«Մենք նախագիծն արդեն պատրաստ ունենք մշտական գործող էթիկայի հանձնաժողով ունենալու։ Սրա հետ կապված մեր դիրքորոշումը չի փոխվել։ Մենք առանձին դեպքերով էթիկայի հանձնաժողով չենք ստեղծում, բայց դրա փոխարեն նախաձեռնել ենք մշտական գործող էթիկայի հանձնաժողով ունենալ, որի գործունեության պարագայում քննարկման ենթակա որևէ դեպք միանգամից կդառնա այդ հանձնաժողովի քննարկման առարկա»,- հարցին՝ ի՞նչ կարծիքի եք ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի`Թագուհի Թովմասյանին ուղղված հայտարարությունների առնչությամբ էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցի վերաբերյալ, այսպես պատասխանեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ որպես պատգամավոր, հայ տղամարդ ո՞նց եք վերաբերվում Արթուր Հովհաննիսյանի պահվածքին, խոսե՞լ եք նրա հետ, նրա վարքագիծը կունենա՞ քաղաքական հետևանք, Վահագն Ալեքսանյանը պատասխանեց․ «Ես պարոն Հովհաննիսյանի հետ մշտապես խոսում եմ, այս դեպքից հետո էլ խոսել եմ, բայց դրա մանրամասները ձեզ հայտնել չեմ կարող։ Էս թեմայով որևէ հրապարակային մեկնաբանություն տալ չեմ պատրաստվում»։
Լրագրողների դիտարկմանը՝ Արթուր Հովհաննիսյանը ձեր թիմի անդամ է․ ուզեք-չուզեք՝ ձեր խմբակցության հեղինակության վրա է տարածվում նրա վարքագիծը, Վահագն Ալեքսանյանը պատասխանեց․ «Այս թեմայով հրապարակային մեկնաբանություն տալ չեմ պատրաստվում»։
Նա հայտնեց, որ շուտով մշտական գործող էթիկայի հանձնաժողով կլինի։
Լրագրողները ՔՊ-ական պատգամավորից նաև հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի «Հայաստան» խմբակցության՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին անվստահություն հայտնելու վերաբերյալ նախաձեռնությունը, նա պատասխանեց․ «Ֆանտաստիկ է ուղղակի, քանի որ ընդդիմադիր երկու խմբակցություններով չեն կարողանում կիսել իմպիչմենտի թեկնածուին ու այդպիսով որոշել են ավելի ցածր վերցնել։ Դատախազին անվստահություն են փորձում հայտնել․ վարչապետի շուրջ չկարողացան ընդհանուր հայտարարի գալ»։
Հարցին՝ Դուք մտավախություն չունե՞ք, որ Սամվել Կարապետյանի թիմը կարող է առավելություն ունենալ, խանգարել ՔՊ-ին 2026-ի ընտրություններին և այն, որ նրան մեկ խոսքի համար կալանքի տակ են պահում դրանից կարո՞ղ ենք եզրակացնել, որ «Քաղաքացիական պայմանագիրն» Սամվել Կարապետյանից վտանգ է զգում, ՔՊ-ական պատգամավորն այսպես արձագանքեց․ «Ոչ, չեք կարող»։
Լրագրողները նաև հետաքրքրվեցինք՝ հոգևոր մեծ հավաքի մասին, որ խոսում էր Նիկոլ Փաշինյանը, կարծես հետ է կանգնել այդ մտքից, Վահագն Ալեքսանյանն արձագանքեց․ «Դա տեղի կունենա։ Կարևոր հավաք է լինելու»։ Դիտարկմանը՝ տպավորություն է ստեղծվում, որ Նիկոլ Փաշինյանն իր խոսքով՝ եկեղեցու բարեփոխումներից հետ է կանգնել, հասկացել է, որ ժողովրդի կողմից լայն աջակցություն չէին կարող ունենալ եկեղեցու դեմ գործողությունները, ՔՊ-ական պատգամավորն այսպես արձագանքեց․ «Ինտենսիվությունը փոքր-ինչ գուցե նվազել է, բայց դա չի նշանակում, որ այդ նպատակը օրակարգում չկա»։
Լրագրողների դիտարկմանը՝ արդյոք Նիկոլ Փաշինյանի կողմից մուրճի նկարը հրապարակային ակնա՞րկ էր ընդդիմադիրներին կամ նախընտրական քարոզչական հնարք, Վահագն Ալեքսանյանն այսպես պատասխանեց․ «Էդ մուրճի մասին մենք երբեք էլ չենք մոռացել, դա եղել է մեր գործողությունների մեծ մասի հիմքում։ Ինչ վերաբերվում է թալանի վերադարձին, հենց էդ մուրճի ու մնացածի սինթեզով է ծնվել ապօրինի գույքի բռնագանձման օրենքը, որը ոչ էդ մուրճի, այլ դատավորի մուրճի հարվածներով շաբաթական ռեժիմով միլիոնավոր դոլարներ է վերադարձնում ՀՀ-ին»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ մուրճը հրապարակելը վախի մթնոլորտ ստեղծելու նպատակ չունի՞, որ ճնշումներ կլինեն ընդդիմադիրների նկատմամբ, ՔՊ-ական պատգամավորն այսպես արձագանքեց․ «Ես գտնում ու պնդում եմ, որ բոլոր օրինախախտները մշտապես պիտի ապրեն վախի մթնոլորտում։ Բոլոր այն մարդիկ, որոնք մեր պետության դեմ են գործում, մշտապես պիտի ապրեն վախի մթնոլորտում։ Եթե հենց հիմա էլ կա մի պաշտոնյա, որ մտածում է՝ կոռուպցիոն լավ բան է, ինքը կրկնակի անգամ ավելի շատ վախի մթնոլորտ պիտի զգա իր վրա»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test