«Ես որեւէ մեկի սրտի դատավորը չեմ, որոշումները կայացնում եմ ինքնուրույն՝ առաջնորդվելով օրենքներով»,- ԱԺ-ում ասաց ԲԴԽ-ի կողմից Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր պաշտոնում առաջադրված դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին։
Ագնեսա Խամոյանը հայտարարել էր, որ «մարտի 1»-ի գործով ՀԱԿ երիտասարդների մասով մեղադրական վճիռ կայացրած դատավոր Արմեն Դանիելյանը այժմ դարձել է ՔՊ-ականների «սրտի դատավորը» եւ ձայնագրություն միացրեց՝ հիշեցնելով դատարանների շրջափակման օրը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ դատարանը շենքը չէ, այլ «միջի պարունակությունը»։ Եվ հակադարձելով ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին, որն Արմեն Դանիելյանին հորդորել էր՝ երիտասարդներին պատմել, թե ինչպե՞ս էր ՀՀ-ում արդարադատություն իրականացվում մինչեւ 2018 թվականը եւ ինչպես է իրականացվում դրանից հետո, Ագնեսա Խամոյանն ասաց․ «Միջի պարունակությունը դուք եք, պարոն Դանիելյան»։
Ագնեսա Խամոյանը նաեւ հետաքրքրվել էր՝ հետեւո՞ւմ է Արմեն Դանիելյանը Բաքվում ընթացող հայ ռազմագերիների դատավարությանը եւ ի՞նչ կարծիք ունի։
«Ինչ վերաբերվում է օտար երկրում ընթացող դատավարությանը, ես այս պահին նաեւ գործող դատավոր եմ, մինչդեռ ձեր հարցադրման մեջ քաղաքական բաղադրիչ կա, իսկ դատավորը քաղաքական զսպվածություն պետք է ցուցաբերի»,- պատասխանեց Արմեն Դանիելյանը։
«Ավելորդ համեստություն մի դրսեւորեք: Դուք մարդ եք, ով Արցախի նախագահների անձնական երաշխավորությունները բեկանել է։ Հիմա այդ մարդկանց դատում են եւ շատերը կարծում են, որ շատ սինխրոն գնում են այդ դատավարությունները»,- հակադարձեց Ագնեսա Խամոյանը՝ հիշեցնելով, որ ՀԱԿ ակտիվիստների մասով որոշումները Արմեն Դանիելյանը հիմա համարում է ճիշտ որոշումներ, բայց դրանք կայացրել է՝ առանց կողմերից մեկին լսելու։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը միջամտեց՝ դիմելով ընդդիմադիր գործընկերոջը․ «Ուզում եք ասել, որ Սերժ Սարգսյանի ժամանակ քաղբանտարկյալներ կայի՞ն, ասեք, ես էլ ծափ կտամ»։
Մանրամասները՝ տեսանյութում
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էլ հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է ստացվել, որ ամենաշատ կալանքի տանող դատավորն ինքն է։ Արմեն Դանիելյանը պատասխանեց, որ վիճակագրություն չի վարում, բայց վստահ չէ, որ այդ տեղեկությունը իրականություն է։ Տարակուսեց՝ իր այլ որոշումները, հավանաբար պարզապես չեն լուսաբանվում։
Ի դեպ, Արմեն Դանիելյանը հայտարարեց, որ Գառնիկ Դանիելյանի հետ ազգականներ չեն, պարզապես անվանման համընկնում է։ Վերջինս էլ հումոր արեց․ «Իշխանական լինեի, չէիք հրաժարվի, ընդդիմադիր եմ՝ հրաժարվո՞ւմ եք, մենք մոտ ազգականներ ենք»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test