Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում, երբ այսօր Բագրատ սրբազանի եւ մյուսների կողմից ահաբեկչության նախապատրաստման գործով պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը ներկայացրեց նիստը նախագահող դատավորին բացարկի միջնորդություն, մի շարք պաշտպաններ հանդես եկան հայտարարություններով:
-Անկախ դատավորի անձից՝ այս վարույթի մասով արդեն իսկ առկա է իշխանության այլ ճյուղերի կողմից միջամտություն, որը ֆորմալ առումով դրսեւորվել է ԱԺ-ի կողմից 2025 թվականի հուլիսի 3-ին ընդունված բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության եւ ժողովրդավարության պաշտպանության հայտարարությամբ:
Այս հայտարարության ընդունումն ինքնին համարում ենք միջամտություն դատական իշխանության գործունեությանը եւ անկախ դատավորի անձից՝ համարում ենք, որ անկողմնակալության եւ անկախության օրենսդրական չափանիշները չեն կարող կիրառվել: Արդեն իսկ կարող ենք խախտված համարել: Բացարկի կամ ինքնաբացարկի մասով անձի խնդիր չեմ տեսնում, տեսնում եմ համակարգային խնդիր: Այս գործը արդեն իսկ դուրս է եկել իրավական պետությունում ընդունված պատշաճ ընթացակարգերի շրջանակներից,- ասաց պաշտպաններից Ռուբեն Մելիքյանը:
-Արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի, այլեւ տեսանելի լինի,-Մելիքյանին շարունակեց պաշտպաններից Ալեքսանդր Կոչուբաեւը,- Եթե արդարադատությունն անտեսանելի է, դա հավասար է արդարադատության բացակայությանը: Տեսանելի արդարադատությունը քաղաքակրթական այն կարեւոր նվաճումներից է, որը հարգանք է ձեւավորում դատական իշխանության նկատմամբ: Անձով պայմանավորված՝ չեմ կարող ասել, որ դատավորը Կարեն Ֆարխոյանը այնպիսի վերաբերմունք ունի դատավարության մասնակիցների նկատմամբ, որ կարող է ստվերել այս գործընթացը:
Դատավորի անկողմնակալ լինելու չափանիշը անաչառ դիտորդն է, իսկ ինչ է անաչառ դիտորդը տեսել այս քրեական վարույթով ՝ անպաշտպան մնացած մեղադրյալներ, ժամկետի հրատապ խնդիրներ չունենալու պարագայում խափանման միջոցի հարցերի քննարկում…անձնապես չեմ հայտնում ձեզ բացարկ, բայց գտնում եմ, որ դուք պետք է ինքնաբացարկ հայտնեք՝ փրկելու արդարադատությունը եւ դա դարձնելու ավելի տեսանելի:
Այսօրվա դատական նիստում ինչպես արդեն հայտնել ենք, քննարկվեց Հրայր սարկավագի խափանման միջոցի հարցը եւ նիստը նախագահող դատավորին ներկայացված բացարկի միջնորդությունը:
Դատարանը որոշեց սարկավագի խափանման միջոցը թողնել չհեռանալու արգելքը եւ մերժել ներկայացված բացարկի միջնորդությունը: Այսօր գործով մեղադրյալ Մովսես Շարբաթյանի պաշտպանը չէր ներկայացել դատարան, ինչի համար նիստը հետաձգվեց մինչեւ հոկտեմբերի 2-ը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test