Հայ–ադրբեջանական պատվիրակությունները հանդիպել են Սյունիքի և Զանգելանի հարավային մասում
sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik․ Անցած շաբաթ Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունները` Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի ղկավարությամբ, փոխադարձ այցելություններ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի մերձսահմանային՝ Սյունիքի մարզի և Զանգելանի շրջանի հարավային տարածքներ: Այս մասին
Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:
Նշենք, որ պատվիրակությունների կազմում
ընդգրկված են եղել Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի՝ պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության ծառայության, արտգործնախարարության և տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչները։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։