Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Կաթողիկոսը տեսակցել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին azatutyun.am azatutyun.am

time
Կաթողիկոսը տեսակցել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը երեկ այցելել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ և տեսակցել ավելի քան 2 ամիս անազատության մեջ գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։

Լուրն «Ազատության» հետ զրույցում հաստատեց Մայր Աթոռի խոսնակ տեր Եսայի քահանա Արթենյանը՝ նշելով, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղեկցել են Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն ու Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։

«Վեհափառ Հայրապետը ժամանակին ցանկություն էր արտահայտել այցելելու Միքայել և Բագրատ Սրբազաններին, ինչպես նաև ազգային բարերար Սամվել Կարապետյանին։ Ցավոք, մերժում էր ստացվել», - հայտնում է Տեր Եսային:

Դատական նիստերից մեկի ընթացքում իշխանությունը զավթելու կոչի համար մեղադրվող Աջապահյանի պաշտպան Երեմ Սարգսյանն էր միջնորդել, որ արքեպիսկոպոսի հետ տեսակցության սահմանափակումները մեղմվեն և բացառեն միայն լրագրողների հետ հանդիպումը։ Փաստաբանը հիմնավորել էր՝ սրբազանը ամուսնացած չէ և ցանկանում է հանդիպել իր բարեկամների հետ։ Դատավորն էլ բավարարել էր պաշտպանական կողմի այս միջնորդությունը։

Մայր Աթոռից այլ մանրամասներ չեն հաղորդում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Շիրակի թեմի առաջնորդի հանդիպման վերաբերյալ։ Կարճ պատասխանի մեջ միայն նշված է. «Մայր Աթոռը խստորեն դատապարտում է Միքայել և Բագրատ Սրբազանների, ինչպես նաև ազգային բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող ապօրինի գործողությունները և պատվիրված դատավարական գործընթացները»։

Իշխանության և առաքելական եկեղեցու միջև հակասություններն առավել խորացան Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումներից հետո, որոնցում վարչապետը պահանջում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսի և այլ բարձրաստիճան հոգևորականների հրաժարականը։

Շիրակի թեմի առաջնորդի պաշտպանները Վերաքննիչ բողոք են ներկայացրել կալանքի ժամկետը երկարացնելու դատարանի որոշման դեմ։ Փաստաբանները պահանջում են բեկանել առաջին ատյանի դատարանի՝ օգոստոսի 15-ին կայացրած որոշումը, որով նա 10 օրով երկարաձգել էր սրբազանի կալանքը։

Վերջին՝ սեպտեմբերի 2-ի նիստի ժամանակ դատարանը որոշեց ևս մեկ ամսով երկարաձգել կալանքի ժամկետը։ Աջապահյանի 5 փաստաբաններից Մարինե Ֆարմանյանն «Ազատությանը» փոխանցեց, որ այս վերջին որոշումը ևս բողոքարկելու են։

«Ամբողջովին անհիմն է, և ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում Միքայել սրբազանի նկատմամբ: Իսկ դատաքննության փուլում առավել ևս սրբազանի նկատմամբ կալանքը երկարաձգելը միանգամայն անհիմն է, հստակ քաղաքական տարրեր է պարունակում», - ասաց Ֆարմանյանը:

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչի հոդվածով։ Մեղադրանքի հիմքում նրա մեկ տարվա վաղեմության մի հարցազրույց է, որտեղ հոգևորականը խոսել էր հեղաշրջման անհրաժեշտության մասին: Ընդ որում՝ մեկ տարի առաջ Գլխավոր դատախազությունը նույն այդ խոսքերում հանցակազմ չէր տեսել ու գործ չէր հարուցել: Դատախազությունը հիմնավորում է, թե նա այս հայտարարությունն արել է նաև 2025-ի հունիսին։ Մեղավոր ճանաչվելու դեպքում Միքայել Աջապահյանին սպառնում է տուգանքից մինչև 5 տարի ազատազրկում:

Օգոստոսի 15-ին մեկնարկած դատավարությունը ընթանում է շատ արագ։ Արդեն հասցրել են ճառերով հանդես գալ մեղադրողները, պաշտպաններից 4-ը։ Հաջորդ նիստին, որ տեղի կունենա սեպտեմբերի 15-ին, կհնչի վերջին պաշտպանական ճառը, հաջորդիվ ակնկալվում է, որ վերջին խոսքով ելույթ կունենա հենց ինքը՝ Շիրակի թեմի առաջնորդը:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test