Նեթանյահուն պարզապես փորձեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հաշվին դաղել Անկարային. Ցիպիս
sputnik
Վերջին տասնամյակների ընթացքում քանի անգամ է Իսրայելում բարձրացվել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Ու քանի անգամ է դա «հալվել»՝ մե՛կ Քնեսեթ հասնելիս, մե՛կ արդեն խորհրդարանի պատերի ներսում։ Եվ հանկարծ վերջերս վարչապետ
Բենիամին Նեթանյահուն հայտարարում է, որ անձամբ ինքը, հետևաբար նաև երկրի ողջ հրեա հասարակությունը, ճանաչում և դատապարտում է 1915 թվականի իրադարձությունները։ Անսպասելի է։
Սա ի՞նչ միջազգային աշխարհաքաղաքական ռազմավարության անսպասելի շրջադարձ է Իսրայելի կողմից: Մեր այս հարցին փորձել է պատասխանել իսրայելցի քաղաքագետ Սայմոն Ցիպիսը։
«Ցավոք, Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության հարցը վերջին տասնամյակներում մեծ քաղաքականության մեջ օգտագործվում է որպես խաղաքարտ։ Եվ այն միշտ խաղարկվում է մեկ խաղացողի՝ Թուրքիայի դեմ», - ասում է քաղաքագիտության դոկտոր Սայմոն Ցիպիսը։
Նրա խոսքով՝ այս կամ այն պետության կողմից Ցեղասպանության ճանաչումը գրեթե երբեք կապված չի եղել հայերի հանդեպ կարեկցանքի հետ։ Շատ հաճախ դա ընդամենը դիվանագիտական քայլ է՝ ուղղված Անկարայի դեմ։
«Նորագույն պատմության մեջ այնպես է ստացվել, որ հայ և հրեա ժողովուրդները նախևառաջ կապված են եղել այդ ողբերգությամբ՝ ցեղասպանության փաստով։ Այս բոլոր տարիներին հրեա ազգը հարազատություն և կարեկցանք է զգացել հայերի հանդեպ, որոնք վերապրել են այն, ինչ մենք: Ես դա անձամբ հաստատում եմ որպես հրեա և իսրայելցի»,–ասում է Ցիպիսը:
Ցիպիսի խոսքով՝ Իսրայելի և Թուրքիայի հարաբերություններն այժմ գտնվում են երկկողմ կապերի ողջ ընթացքում ամենալարված և վտանգավոր փուլում։ Գլխավոր պատճառը Սիրիայի՝ որպես բուֆերային գոտու անհետացումն է և Էրդողանի ձգտումը՝ վերահսկողություն հաստատել այդ երկրի տարածքի վրա ու մոտենալ Իսրայելի սահմաններին։
«Չի կարելի անտեսել այն հանգամանքը, որ Թուրքիան, այնուամենայնիվ, մահմեդական պետություն է։ Իսկ հիմա` Ասադի ռեժիմի անկումից հետո, Թուրքիայի նախագահ Էրդողանը չգիտես ինչու երևակայել է, որ կարող է դառնալ ողջ մահմեդական աշխարհի առաջնորդը», - ասում է իսրայելցի փորձագետը։
Ցիիսը նշում է որ Թուրքիան երկար տարիներ հանդիսանում է ՀԱՄԱՍ-ի հովանավորը, որը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին հարձակվեց Իսրայելի վրա, իսկ Էրդողանն ինքը «Մահմեդական եղբայրներ» արմատական իսլամիստական կազմակերպության անդամ է։
Այժմ իսլամական աշխարհում առաջնորդության համար պայքարում Թուրքիան բախվում է Իրանի հետ։ Եվ երկու երկրների համար էլ պարգև կարող է դառնալ Իսրայելի նկատմամբ հաղթանակը։
«Դա նույնիսկ ատելություն չէ Իսրայելի նկատմամբ։ Դա ընդամենը դարավոր պայքար է հենց իսլամական աշխարհի ներսում։ Իսկ Իսրայելն այդ պայքարում դիտվում է որպես ավար։ Նա, ով կկարողանա վերցնել այդ «ավարը», կլինի իսլամական աշխարհում առաջնորդության պայքարի հաղթողը», - ասում է նա։
Ինչ վերաբերում է Իսրայելի ազդեցությանը Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին, ապա Ցիպիսը շատ ինքնատիպ կարծիք է հայտնում։
«Ինչպես պարզվել է Իսրայելի և Իրանի միջև պատերազմի արդյունքների վերլուծության արդյունքում, Ադրբեջանը լուրջ, նկատելի դեր է խաղացել։ Բաքուն շատ սերտորեն աշխատել է Թել Ավիվի հետ, և որքան էլ փորձեն արևմտյան ԶԼՄ-ները թաքցնել այդ փաստը, ճշմարտությունը բացահայտվում է», - կարծում է նա։
Ենթադրվում է, որ Ադրբեջանը նույնիսկ իր օդանավակայաններն է տրամադրել իսրայելական կործանիչների լիցքավորման համար։ Չէ՞ որ դրանք 12 օր շարունակ հարվածներ են հասցրել իրանական տարածքին՝ չվերադառնալով իսրայելական օդանավակայաններ։ Նշանակում է` նրանք ունեին մոտակա օդանավակայան, որտեղ կարելի էր լիցքավորվել և զինամթերքով համալրվել։ Սայմոն Ցիպիսը վստահ է, որ նման ենթակառուցվածքով միակ տարբերակը հենց Ադրբեջանն էր։