Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ». Ինչպես եղավ, որ «ոսկե ձվեր ածող» գործարանը սնանկացավ hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ». Ինչպես եղավ, որ «ոսկե ձվեր ածող» գործարանը սնանկացավ

Արդեն մի քանի տարի է՝ Դիլիջան քաղաքի հանքային ջրերի երկու գործարանները՝ հանքային ջրերի մայր գործարանը եւ «Ֆրոլովա» անվանումով ձեռնարկությունը, չեն գործում։ Դիլիջանի բնակիչ, «Միմինոյի հերոսները՝ Դիլիջանում» հյուրատան սեփականատեր Արմեն Մարտիրոսյանը ցավ է ապրում, որ միջազգային հեղինակավոր մրցույթներում որակի բազում մրցանակներ շահած Դիլիջանի հանքային ջրերի գործարանը տեւական ժամանակ պարապուրդի է մատնված, հանքային ջուրն ակունքից թափվում է եւ խառնվելով այլ ջրերի հետ՝ հոսում է Ադրբեջան։ Երկար ժամանակ գործարանի աշխատողներն անգործության են մատնված։ Դիլիջանի ծայրին, Աբովյան 25 հասցեում գտնվող հանքային ջրերի գործարանում հիմա միայն պահակներն են, գործարանի արտադրամասը կողպված է։

Արմեն Մարտիրոսյանը պատմեց, որ ինքը կազմակերպել է դիլիջանցի երեխաների, այդ թվում՝ իր որդու մասնակցությամբ Դիլիջանում բողոքի ակցիա, 3 պատանի պարզել են պաստառներ՝ «Պահանջում ենք հանքային ջուրը ժողովրդին, ոչ թե՝ անիմաստ հոսքին», «Չենք ուզում դատական քաշքշուկներ, ուզում ենք գործող գործարան», «Վերաբացենք գործարանը, փրկենք Դիլիջանը» կարգախոս-գրառումներով։ Ա․ Մարտիրոսյանն ասաց նաեւ, որ Դիլիջանի հանքային ջրերի գործարանն ունեցել է 3 փայատեր՝ գործարանի նախկին տնօրեն, Դիլիջանի բնակիչ Ժորա Սագարյանը եւ իր երեւանաբնակ դուստր Լիանա Ստեփանյանը միասին ունեցել են 51 տոկոս բաժնեմաս, մնացած 49 տոկոսը պատկանել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին (Բուռնաշ)։ Մարտիրոսյանի տվյալներով՝ Դիլիջանի հանքային ջրերի գործարանն ամերիկյան մի ընկերության հետ պայմանագիր է կնքել, որով ԱՄՆ արտադրանք է առաքել, սակայն այդ խմբաքանակն ամերիկյան ընկերությունը հրաժարվել է ընդունել՝ նշելով, որ այն փչացած է, եւ հանքային ջրերի գործարանը դրա հետեւանքով հայտնվել է ֆինանսական ծանր վիճակում՝ գործարանը ճանաչվել է սնանկ, գործարանի նոր սեփականատեր է դարձել «Գոլդեն սփրութ» ընկերությունը։ Գործարանի սնանկության գործով կառավարիչ Նարեկ Խաչիկյանի կազմած փաստաթղթով՝ Դիլիջանի հանքային ջրերի գործարանի պարտապաններ են Երեւանի բնակիչ Լիանա Ժորայի Ստեփանյանը,Դիլիջանի բնակիչ Ժորա Աշոտի Սագարյանը եւ Երեւանի բնակիչ Արամ Աշոտի Աղաբաբյանը։ Այս փաստաթուղթը Մարտիրոսյանի ձեռքում է։

Որպես գործարանի պարտատերեր են նշված «Ալլետս քամփնի», «Ալկաստոն» ՍՊԸ-ները, «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն, Դիլիջանի բնակիչներ Էլիանորա Ջանվելյանը, Վլադիմիր Դանիելյանը, Երեւանի բնակիչ Ռաֆայել Համբարձումյանը։ Ըստ այդ փաստաթղթի՝ Նարեկ Խաչիկյանը ծանուցել է, որ 2024թ․ հուլիսի 30-ին, ժամը 10-ին Երեւանի Արշակունյաց փողոցի նշված հասցեում տեղի կունենա պարտատերերի ժողովը, որի օրակարգում պարտապան «Դիլիջանի հանքային ջրերի գործարան» ՍՊԸ գույքի վաճառքի ծրագրի հաստատումն է։

