Մինչ փաշինյանական իշխանությունը փորձում է «խաղաղության» դարաշրջանը կապիտալիզացնել եւ ծառայեցնել իր ռեյտինգի բարձրացմանը, «խաղաղության» մյուս կողմը ներկայացնող Ալիեւը շարունակում է միջանցքային տերմինաբանության ներքո իր ակնկալիքներից խոսել։ Ալիեւը կասկած չունի, որ «Զանգեզուրի միջանցքը», որպես Միջին միջանցքի երթուղիներից մեկը, մոտ ապագայում կարեւոր դեր կխաղա` դառնալով «մայրցամաքները կապող հիմնական տրանսպորտային օղակ»։ Հայտարարությունը նա արել է նախօրեին։ Նույն օրը Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մեդի Սոբհանին բավականին էմոցիոնալ հայտարարեց, որ միջանցք չի լինելու՝ «զոռով ոչինչ չի լինում»։ Ըստ դեսպանի, ո՛չ վաշինգտոնյան համաձայնագրում, ո՛չ հռչակագրում միջանցքի մասին խոսք չկա, խոսքը ճանապարհի մասին է։
Այս հավաստիացումն օգոստոսի 8-ից առաջ ու հետո հարեւան երկրին տալիս է ու շարունակում է տալ Հայաստանի իշխանությունը՝ անկախ նրանից, որ գետնի վրա իրերն այլ բանի մասին են խոսում, ու, հավանաբար, հարեւան Իրանում հասկանում են՝ Թրամփի ուղին հնարավոր հակաիրանյան սցենարների դեպքում առանցքային նշանակություն է ունենալու։
Փորձագիտական շրջանակներն արդեն բաց խոսում են այն մասին, որ Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ նոր գործողության, ընդ որում՝ նաեւ ցամաքային դրսեւորումներով։ Պատահական չեն ահազանգերն այն մասին, որ մինչ 50 հազար զինյալ պակիստանցի վարձկան է ուղարկվում Ադրբեջան՝ ենթադրաբար, Աֆղանստանով ու Թուրքմենստանով։ Ըստ տեղեկությունների, որոնց մասին իր տելեգրամյան ալիքում գրել էր ռուս վերլուծաբան Անդրեյ Սերենկոն, զինյալները մարզվում են Պակիստանի միջգերատեսչական հետախուզության օգնությամբ՝ ադրբեջանցի հրահանգիչների ներքո, իսկ նրանց հետագա տեղափոխման հարցերով զբաղվելու են թուրքական եւ իսրայելական հետախուզական ծառայությունները։
«Հիմնական նպատակն Իրանն է, այդ միջանցքը Թրամփին հետաքրքրում է այնքանով, որքանով պետք է զորք եւ զինամթերք տեղափոխել։ Ալիեւը պղտոր ջրում ինքն է ուզում ձուկ բռնել, իսկ Փաշինյանն առհասարակ չկա, ո՛չ Նիկոլի, ո՛չ Ալիեւի դիրքորոշումներն այս հարցում նրան չեն հետաքրքրում»,- «Հրապարակ»-ին ասում է արտակարգ եւ լիազոր դեսպանորդ Վարդան Հակոբյանը՝ հիշեցնելով, որ դեռ իր պաշտոնավարման առաջին շրջանում Թրամփն իսրայելական լոբբիին խոսք էր տվել լուծել Իրանի հարցը։ «Էստեղ Թրամփի ու Իսրայելի կողմից Իրանի հարցերը վերջնական լուծելու խնդիրն է դրված, Թրամփն ուզում է մեծ գործերով մտնել պատմության մեջ, նա առաջին ժամկետում Իսրայելին Իրանի հարցում օգնելու խոստում է տվել եւ շարունակում է դա իրականացնել։ Այդ՝ «Թրամփի ուղի» կոչվածը, որը ներկայացվում է որպես զարգացման եւ այլն, ծխածածկույթն է»,- բացատրում է Վարդան Հակոբյանը՝ շեշտելով, որի Իրանն իր դեմ ուղղված մահացու վտանգը հասկանում է, ինչպես նաեւ Ռուսաստանն է հասկանում։
«Երկուսն էլ հաշվի չեն առնում ՌԴ-ին, Արեւմուտքը՝ ԱՄՆ-ն ու Իսրայելը, Թուրքիայի միջոցով այդ նպատակներին հասնելու համար իրենց ծրագիրն են իրականացնում, իսկ Հարավային Կովկասը դառնում է բախման դաշտ։ Սա խոշոր տերությունների շահերի խաչմերուկ է»։ Պատկերացնո՞ւմ է արդյոք Փաշինյանն այդ ամենի գինը։ Հարցին Վարդան Հակոբյանն արձագանքում է․ «Ժողովուրդը, քաղաքական դիտորդները միշտ նշում են՝ Նիկոլը պատկերացնո՞ւմ է, թե՞ ոչ, խելք ունի՞, թե՞ ոչ, փորձ ունի՞, թե՞ ոչ։ Այդ մարդը բերվել է այդ խնդիրները լուծելու համար, օգնելու համար, որ լուծվի այդ խնդիրը։ Խոսք է տվել, վերցրել է իր վրա այդ դերակատարումը եւ անում է, կարող էր խոսք տալ ՌԴ-ին եւ Իրանին եւ նրանց հանձնարարականները կատարեր»։
Վերադառնալով Թրամփի ուղուն կամ «Զանգեզուրի միջանցք»-ին, դիվանագետն ասում է՝ այն լոգիստիկ, կոմունիկացիոն միջոց է լինելու, Արեւմուտքի համար ամենակարեւորն այն է, որ հանկարծ Հայաստանը չփորձի Ռուսաստանին կամ Իրանին տեղի տալ, որոնք փորձում են խանգարել այդ ծրագրի իրականացմանը։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test