Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ինչո՞ւ Փաշինյանը սկսեց կատաղի քննադատել ԵԱՀԿ Մինսկի խումբը 168.am 168.am

time
Ինչո՞ւ Փաշինյանը սկսեց կատաղի քննադատել ԵԱՀԿ Մինսկի խումբը

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը լուծարվող ԵԱՀԿ Մինսկի խմբի տասնամյակների գործունեության վերաբերյալ իրենց բնույթով նոր՝ աղմկահարույց մեկնաբանություններ արեց՝ ցույց տալով այս հարցում ադրբեջանական դիրքորոշման հետ լիակատար կոնսենսուս։ Գաղտնիք չէ, որ Իլհամ Ալիևը, ով, իր իսկ խոսքով, բանակցությունների ընթացքում ճնշումների էր ենթարկվում ԼՂ անկախությունը ճանաչելու համար, կատաղի քննադատության է ենթարկում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը՝ անպիտան անվանելով այս հարթակն ու դրա գործունեությունը։ Զուգահեռաբար՝ Ալիևն իր հարցազրույցներում բազմաթիվ անգամներ ակնարկել է, որ բոլոր համանախագահներն աջակցել են Հայաստանին։ Այս տարի մարտին իր հանրային ելույթներից մեկում Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը տարիներ շարունակ փորձում էր Բաքվին համոզել համակերպվել տարածքների կորստի հետ և աջակցում էր Հայաստանին։

«Երեքն էլ միավորվել էին մեկ նպատակի շուրջ։ Ընդ որում, այդ երկրների միջև ներկայիս հարաբերությունները ցույց են տալիս, որ դա հազվադեպ երևույթ է։ Այսինքն՝ ի՞նչ է սա նշանակում։ Երեքն էլ կանգնած էին Հայաստանի կողքին, երեքն էլ տարբեր ճանապարհներով աջակցում էին Հայաստանին. մեկը զենք էր տալիս, մյուսը՝ քաղաքական աջակցություն, երրորդը՝ տնտեսական առավելություններ»,- նշում էր Ալիևը։

Եվ ահա, նախօրեին ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը պնդեց, թե ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով տեղի ունեցած բոլոր բանակցությունները եղել են նրա համար, որ ՀՀ բոլոր կախվածությունները բազմապատկվեն։

Նրա որակմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն ուղղված է եղել Արցախյան հակամարտության խորացմանը՝ Հայաստանն ու տարածաշրջանը վերահսկելի պահելու համար։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մեջ, հետահայաց վերլուծելով՝ չեմ տեսնում որևէ օգտակար բան, չի եղել էդ խմբի գործունեության մեջ երբևէ ու որևէ օգտակար բան։ Էդ խմբի գործունեությունը եղել է նրա համար, որ կոնֆլիկտը խորանա, դառնա լծակ՝ կառավարելի, կանտրոլի տակ, մարիոնետային վիճակում պահելու ոչ միայն Հայաստանը, այլև ամբողջ տարածաշրջանը»,- հայտարարեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Ղարաբաղի հարցը վաղուց լուծված է եղել, սակայն մեզ դրա մասին չեն ասել, որովհետև օրակարգում է եղել Հայաստանի հարցը։

«Ի՞նչ էր լինելու Հայաստանի հարցի լուծման արդյունքում․ լինելու էր Հայաստանի տարածքային ամբողջականության մասնատում, ինքնիշխանության և անկախության կորուստ։ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով տեղի ունեցած բոլոր բանակցությունները նրա մասին են եղել, որ մեր բոլոր կախվածությունները կրկնապատկվեն, եռապատկվեն, քառապատկվեն, տասնապատկվեն»,- պնդեց Փաշինյանը՝ ըստ էության մեղադրանքներ ուղղելով համանախագահ բոլոր երկրներին։

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին, որի համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն։ 2022թ. ապրիլին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ Փարիզն ու Վաշինգտոնը հրաժարվել են խմբի շրջանակում Մոսկվայի հետ համագործակցությունից՝ հայտարարելով, որ իրենք չեն շփվի այդ ձևաչափով։ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը, որի մաս է կազմում ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա հետ կապված կառույցների լուծարման մասին համատեղ դիմումը: ԵԱՀԿ ՄԽ լուծարման գործընթացը սկսվել է։

Ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը 168am-ի հետ զրույցում ասաց, որ այդ հարթակի լուծարման գործընթացում ինչ ասես՝ արդեն կարելի է հայտարարել՝ դրանք ծառայեցնելով ռեգիոնալ ներկայիս օրակարգերին։

Ըստ նրա, ավելորդ է ասել, որ ՀՀ իշխանությունները, որոնք նշում են, թե ռեգիոնում խաղաղություն է, հնարավոր բոլոր բաղադրիչներով փորձում են Ադրբեջանի հետ կոնսենսուս ցուցադրել՝ դա ևս ծառայեցնելով, այսպես կոչված, խաղաղության օրակարգին։

«Բացի այդ, ՀՀ այս իշխանության օրոք Ղարաբաղն անցավ Ադրբեջանի վերահսկողության ներքո, ինչը շատ լուրջ ու Հայաստանի համար ցավոտ իրադարձություն էր։

Ստացվում է, որ ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը չկարողացավ էական ազդեցություն ունենալ, համանախագահները չկարողացան արդյունավետ աշխատել, միջնորդությունն ակտիվացնել։ Պատերազմի ժամանակահատվածում, դրանից առաջ և դրանից հետո արդեն իսկ բարդացել էր ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը։

Իսկ դրան նախորդող ժամանակահատվածում ԵԱՀԿ ՄԽ-ի վերաբերյալ կողմերը զուսպ հայտարարություններ են արել, ընդունել այդ հարթակը՝ որպես բանակցային միակ հարթակ, քննարկել այդ հարթակից ստացվող առաջարկները, բայց, ի վերջո, որոշում կայացնողը ոչ թե համանախագահներն էին, այլ կողմերը»,- ասաց Խրամչիխինը։

Ուստի, ըստ նրա, վերջին տարիների իրադարձությունների ֆոնին ԵԱՀԿ ՄԽ-ին կարելի է շատ բան ասել, քննադատել, բայց այդ փուլում դա միջազգային կոնսենսուս էր այդ հակամարտության շուրջ, և այն սկսեց չաշխատել, երբ սկսվեց աշխարհակարգի փոփոխությունը և երբ նախկին բոլոր ձևաչափերը սկսեցին քանդվել։

«Սակայն նախորդ ժամանակահատվածում այն, լավ թե վատ, որոշակի միջազգային միջնորդական դերակատարություն ուներ, պահպանում էր ռեգիոնում բանակցությունների մշտականությունը։ Բացի այդ, ուշագրավ է նաև այն, որ ԵԱՀԿ ՄԽ-ից մշտապես որոշակի դժգոհություն ունեցել է Ադրբեջանը, Հայաստանի կողմից նման գնահատականներն անակնկալ են, սակայն տեղավորվում են ռեգիոնալ տրամաբանության մեջ, եթե կողմերը համաձայնել են հարթակի լուծարման, ապա պետք է հայտարարեն, որ այն անարդյունավետ էր»,- ասաց Խրամչիխինը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test