Ես զանգահարեցի Ժորա Սագարյանին, նա հայտնեց, որ հանքային ջրերի գործարանը շուրջ մեկուկես տարի չի աշխատում, իրենց արտադրանքը նավով ԱՄՆ են ուղարկել, տեղափոխումը երկար է տեւել, նավում արտադրանքի թղթե պիտակները փչացել են։ Սագարյանն ասաց, որ «Դիլիջանի հանքային ջրերի գործարան» ՍՊԸ բաժնետոմսերի 51 տոկոսն իրենք հանձնել են Աշոտ Աղաբաբյանին։ Նա շատ բաներից անտեղյակ էր, սակայն ասաց․ «Աշոտ Աղաբաբյանի եւ իմ գլխին սարքել են»։

Սակայն Աշոտ Աղաբաբյանն ինձ հետ հեռախոսազրույցում հայտարարեց, որ ոչ ոք չի կարող իր գլխին սարքել, գործերը կարգավորելու համար իրենց ժամանակ է պետք։ Հղում արեց տնտեսական գաղտնիքին՝ հավելելով, որ ինֆորմացիա չունի տալու լրագրողներին։ Դիլիջանի հանքային ջրի բիզնեսով զբաղվում է նաեւ նրա որդին՝ Արամ Աղաբաբյանը։ Նա էլ մեզ հետո հեռախոսազրույցում հայտարարեց, որ իրենց մոտ ամեն ինչ նորմալ է, մոտ օրերս գործարանը կսկսի աշխատել։

Դիլիջանի հանքային ջրերի գործարանի սնանկության գծով կառավարիչ Նարեկ Խաչիկյանն էլ ասաց, որ սնանկության գործով կարող է տեղեկատվություն տրամադրել միայն պարտատերերին ու պարտապաններին, եթե ցանկանա լրագրողներին տեղեկատվություն հաղորդել՝ նման նախաձեռնություն կցուցաբերի, հիմա չի ցանկանում։ Զանգահարեցի նաեւ հանքային ջրերի գործարանի նոր սեփականատեր «Գոլդեն սփրութ» ընկերության տնօրեն Տիգրան Սաքանյանին։ Նա ծագումով Իջեւանի Աչաջուր գյուղից է, նախկինում՝ մինչեւ 2021թվականը, աշխատել է որպես Տավուշի մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանի օգնական։ Տ․ Սաքանյանը հայտնեց, որ վերջերս է նշանակվել «Գոլդեն սփրութ» ընկերության տնօրեն, այդ ընկերության անվանումը՝ անգլերենից թարգմանած, ոսկե հասկ է նշանակում, բայց տեղեկատվություն չտվեց ընկերության սեփականատերերի մասին, միայն հայտարարեց, որ Դիլիջանի հանքային ջրերի գործարանն առաջիկայում կաշխատի։ Սաքանյանին խնդրեցի կապվել ընկերության սեփականատերերի հետ, ստանալ նրանց համաձայնությունը եւ ընկերության մասին որոշ տեղեկատվություն տրամադրել ինձ, որ հրապարակման մեջ օգտագործեմ։ Որոշ ժամանակ անց նա զանգահարեց ինձ եւ զգուշացրեց, որ «սխալ բաներ գրելու դեպքում ինձ դատի կտան»։

Իսկ ինձ ընդամենը հետաքրքրում էր, թե ինչպես եղավ, որ մեծ շահույթներ բերող, «ոսկե ձվեր ածող» գործարանը հանկարծ սնանկացավ, արտադրանքի ընդամենը մի խմբաքանակի ապրանքային տեսքի փչացումն ինչպե՞ս գործարանը հասցրեց սնանկության, Ժ․ Սագարյանի խոսքերը, թե «սարքեցին իրենց գլխին», ինչ էին նշանակում, ովքե՞ր են Դիլիջանի հանքային ջրերի գործարանի նոր սեփականատերերը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test