Հանձնաժողովը պիտի ունենա 5 անդամ, սկզբում 3 անդամ էր, հիմա՝ 4, շուտով նորից կլինի 3, քանի որ անդամներից մեկի լիազորությունների ժամկետը լրանում է․ խորհրդարանում ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին։ Վերջինս հետաքրքրվել էր՝ ինչո՞ւ հանձնաժողովը երկու տարի նախագահ չունի։
«Հարցը քվեարկության չենք դրել, որպեսզի ինքս իմ օգտին չքվեարկեմ եւ չդառնամ նախագահ»,- պարզաբանեց Մարիամ Գալստյանը՝ հավելելով, որ այդպիսով անդամների մասով մի փոքր տուժում է աշխատանքը, անդամների ծանրաբեռնվածությունն ավելանում է։ Իր մասով էլ ասաց՝ պարտականությունները ստացել է, բայց աշխատավարձը չի ստանում:
Հանձնաժողովն ունի 62 հաստիք, բայց համալրման կարիք կա, աշխատավարձը փոքր է, հոսունությունը՝ մեծ։
Գառնիկ Դանիելյանը խոսեց դատավորների բարեվարքության եզրակացությունների հրապարակման անհրաժեշտության մասին։ Մարիամ Գալստյանը պատասխանեց՝ օրենքն է այդպես սահմանում, որոշողն իրենք չեն։
«Ես այս պահին վերապատմելու եմ մի հեքիաթ, որն արժե 6,5 միլիոն դոլար»,- իր ելույթում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Պատգամավորի հեքիաթը վերաբերվում է 2022 թվականին ՀՀ կառավարության հատկացրած դրամաշնորհին՝ Մարտունիում, Դավիթաշենում, Աշտարակում, չորս ֆուտբոլային մարզադպրոց կառուցելու համար։ Այս տարի նոր նախագծա-նախահաշվարկման պայմանագրերն են կնքվել։
Ըստ ընդդիմադիր պատգամավորի, 2,5 միլիարդ դրամը քամուն է տրվել, 3 տարի էլ այդ գումարը ՀՀ պետբյուջեից փոխանցվել է ՀՖՖ-ին եւ նախագահ Մելիքբեկյան Արմենի տնօրինմանն է տրվել։ Պատգամավորը հիշեցրեց նաեւ Սնուփ Դոգի համերգի համար կառավարության փոշիացրած գումարը։
Մանրամասները՝ շուտով տեսանյութում
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանն այսօր խորհրդարանում ներկայացնում էր հանձնաժողովի 2024 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը։ Ըստ այդմ, 2024 թվականի ընթացքում բարեվարքության համակարգի տարրերի առնչությամբ դիմումների և մեդիա հրապարակումների հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում իրականացվել է ընդհանուր թվով 120 ուսումնասիրություն, որից՝ 49-ը մեդիա հրապարակումների, 48-ը՝ դիմումների հիման վրա, ևս 3-ը՝ հանձնաժողովում իրականացվող այլ գործընթացների շրջանակներում արձանագրված խախտումների հիման վրա: Նախորդ տարվա համեմատ` ուսումնասիրությունների ընդհանուր թիվն աճել է ավելի քան երկու անգամ՝ 54-ից հասնելով 120-ի: Նախորդ տարիների համեմատությամբ` էապես աճել է շահերի բախման դեպքերի վերաբերյալ հանձնաժողով հասցեագրվող դիմումների, ինչպես նաև վերաբերելի մեդիա հրապարակումների թիվը: 2024 թվականին իրականացված՝ վերը նշված 120 ուսումնասիրություններից 51-ը վերաբերել են շահերի բախման իրավիճակներին, անհամատեղելիության պահանջների վերաբերյալ իրականացված ուսումնասիրությունների թիվը կազմել է 40, վարքագծի կանոնների վերաբերյալ ուսումնասիրությունները եղել են 19- ը, նվերների ընդունման սահմանափակումների և այլ սահմանափակումների վերաբերյալ՝ 10-ը:
Հաշվետու տարում շահերի բախմանն առնչվող դեպքերը գերակայել են նաև մեդիա դաշտում։ Ուսումնասիրված հրապարակումներից 31-ը վերաբերել են շահերի բախման իրավիճակներին, 14-ը՝ անհամատեղելիության պահանջներին, 10-ը՝ վարքագծի կանոններին: Երեք դեպքում ուսումնասիրության առարկան վերաբերել է նվերների ընդունման սահմանափակումներին, իսկ մեկ դեպքում՝ այլ սահմանափակումներին: Ինչ վերաբերում է այլ գերատեսչություններից ստացված գրություններին և քաղաքացիներից ստացված դիմումներին՝ 23 դեպքում դրանք վերաբերել են անհամատեղելիության պահանջներին, 20-ը՝ շահերի բախման իրավիճակներին, 9-ը՝ վարքագծի կանոններին, 4-ը՝ այլ սահմանափակումներին: Երկու դեպքում ուսումնասիրության առարկան վերաբերել է նվերների ընդունման սահմանափակումներին:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test