Կիրակի օրը հայտնի դարձավ, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում Հայաստանում նախատեսվում է հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի եւ Սերդար Քըլըչի հանդիպումը: Թուրքական լրատվամիջոցների հայտնած լուրը քիչ անց հաստատեց նաեւ Հայաստանի ԱԳՆ-ն:
Թուրքական NTV-ն հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնում էր, որ Սերդար Քըլըչի գլխավորած պատվիրակությունը, ենթադրաբար, Հայաստան է ժամանելու «Ալիջանի» սահմանային անցակետով: «Հանդիպումը կարող է ներառել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ երկկողմ հարաբերությունները կարգավորելու որոշումների կայացում եւ նախկինում համաձայնեցված որոշումների իրականացում»,- նշել էր լրատվամիջոցը։ Թուրքական լրատվականները միեւնույն ժամանակ կարեւորել էին, որ Անկարայի եւ Երեւանի միջեւ շփումներն ակտիվացել են անցյալ ամիս Վաշինգտոնում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության հռչակագրի ստորագրումից հետո։
Հայ եւ թուրք բանագնացները դեռեւս 2022թ. հուլիսին Վիեննայում՝ չորրորդ հանդիպման ժամանակ պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: 2022թ. ամռանը երկու արտգործնախարարությունների` հատուկ ներկայացուցիչները քննարկել էին հարաբերությունների լիարժեք կարգավորմանը հասնելու հնարավոր քայլերը` ընդգծելով կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու պայմանավորվածությունը:
Հայկականի կողմը վերակառուցեց Մարգարայի անցակետը՝ ծախսելով շուրջ 1 մլրդ դրամ, սակայն պարզ չէր, թե երբ իրականություն կդառնա այդ պայմանավորվածությունը։
Երեք տասնամյակ առաջ փակված անցակետը երկու անգամ բացվեց։ Առաջին անգամ կամուրջը բացվեց 2023-ի փետրվարին. Երեւանը 100 տոննա մարդասիրական օգնություն ուղարկեց Թուրքիա՝ Ադիյաման քաղաքում փետրվարի 6-ին տեղի ունեցած աղետալի երկրաշարժից տուժածների համար։ Երկրորդ անգամ կամուրջը 10 օրով բացվեց այս տարվա մարտին՝ մարդասիրական օգնություն Սիրիա ուղարկելու համար։
Ինչպես հայտնի է, պաշտոնական Անկարան մշտապես հայտարարում էր, որ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները փոխկապակցված են եւ հայ-թուրքական սահմանը կբացվի հայ – ադրբեջանական բանակցությունների դրական ելքի դեպքում։
Սեպտեմբերի 1-ին Չինաստանում կայացավ Նիկոլ Փաշինյանի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Նրանք շեշտել էին կառուցողական մոտեցումների պահպանման անհրաժեշտությունը՝ փոխվստահության մթնոլորտի ձեւավորման եւ տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման նպատակով, պայմանավորվել էին շարունակել երկխոսությունը։ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ցամաքային սահմանը փակ է 1993 թվականից: Թուրքիայի պաշտոնյաները պարբերաբար խոսել են հայ-թուրքական սահմանի բացումից եւ նշել, որ քննարկվում են տեխնիկական բնույթի հարցեր:
Երեւանի ու Անկարայի միջեւ կարգավորման նոր գործընթացը մեկնարկել է 2020թ. 44-օրյա պատերազմից հետո։ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը առարկայական փուլ մտավ 2021թ. դեկտեմբերին: Երեւանն ու Անկարան հայտարարեցին, թե պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել եւ երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին:
2022թ. հունվարի 14-ին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մտավ առարկայական փուլ։ Պաշտոնական Երեւանը եւ Անկարան կառուցողական որակեցին իրենց հատուկ բանագնացների միջեւ այդ օրը Մոսկվայում կայացած առաջին հանդիպումը։ Շուրջ երկու ժամ տեւած բանակցություններից հետո Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարությունները բառացիորեն միեւնույն տեքստը տարածեցին՝ հայտարարելով, թե համաձայնել են հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների։ «Կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների», – ասվում էր կողմերի հայտարարություններում։ Իսկ փետրվարին կայացած բանակցությունների երկրորդ փուլից հետո պաշտոնական Երեւանն ու Անկարան հայտարարեցին՝ վերջնական նպատակը Հայաստանի ու Թուրքիայի միջեւ լիարժեք կարգավորումն է:
2022թ. դեկտեմբերին Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը, սակայն նշեց, թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկա փուլում որոշակի խնդիրներ կան։ Առկա խնդիրների լուծմանը հետամուտ պետք է լինեն տարածաշրջանային երկրները, ընդգծել էր բանագնացը՝ նկատելով՝ վերջին շրջանում ԵԱՀԿ-ն, Եվրամիությունը սկսել են միջամտել եւ խնդիրը միջազգայնացնել, ինչը թուրք դեսպանը սխալ է համարել։ «Տարածաշրջանային երկրներն իրենց խնդիրներն իրենց նախաձեռնությամբ պետք է լուծեն եւ տեր կանգնեն դրանց: Այս պահին մենք Ռուբինյանի հետ միասին հենց սա ենք փորձում անել», – ասել էր թուրք բանագնացը։
