Նիկոլ Փաշինյանը Հայաստանում իրական քաոս է ստեղծել, որտեղ օրենքը չի գործում, այլ գործում է առաջնորդի կամքը, եւ նրա քայլերն օրեցօր ավելի անկանխատեսելի են դառնում: Իրական պառլամենտական երկրներում գործադիր եւ օրենսդիր իշխանության ներկայացուցիչները, դատական իշխանությունը կարող են զսպել կառավարության ղեկավարի կամայականությունները, հակակշռել նրան, մեր երկրում դա անհնարին է թվում։
«Ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում երկրի վարչապետը պարբերաբար հայտարարում է, թե նախկին նախագահներն ու պաշտոնյաները թալանչի են, եւ իրեն մարդիկ մեղադրում են, թե ինչու նրանց չի դատում, «ԱԱԾ պադվալը» չի լցնում: Աժ ամբիոնից սպառնում է, թե ոչ մի մուկ եւ ոչ մի ձուկ չի պլստալու, մուրճն առած՝ հայտարարում է, թե «շինելու» է բոլորին, սրբազաններին մանկապիղծ է անվանում եւ այլն։ Փաշինյանի յուրաքանչյուր նման արտահայտություն կարող է դատական քննության առարկա դառնալ, նրան կարող են մեղադրել սահմանադրական կարգը տապալելու, մարդու իրավունքները ոտնահարելու, իր պաշտոնը չարաշահելու եւ լիազորությունները գերազանցելու, անկախ մարմինների գործառույթները յուրացնելու համար։ Բայց հատկապես ուշագրավ է, որ նման լեքսիկոնով խոսում են նաեւ ՔՊ-ական ուսապարկերը՝ սպառնում, դատական գործառույթներ ստանձնում։
Օրինակ, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, սեպտեմբերի 9-ին խորհրդարանում անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանի՝ համաներման մասին մտահոգություններին, հայտարարեց. «Պարոն Մամիջանյանն ինչ-որ առաջարկություն արեց՝ համաներման հետ կապված։ Ես որքան հասկանում եմ, դրա կարեւորությունը պայմանավորված է նրանով, որ ենթադրվում է, որ եթե համաներում լինի, որոշ իրենց նախկին գործընկերներ կարող են ընկնել այդ համաներման տակ։ Եթե առաջարկը դրան է վերաբերում, պատասխանը ես ինձ իրավունք կվերապահեմ ասեմ՝ ոչ, չի լինելու տենց համաներում: Չի՛ լինելու նենց համաներում, որ ձեր նախկին գործընկերներն ընկնեն էդ համաներման տակ»: Նման մի հայտարարություն էլ գյումրեցի պատգամավոր Էմմա Պալյանն է արել՝ անդրադառնալով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կալանքի տակ պահելու հարցին, հայտարարել էր, որ գյումրեցիներն իրենց շնորհակալությունն են հայտնում դրա համար. «Գյումրեցիները շնորհակալություն են հայտնում, որ Աջապահյանի մասին իրականությունն ենք ասում, չենք լռում»: Մեկ այլ պատգամավոր՝ Արթուր Հովհաննիսյան անունով, խոսում է Թագուհի Թովմասյանի գույքի՝ 4 բնակարանի մասին՝ նրան մեղադրելով շորթման մեջ։ Նման հայտարարությունները իշխանական խմբակում համարվում են օրինաչափ, սակայն ի՞նչ կարծիք ունեն այս մասին իրավաբանական հանրույթի ներկայացուցիչները:
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային, նկատում է. «Իրականում այս հայտարարությունները նրանց գործողությունների մեղմ տարբերակն են: Վերջերս Ազգային ժողովում ՔՊ-ականները մի հայտարարություն արեցին, որն աննախադեպ միջամտություն էր դատական գործերին: Նրանք գործերից մեկին տվեցին իրավական գնահատական, հայտարարեցին սպառնալիք պարունակող տեքստ եւ պնդեցին, որ բոլոր նրանք, ովքեր չեն կիսում իրենց տեսակետները, ահաբեկչության գաղափարակից են: Նման ինտենսիվ միջամտությունից հետո այս մյուս հայտարարությունները թերեւս տրամաբանական են: Պատգամավոր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու ժամանակ էլ ողջ ֆրակցիայով քվեարկեցին եւ ընդունեցին մի հայտարարություն, ինչը նշանակում է՝ ԱԺ ամենակարեւոր լիազորություններից մեկն օգտագործեցին ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ միջամտություն կատարելու համար: Դա մի կարմիր գիծ էր, որը հատելուց հետո այլեւս ամեն տեսակի կարմիր գիծ կարող են հատել: Եթե այլ պետություններում կամ մեր երկրում` իշխանափոխությունից առաջ, փորձում էին ինֆորմացիայի փշուրներ գտնել՝ գործերին քաղաքական երանգներ տալու համար, դրանք քաղաքական հետապնդում որակելու համար եւ այլն, ապա այսօր ամեն բան արվում է լրիվ բացահայտ: Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումները, նրա պատգամավորների հայտարարություններն ակնհայտ ցույց են տալիս, որ այս մարդիկ շրջանցում են բոլոր օրենքները: Պատգամավորներից մեկը վերջերս նույնիսկ հայտարարեց, որ այս ձերբակալություններն ու կալանավորումները չլինեին, օգոստոսի 8-ի հայտնի պայմանագիրը չէր ստորագրվի: Այս հայտարարությունը գալիս է հիմնավորելու, որ բոլոր իրավական պրոցեսները քաղաքական գործընթացները հեշտացնելու համար են»:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test