն այն է, որ Հայաստանի Հանրապետության ոչ բոլոր քաղաքացիներն են, որ իրենց բարեկեցիկ կյանքը կարող են ապահովել արտերկրի դոնորությամբ ապահովվող հասարակական գործունեությամբ: Հայաստանի բնակչության գերակշռող մեծամասնությունը կամ աշխատատեղ ու եկամտի աղբյուր է փնտրում Հայաստանում, կամ չգտնելով դա՝ ոչ թե մտնում է քաղաքացիական կամ «բնապահպանական» ակտիվիզմի դաշտ, այլ հեռանում Հայաստանից՝ խորացնելով դեմոգրաֆիական ճգնաժամը: Եվ սա առավել ևս վերաբերում է մարզերին:
Հենց դրան էլ, թերևս, միտված է օրինակ այն, որ Հայաստանում գործող խոշոր ընկերությունների, Հայաստանի տնտեսության «ծանր հրետանիների», հնարավոր խոշոր ներդրումային ծրագրերի, այդ թվում՝ նույն Ամուլսարի դեմ մինչև անգամ միջազգային մասշտաբով քարոզչական պայքար է մղում, «բնապահպանական կոալիցիաներ» է ձևավորում Ադրբեջանը:
Կասկածից վեր է, որ Հայաստանում իրականացվող որևէ խոշոր ծրագիր պետք է ապահովի բնապահպանական բարձր ստանդարտներ, շրջակա միջավայրի պաշտպանություն, քանի որ այդ ամենն առաջին հերթին պետք է Հայաստանի քաղաքացիներին:
Բայց այդ խնդիրները լուծվում են ներդրողների, կառավարության ու հանրության գործակցված աշխատանքով, այլ ոչ թե՝ տնտեսությանը խանգարելու կոչերով:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test