Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանի օժանդակությամբ 17,1 մլն դոլար արժողությամբ գերշքեղ առանձնատուն է ձեռք բերել Օնտարիո նահանգի էլիտար թաղամասերից մեկում։
Աղբյուրը, հղում անելով Կանադայի անշարժ գույքի գործակալների ասոցիացիայի իր աղբյուրներին, մասնավորապես, նշել է, որ Միսիսոգա կոչվող թաղամասում տեղակայված և որպես Սուրբ Գևորգի առանձնատուն հայտնի գույքը գնել է ինչ-որ Shell Company, որը, ըստ կայքի պնդման, քողարկում է իրական գնորդ Փաշինյանին։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է այս լուրն ու այն տարածած աղբյուրը։
Կեղծ լուրի հետքերով «Լուրեր»-ը կապվեց որպես հոդվածի հեղինակ ներկայացված Շոն Պրևիլի (Sean Previl) հետ: Նա մեզ հետ զրույցում հաստատեց, որ ինքը որևէ կապ չունի հրապարակված կեղծ հոդվածի հետ: Պրևիլն աշխատում է կանադական Global News լրատվականում:
Ի՞նչ է հայտնի առանձնատան վաճառքից
Google maps-ի որոնումները ցույց տվեցին, որ Սուրբ Գևորգի առանձնատունը տեղակայված է կանադական Օնտարիո նահանգի Միսիսոգա թաղամասում։
Ըստ կանադական բաց աղբյուրների, նշված առանձնատունն իսկապես վաճառվել է 2024 թվականի սեպտեմբերին՝ 17,1 մլն դոլարով։ Միևնույն ժամանակ, սակայն, դրա վաճառքով զբաղված Sam McDadi անշարժ գույքի գործակալությունը չի հաստատում պնդումը, որ առանձնատունը գնվել է որևէ կազմակերպության կողմից։ Ընդհակառակը, չբացահայտելով գնորդի անուն-ազգանունը՝ գործակալությունը հայտնում է, որ վերջինս գործարար է։
Ավելին՝ կանադական Real Estate ամսագրին գործակալության ղեկավար Սամ ՄըքԴադին հայտնել է, որ ստացել է երկու առաջարկ. մեկը՝ Մեծ Տորոնտոյի տարածքից մի գնորդից, մյուսը՝ իր հաճախորդից՝ «մի հաջողակ գործարարից, որն ապրել էր Դուլթոն պողոտայից ոչ հեռու և ծանոթ էր գույքին»։
Գույքը վաճառվել է հենց նրան։
Փաստացի, բաց աղբյուրները հերքում են նորաբաց կայքի պնդումը, թե գույքը վաճառվել է կազմակերպության, որի հետևում էլ քողարկվել է Փաշինյանը։ Միևնույն ժամանակ, գործարքի հեղինակը նշում է, որ գնորդը կանադացի գործարար է։
Ընդգծենք՝ հոդվածում չկան Փաշինյանին վերագրվող գործարքն ապացուցող փաստաղթեր կամ հետաքննական այլ նյութեր։
Լուրը տարածած կայքը, որ գրանցվել է timescanada.ca դոմեյնով, ընդամենը մի քանի օրական է․ ըստ WHOIS հարթակի՝ այն գրանցվել է 2025 թվականի սեպտեմբերի 4-ին, որից օրեր անց էլ հրապարակել է վերոհիշյալ հոդվածը։
Հատկանշական է, որ նորաբաց կայքը կրկնօրինակել է իրական The Times of Canada ԶԼՄ-ն, որը գրանցված է thetimesofcanada.com դոմեյնով։
Նորաբաց կայքը, փաստացի, տեղադրել է Тhe Times of Canada լրատվամիջոցի նույնական անունը, նմանակել է կայքի ինտերֆեյսը (ձևավորումն ու գույները) ընթերցողներին շփոթեցնելու նպատակով։
FIP.am-ը նախկինում անդրադարձել է կեղծ տեղեկություններ տարածող նորաբաց կայքերին, որոնք կիրառում են Doppelgänger-ի մեթոդը․ եզրույթը թարգմանաբար նշանակում է իրական մարդու կրկնօրինակ, սակայն թվային, տեղեկատվական համատեքստում այն ունի կեղծ, նմանակ կայքի կամ դոմեյնի նշանակություն։
Ինչպես է աշխատում այս մեթոդը: Նախ, փորձում են մոլորեցնել ընթերցողին: Ստեղծվում է կեղծ կայք, որի դոմեյնը կամ անունը շատ նման են իրական լրատվամիջոցի անվանը, օրինակ՝ BBC News-ին, սակայն իրականում այն կարող է լինել bcb-news.com, կամ France 24, բայց իրականում՝ courrierfrance24.com։ Ապա օգտագործվում է նույն կամ նման լոգոն, դիզայնը, լեզուն, որպեսզի ընթերցողի համար տարբերությունն աննկատ մնա։
Հաջորդիվ դրանք բնականաբար տարածում են ապատեղեկատվություն և շատ հաճախ ակտիվանում են կարևոր քաղաքական հանրային իրադարձությունների ընթացքում՝ ընտրություններ, պատերազմներ, բնապահպանական կամ քաղաքական զգայուն այլ թեմաներ։
Ապատեղեկատվություն տարածող ռեսուրսը որպես հոդվածի հեղինակ է ներկայացրել կանադական Glob News հեղինակավոր լրատվամիջոցի մեկնաբան Շոն Պրևիլին՝ օգտագործելով նրա լրագրողական պրոֆիլի լուսանկարը։
Ո՞ր աղբյուրներն են տարածել լուրը
FIP.am-ի մշտադիտարկումը ցույց է տվել, որ տեսանյութը տարածել է ադրբեջանական Haqqin.az քարոզչական ռեսուրսը, ինչպես նաև սոցիալական մեդիայի բազմաթիվ օգտահաշիվներ, այդ թվում նաև ռուսամետ քարոզչությամբ զբաղվողներ (1,2 )։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test