«Հրապարակի» զրուցակիցը Կիրանցի բնակիչ Անդրանիկ Նազարյանն է:
- Իշխանական եւ պրոիշխանական շրջանակները պնդում են, որ Կիրանց գյուղում ամեն բան լավ է, մարդիկ երջանիկ են, ապրում են բարեկեցիկ ու անհոգ կյանքով, լիարժեք խաղաղություն է հաստատվել, եւ նշում են, որ Կիրանցում 50 տուն է կառուցվում, ինչը փաստում է այն մասին, որ այդտեղ մարդկանց թիվն ավելանում է, կյանքը բնականոն հուն է վերադառնում: Կպատմե՞ք մեզ, թե խոսքն ինչի մասին է:
- Կառուցվում է 40 տուն` պետական ծրագրով, որը սահմանամերձ գյուղերին հատկացնում է տներ: Այն բավականին մեծ, անուն հանած ծրագիր է: Սահմանամերձ գյուղերում երկու փուլով` 16 միլիոն եւ 21 միլիոն դրամի չափով գումար է տրամադրվում, եւ կառուցվում է բնակարան: 50-ը չափազանցված թիվ է:
- Իսկ ի՞նչ տներ են, ովքե՞ր են կառուցում:
- Սովորական սեփական տներ են: Գյուղացիներին վարկ է տրամադրվում, կառավարությունը մարում է տոկոսներն ու մնացած ծախսերը: Քանի որ ես այս կառավարությանը չեմ վստահում, չեմ հավատում, չեմ էլ խորանում նրանց ասածների մեջ եւ ինքս չեմ օգտվում այդ ծրագրից: Մի տեղ որ այս իշխանությունը կա, դրանից լավ բան չի կարելի սպասել: Ծրագիրը զուտ հետեւյալն է` վարկի տեսքով գումար է տրամադրվում, տոկոսները փակում է պետությունը: Ինչ վերաբերում է տներ կառուցողներին, ապա նրանց մեծ մասը մեր գյուղացիք են: Այլ գյուղերում գիտեմ, որ այլ տեղերից էլ են եկել տներ կառուցելու, մեզ մոտ միայն կիրանցեցիներն են: Կոնկրետ այս ծրագրի երկրորդ փուլի պահանջներից է, որ լինես տվյալ համայնքի բնակիչ, որտեղ որ տունը կառուցում ես: Կիրանցի 40 տունը կառուցում են մեր գյուղի բնակիչները:
- Այն տները, որոնք հանձնվել են Ադրբեջանին, որտե՞ղ են այդ տների բնակիչները: Նրանք տներ չե՞ն կառուցում։
- Երկու տուն է հանձնվել, երկուսն էլ մեզ մոտ այժմ տուն չունեն: Չգիտեմ պատճառն ինչն է, բայց այս ծրագրի շրջանակներում հաստատ տուն չեն կառուցում: Խոսքը Սիմոնյան Մհերի եւ Թամրազյան Խանումի մասին է: Նրանց տներն են անցել Ադրբեջանին:
- Իսկ ինչպե՞ս են իրենց զգում կիրանցեցիները, Կիրանցում ամեն ինչ լա՞վ է, մարդիկ երջանի՞կ են, ոչինչ նրանց կյանքում չի՞ փոխվել: Որպես Կիրանցի երկարամյա բնակիչ, զգո՞ւմ եք որեւէ փոփոխություն տեղացիների կյանքում:
- Ինչպե՞ս կարող է կիրանցեցին ուրախ լինի: Լավ, էլի, խնդրում եմ, մի կրկնեք այդ անհեթեթ մտքերը: Ես կիրանցեցի եմ, ամեն օր իմ գյուղացիների հետ շփվում եմ, մարդիկ ո՞նց կարող են էս ամենից հետո ուրախ լինել: Ո՞նց եք պատկերացնում: Ենթադրենք՝ ինչ-որ մարդիկ տներ են սարքում, հետո՞ ինչ, դա նշանակում է, որ երջանի՞կ են: Հա, իհարկե, ցանկացած մարդ էլ իրեն լավ է զգում, որ տուն է կառուցում, բարեկեցիկ պայմաններով եւ այլն, բայց էդ սարսափելի ցավը բոլորիս սրտի մեջ է, տուն սարքողի սիրտն էլ է ցավում, չսարքողի սիրտն էլ է ցավում: Նա, ով ասում է, թե կիրանցեցին երջանիկ է, կիրանցեցու կյանքում ոչ մի բան չի փոխվել, կապիկություն է անում: Ես ուզում եմ հասկանալ՝ Կիրանցի բնակիչը ո՞նց կարող է ուրախ ու երջանիկ լինել: Լավ, ինչի՞ համար պիտի ուրախանանք: Ուրախանանք, որ մեր հողերը տվել են Ադրբեջանին, հա՞։ Դա ուրախանալու առիթ է, փաստորեն: Կամ որ ասում են՝ կիրանցեցու կյանքում ոչինչ չի փոխվել: Լո՞ւրջ: Անհարմար չե՞ն զգում: Այդ հայտարարություններ անողներին, այդ խեղկատակներին Դուք՝ լրագրողներդ, ավելի լավ եք ճանաչում մոտիկից, քան մենք: Ես չեմ կարող մեկնաբանել թրքասեր, ստոր ստախոսներին: Նրանք ամեն ինչ կարող են ասել, կարեւորը՝ իրենց իշխանությունը պահպանվի, կարեւորը՝ իրենց կյանքում ամեն ինչ լավ լինի, կարեւորը՝ կարողանան մարդկանց խաբել, հիմարի տեղ դնել: Այնպես չէ, որ ամբողջ օրը ողբում ենք, չէ, կյանքը շարունակվում է, մենք՝ բոլորս էլ, մեր առօրյա կյանքով՝ ուզած-չուզած, ապրում ենք, հարցը դա չէ, բայց բոլորիս սրտի խորքում մեծ տխրություն, դատարկության, անարդարության զոհ լինելու զգացում կա: Մեր տարածքները տվել են մեր թշնամուն: Եթե այդ փաստից ինչ-որ մեկն ուրախ է, ուրեմն թող ուրախ էլ մնա: Առանց չափազանցության եմ ասում` ես անձամբ իմ սեփական հողերը չեմ կորցրել, բայց մեծ ցավ եմ ապրում էն ամենի համար, ինչը կորցրել ենք: Ես դրանք համարում եմ իմ սեփական հողերը, ոչ մի տարբերություն` իմն էր, թե իմ հարեւանինը: Իմ հորեղբոր հողերը, որ թուրքին է անցել՝ իմն է, իմ հարեւանի հողը, որ թուրքին է հանձնվել՝ էլի իմն է: Ես ոչ մի տարբերություն չեմ տեսնում:
- Իսկ երեխաները գյուղի դպրոց հաճախո՞ւմ են:
- Կոնկրետ նախորդ տարի շատերին գիտեմ, որ գյուղի դպրոց չտարան իրենց երեխաներին: Այս տարի որոշ երեխաներ գնում են, բայց կոնկրետ, հստակ չեմ կարող ասել, թե նախորդ տարվա համեմատ ինչ պատկեր է: Ամեն դեպքում, շատ ծնողներ անհանգստանում էին եւ այդպես էլ իրենց երեխաներին չտարան Կիրանցի դպրոց:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test