Վերջին օրերին Նեպալում տեղի ունեցող բողոքի ցույցերն ու սրընթաց զարգացումները, որոնց նախաձեռնողը «Սերունդ Z» շարժումն է՝ համալրված երիտասարդներով, հանգեցրել է ոստիկանության հետ արյունալի բախումների, կառավարության հրաժարականի։ Պատճառն առաջին հայացքից սոցիալական ցանցերի արգելափակումն է, սակայն իշխանությունների այդ որոշումն ընդամենը բողոքի ցույցերի խթան հանդիսացավ։ Իսկ ճգնաժամն ավելի խորն է:
Նեպալում շատերը, հատկապես՝ երիտասարդները, մեկնում են արտերկիր՝ աշխատանք փնտրելու, իսկ երկրի բյուջեի մեկ երրորդը կազմված է արտասահմանից ստացված փոխանցումներից։ Եվ, ահա, սոցցանցերի արգելքը հանրության այս շրջանակներում ընկալվեց իբրեւ «բողոքի կամ դժգոհների բերանը փակելու, նրանց ձայները լռեցնելու բռնի փորձ», բայց սոցցանցային բռնի «լռեցման» որոշումն ավելի լայն բացեց դժգոհ հանրության աչքերը, իսկ բողոքի ալիքը դարձավ ավելի սոցիալական ու ցանցային՝ համակելով ամբողջ երկիրը:
Առհասարակ, վերջին տասնամյակներում, քաղաքացիական պատերազմից հետո, Նեպալը պարբերաբար անկայուն վիճակում է եւ ցնցումների մեջ. այս ընթացքում 13 կառավարություն է փոխվել։ Միապետությունը կորցրել է ժողովրդի վստահությունը, իսկ ժողովրդավարական ինստիտուտները չեն վերականգնել այն։ Շարունակվող քաոսի պայմաններում ցուցարարները հրկիզել են Նեպալի 2 հիմնական քաղաքական ուժերի պալատները, Հնդկաստանի սահմանին գտնվող ոստիկանական անցակետերը, ծեծի ենթարկել նախարարների, նախկին երկու վարչապետերին, որոնցից մեկի կինը մահացել է այն բանից հետո, երբ անկարգության մասնակիցներն այրել են նրանց տունը: Այրվել են նաեւ երկու նախկին վարչապետերի, ներքին գործերի նախարարի, գլխավոր դատախազի գրասենյակի եւ Նեպալի մայրաքաղաք Կատմանդուի շրջանային դատարանները։ Նախարարներին անվտանգության ուժերը տարհանել են, իսկ վարչապետն ու կառավարության ղեկավարը հրաժարական են տվել: Սակայն Նեպալի նախագահը դեռեւս հրաժարական չի տվել: Ուշագրավ է նաեւ, որ նեպալցի հանրությանն ու երիտասարդությանը ոգեշնչել է հարեւան Բանգլադեշի օրինակը, որտեղ ուսանողական բողոքի ցույցերն անցյալ տարի հանգեցրին կառավարության տապալմանը։
Ի դեպ, բողոքի ցույցերի առաջնորդները վստահեցնում են, որ կարողացել են «ծնկի բերել» իշխանությանը, եւ ժողովրդին են դիմել՝ չվնասել հանրային սեփականությունը, քանի որ այն շուտով անցնելու է իրենց իշխանության ներքո: Հակադիր բեւեռում՝ զինվորականները եւ երկրի նախագահը նույնպես համանման կոչ են արել՝ հորդորելով պահպանել հանգստություն, չոչնչացնել պետական սեփականությունը եւ համաձայնության գալ։ Կարեւոր է նաեւ, որ բողոքի ցույցերից օրեր անց կառավարությունը չեղարկեց սոցցանցերի արգելափակումը, բայց դրանով հարցը չլուծվեց, եւ քաոսը Նեպալում շարունակվում է: Թե որքանով կանսան իշխանության կոչին՝ հանդարտվել, համաձայնության գալ, դժվար է կանխատեսել՝ հաշվի առնելով, որ Նեպալի դեպքերը հագեցած են երիտասարդական տաքարյունությամբ։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test