Ընդգծելով, որ կարգավորման գործընթացի շրջանակներում առարկայական քայլեր են կատարվում՝ Սերդար Քըլըչը շեշտել էր, որ շատ կարճ ժամկետում Հայաստանի ու Թուրքիայի միջեւ օդային երկկողմանի ավիաբեռնափոխադրումներն են սկսվելու: Եթե Հայաստանում ժողովրդի կենսամակարդակի բարձրացում եւ բարգավաճում է ակնկալվում, ապա դրա ուղին, ըստ թուրք բանագնացի, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումն է։ «Հիմա պատկերացրեք՝ երկու սահմանային անցակետ ունենք, մեկը երկաթուղային, մյուսը՝ ավտոճանապարհային: Դրանք բացվելու պարագայում՝ Ալիջան սահմանային անցակետի առջեւ Երեւանն է գտնվում: Երկաթուղու համար նախատեսված Աքյաքա անցակետի դիմաց էլ Գյումրին է գտնվում… Այժմ Ռուսաստանի դեմ իրականացվող տնտեսական պատժամիջոցների պայմաններում, եթե Հայաստանի հետ առեւտրի բնագավառում առկա խնդիրները հաշվի առնենք, սա Հայաստանի ժողովրդի կենսամակարդակի վրա շռնդալից ազդեցություն կարող է ունենալ», – 2022-ին նշել էր Քըլըչը։
Պաշտոնական Երեւանը մշտապես հայտարարել է սահմանն օր առաջ բացելու պատրաստակամության մասին։ Անկարան, մինչդեռ, հաշտեցումը կապել է հայ – ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ, նշելով, որ հայ-թուրքական սահմանը կբացվի հայ-ադրբեջանական բանակցությունների դրական ելքի դեպքում՝ շեշտելով՝ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները փոխկապակցված են։
Ավելին, թուրք պաշտոնյաներն այս ընթացքում մշտապես նշել են, որ Թուրքիա- Հայաստան բանակցությունների գործընթացին, ըստ էության, Ադրբեջանն էլ է մաս կազմում, եւ Անկարան ամեն ինչ համաձայնեցվում է Բաքվի հետ:
Վաշինգտոնյան պայմանավորվածություններից, փաստաթղթերի ստորագրումից հետո, այժմ, Անկարայի հերթն է` ցույց տալու, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը կանգնած չէ:
Արդյո՞ք Անկարան համարում է, որ Հայաստանը ակնկալվող բոլոր զիջումներն արել է եւ այժմ պետք է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում գնալ նշանակալի քայլերի…
Սեպտեմբերի 8-ին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մանրամասներ ներկայացրեց Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ նախատեսվող հանդիպման վերաբերյալ։ Լրագրողների հետ ճեպազրույցում նա նշեց, որ հանդիպմանը քննարկվելու է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ողջ օրակարգը։ «Կքննարկվեն այն քայլերը, որ արվել են մինչ այս, եւ այն քայլերը, որոնք դեռ ընթացքի մեջ են։ Գիտեք, որ մի քանի թեմա է եղել քննարկման այս տարիների ընթացքում։ Վերջին մեր հանդիպումից հետո հանդիպում տեղի ունեցավ Կարս-Գյումրի երկաթգծի վերականգնման համար անհրաժեշտ տեխնիկական պարամետրերը քննարկելու շուրջ։ Այս ամբողջ սպեկտրը կքննարկվի։ Գիտեք նաեւ, որ թեմա կա Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ, իսկ ընդհանուր գլխավոր թեման հարաբերությունների կարգավորումն է», նշել էր Ռուբինյանը։ Պատասխանելով հարցին, թե արդյոք հայ-ադրբեջանական գործընթացում արձանագրված համաձայնությունները կարող են ազդակ դառնալ հայ-թուրքական հարաբերություններում գործնական քայլերի համար, Ռուբինյանը պատասխանել էր, որ վաշինգտոնյան հռչակագիրը շատ կարեւոր իրադարձություն էր, որը միանշանակ կազդի տարածաշրջանային գործընթացների վրա դրական կերպով եւ ընդհանրապես տարածաշրջանից դուրս գործընթացների վրա եւս։ «Այս առումով, այո, մենք լավատեսական ենք տրամադրված»,- ընդգծեց Ռուբինյանը։
Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի բացմանը, Ռուբինյանը նկատել էր, որ սահմանի բացման մասին է հենց այս ամբողջ գործընթացը. «Այն վերաբերում է Թուրքիա–Հայաստան փակ սահմանի բացմանը եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը։ Բնականաբար, քննարկումներն էլ հիմնականում սրա մասին են։ Ճիշտ եք, որ երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր կրողների համար սահմանի բացման պայմանավորվածությունը չի իրագործվել մինչ այս պահը՝ ոչ մեր մեղքով։ Բայց մենք հույս ունենք, որ այն կիրագործվի»։
Ամփոփումը` վաղվա համարում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.09.2025
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test