Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ». Ինչպես Հայաստանում Ջենիֆեր Լոպեսի համերգին գնալն է «պրեստիժ», այնպես Շարժայի Էմիրությունում Գրքի փառատոնին մասնակցելը hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ». Ինչպես Հայաստանում Ջենիֆեր Լոպեսի համերգին գնալն է «պրեստիժ», այնպես Շարժայի Էմիրությունում Գրքի փառատոնին մասնակցելը

«Հրապարակի» զրուցակիցն «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն է:

- Այս տարի եւս Գրքի երեւանյան փառատոնին մեծ թվով ընթերցասերներ մասնակցեցին՝ Հրապարակում հատկացված տարածքը լեփլեցուն էր։ Թեպետ մեր զրույցների ժամանակ շատ ենք քննարկում այն հարցը, որ հասարակության մեծամասնությունը չի սիրում գիրք կարդալ, սակայն փառատոնի աշխուժությունը, մարդկանց քանակը, գրքերի վաճառքը կարծես, այլ բանի մասին են փաստում: Օրինակ` սրանից տասը տարի առաջ գիրքը հանրությանն անհամեմատ ավելի քիչ էր հետաքրքրում, քան՝ այսօր: Ձեր կարծիքով` ի՞նչ նշանակություն ունի գրքի փառատոնը, նման փառատոներն ի՞նչ ազդեցություն են թողնում հասարակության վրա:

- Մի հայտնի մետաֆոր կա` «ասեղ գցելու տեղ չկա»: Ես դա առաջին անգամ տեսել եմ Թբիլիսիում` գրքի փառատոնի ժամանակ: Թբիլիսիի գրքի փառատոնի տոնավաճառը զբաղեցնում էր մեր հրապարակի օղակի չափի երկու մասնաշենք: Որպեսզի տասը մետր առաջ քայլեմ, ինձ տասը րոպե ժամանակ պետք եկավ: Այնքան կիպ էին ընթերցողներն իրար կանգնած, որ տասը մետր առաջ շարժվելը խնդիր էր: Բառի բուն իմաստով՝ ասեղ գցելու տեղ չկար.... Այժմ ասել, որ Երեւանի գրքի փառատոնը լեփլեցուն էր, այդքան էլ ճիշտ չէ: Եթե մի փոքր սենյակում տասը հոգով հավաքվենք, էլի կարող ենք ասել, որ սենյակը մարդկանցով լեփլեցուն էր: Ամեն բան համեմատության մեջ է: Վրաստանում 14 անգամ ավելի շատ են գիրք գնում, քան՝ Հայաստանում: Սրանք հրապարակված թվեր են: Համեմատության մեջ, երեւանյան գրքի փառատոնին քիչ մարդ էր մասնակցում: Իրականում, հատկացված տարածքը բավականին փոքր է, սակայն գուցե հետաքրքրվողների համեմատ մեծ է: Մեկ այլ չափանիշ էլ կարող եմ նշել, թե մենք ինչպես ենք վերաբերվում գրքին, վրացիներն ինչպես են վերաբերվում: Հայաստանում հրատարակվող գրքերի 90 տոկոսն ունի կոշտ կազմ: Եթե մենք, օրինակ, նույն գրքից տպում ենք ե՛ւ փափուկ կազմով, ե՛ւ կոշտ, կոշտ կազմովը թեպետ 1000-2000 դրամ ավելի թանկ է, սակայն վաճառվում է, իսկ փափուկ կազմը չի վաճառվում: Սա ի՞նչ է նշանակում․ նշանակում է, որ հայ քաղաքացին հիմնականում գիրքը գնում է ոչ թե ընթերցելու համար, այլ՝ կա՛մ նվիրելու, կա՛մ ինչ-որ մի գեղեցիկ տեղ դնելու համար. գրասեղան կլինի, թե գրադարակ՝ էական չէ: Վրաստանում վաճառվող գրքերի 90 տոկոսը փափուկ կազմով է: Այսինքն` վրացիները գիրքը գնում են ընթերցելու համար, ի տարբերություն հայերի: Մեզանում հիմնական ընթերցողը 35-45 տարեկան է: Վրաստանում հիմնական ընթերցողը 13-25 տարեկան է: Վրաստանին սպասվում է մեծ ապագա` այս առումով:

- Ձեր ֆեյսբուքյան էջում գրել էիք, որ 10 անուն գիրք հրատարակողին եւ 1000 անուն գիրք ունեցողին չպետք է գրքի համար հավասար չափի տաղավարներ հատկացնել, ակնարկել էիք, որ այդպես արդար չէ: Էլ ի՞նչ բացեր կան փառատոնի հետ կապված, որ արժե մատնանշել:

- Այո, սովետական մտածելակերպից մնաց այս երեւույթը՝ «ուռավնիլովկան»: Չեմ էլ ուզում հայերեն համարժեքն ասել: Այն նախատեսում է, որ բոլորին պետք է նույն չափի տարածք հատկացնել: Ինչո՞ւ, որովհետեւ անվճար է: Ես դեմ եմ ցանկացած անվճար բանի: Միայն թակարդի պանիրն է անվճար: Ես չէի ցանկանա, որ հարկատուի հատկացրած հարկերը ծախսվեին ինձ տարածք տրամադրելու համար: Եթե ինձ անհրաժեշտ է ավելի մեծ տարածք, ապա ավելի լավ է ես դրա համար վճարեմ, միայն թե թող տան այդ հնարավորությունը: «Անտարես»-ին էլ են հատկացնում իքս քառակուսի մետրով տարածք, այն հրատարակչությանը, որն ունի երկու-երեք հրատարակած գիրք՝ նրանց էլ: Մենք մեր հրատարակած գրքերի միայն 20 տոկոսն ենք կարողացել ներկայացնել տոնավաճառին, այն էլ՝ գրադարակում շարված գրքերի տեսքով: Այդպես ենք կարողացել աշխատել: Ես կուզեի, որ ընթերցողին կարողանայինք ներկայացնել ավելի մանրամասն: Մյուս ցանկությունս ու խորհուրդս փառատոնի կազմակերպիչներին այն է, որ հաջորդ փառատոնին ներգրավվեն տարբեր մարզերից` քաղաքներից գրադարանավարներ: Գրադարանավարն է այն կարեւոր մասնագետը, որ կարող է ընթերցանությանը վերելք ապահովել: Գրադարանավարների համար հարկավոր է կազմակերպել թրեյնինգներ, բլոգերային հմտություններ սովորեցնել նրանց, որպեսզի գրադարանը դառնա առաջնորդ, տանի իր հետեւից ընթերցողին դեպի գրքի աշխարհ: Մեզանում կան գրադարանավարներ, որոնց վերջին կարդացած գիրքը Ֆրանց Կաֆկայի ստեղծագործություններն են: Այսինքն` կարդացել են 100 տարի առաջ գրված գործեր, դա ցույց է տալիս, որ կան մեծ խնդիրներ: Բայց մեզանում քանի որ գրադարանավարը ստանում է հավաքարարից ավելի քիչ աշխատավարձ, իրավիճակն այսպիսին է: Ի դեպ` հավաքարարը կարող է մի քանի տեղ աշխատել, իսկ գրադարանավարը` ոչ: Ութ ժամ մի տեղ աշխատելու համար ստանում է չնչին աշխատավարձ: Յուրաքանչյուր գրադարանավար պետք է տեղյակ լինի ժամանակակից գրականությունից, նոր հրապարակումներից, հրատարակվող գրքերից, հոդվածներից եւ դա կարողանա փոխանցել ընթերցողին: Օրինակ` Շվեդիայում երբ երեխան դառնում է վեց ամսական, նրանց այցելում է գրադարանավարը: Հայաստանում ո՞վ է այցելում մեր տներ. լույսի, գազի, ջրի, աղբի մարդը, մեկ-մեկ` ոստիկանը, Աստված մի արասցե` երբեմն՝ բժիշկը: Շվեդիայում գրադարանավարը գնում է բնակարաններ, ասում է` բարեւ ձեզ, ես գրադարանավար եմ, հանձնում է երեխայի ծնողներին գրքույկներ, հանձնարարականներ է տալիս ծնողներին, թե ինչպես այն մատուցեն երեխային կամ երեխաներին, եւ վերջում անպայման զգուշացնում է, որ ծնողն ուշադրություն դարձնի երեխայի ռեակցիային, որպեսզի ըստ դրա հաջորդ անգամ մասնագետը որոշի, թե ինչ գիրք փոխանցի երեխային.... Շվեդ երեխաները մեծանում են այդպես:

- Փառատոնի ժամանակ քանի՞ գիրք վաճառեց «Անտարես»-ը:

- Վաճառել ենք 799 գիրք` երեք օրվա մեջ: Շատ լավ ցուցանիշ է իրականում, բայց, օրինակ, Թբիլիսիում խոշոր հրատարակչությունները վաճառում են 50-60 հազար գիրք: Թվերը երբ համեմատում ենք մեր հարեւանների հետ, պատկերը մտահոգիչ է: Իրանում էլ պատկերը բավականին լավ է: Շարժայի Էմիրությունում մարդիկ սայլակներով են գիրք գնում, մեզ մոտ նման սայլակներով գնումներ կատարում են սուպերմարկետներում: Նրանց համար գրքի փառատոնը իսկական տոն է: Ինչպես Հայաստանում Ջենիֆեր Լոպեսի համերգին գնալն է «պրեստիժ», այնպես` Իրանում, Շարժայի Էմիրություններում գրքի փառատոնին մասնակցելը: Եզրափակելով խոսքս՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել Գրքի երեւանյան փառատոնի կազմակերպիչներին, բայց հատկապես հայ հարկատուին, որի հարկերի արդյունքում փառատոնը կայացավ:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test