Այդպիսի խորհուրդ էր տալիս 17-րդ դարի ֆրանսիացի փիլիսոփա Ռենե Դեկարտը
Բազմաթիվ իմ ծանոթներ ինձ ասում են՝ «Ես դավանում եմ քրիստոնեական արժեքները, բայց չեմ վստահում մեր հոգեւորականներին: Նրանք ցոփ ու շվայտ կյանք են վարում եւ ամենեւին չեն համապատասխանում քրիստոնեական առաքինությունների մասին պատկերացումներին»: Անվիճելի է, որ մեր, ինչպես նաեւ ռուս ուղղափառ, կաթոլիկ, բողոքական, իսլամ, հրեա եւ բոլոր այլ դավանանքները ներկայացնող հոգեւորականների մեջ կան նման մարդիկ:
Բայց այդպիսի կարծիք արտահայտողներին ես առաջարկում եմ պատասխանել հետեւյալ հարցին («թեսթի» հեղինակը ես չեմ): Եթե դուք գիտեք, ճանաչում եք կամ փնտրելուց հետո գտնեք մի քահանայի, որն ապրում է համեստ, ժուժկալ՝ միջին հայաստանցու կյանքով կամ նույնիսկ ավելի վատ (իմ կարծիքով՝ մեր քահանաների մե՛ծ մասը հենց այդպիսիք են), դուք ամեն կիրակի կգնա՞ք պատարագի այն եկեղեցում, որտեղ նա ծառայում է: Եթե՝ այո, ապա ձեր հավատը եւ, մյուս կողմից, դժգոհությունը հոգեւորականներից անկեղծ է: Եթե այդ հարցին պատասխանողները սկսում են խուսանավել, ապա նրանց պնդումները հոգեւորականների «աշխարհիկ մեղքերի» մասին պարզապես պատրվակ են հոգեւոր ծուլությունը քողարկելու համար:
Եկեղեցին այնքանով է մաքուր, որքան մենք ենք պարկեշտ, առաքինի եւ իրական հավատացյալ: Գուցե իմ կարծիքը միամիտ թվա, բայց ես վստահ եմ, որ եթե տվյալ համայնքի ներկայացուցիչները զուսպ, աստվածավախ կյանք են վարում, ապա քահանան, որն այդ համայնքին ծառայում է, չի համարձակվի, պայմանականորեն ասած, վերջին մակնիշի «Մերսեդեսը» նրանց առաջ «ճռռացնել» եւ առավոտվանից երեկո ռեստորաններում նստել: Մարդիկ, այդ թվում՝ հոգեւորականները, կարիք ունեն ոչ այնքան խրատների, որքան «մոդելների»:
Այդ օրինակը կարելի է տարածել նաեւ աշխարհիկ իշխանությունների վրա, բայց ոչ այն իմաստով, ինչպես սովորաբար դա անում են՝ «եկեք ընտրենք լավ իշխանություն»: Ես մեծ վերապահումներ ունեմ ընտրությունների «բուժիչ հատկությունների» վերաբերյալ: «Ժողովրդի կամքը» (եթե այդպիսին կա) կարելի է խեղաթյուրել՝ քվեաթերթիկները լցոնելով եւ թվեր նկարելով: Կարելի է ընտրողներին այս կամ այն ձեւով կաշառել: Կարելի է նաեւ նրանց պարզապես խաբել՝ օգտագործելով այս կամ այն քաղաքական տեխնոլոգիաները: Ո՞վ ասաց, որ նկարագրված վերջին ձեւն ավելի լավն է, քան մնացածները: Իսկ մեր նման երկրներում նաեւ շատ բան է կախված նրանից, թե արեւմտյան կառույցները հակված են «հաստատե՞լ» ընտրությունների արդյունքները, թե՞ մերժել դրանք: Դա էլ «ժողովրդի կամքի» հետ կապ չունի:
Թող հարգարժան ընդդիմադիրներն ինձ ներեն, բայց ես չեմ հավատում նաեւ մեզ բարեփոխելու մյուս «ավանդական» դեղատոմսին՝ «հեսա ժողովուրդը կընդվզի, դուրս կգա փողոց»: Այդ «ընդվզումը» նույնպես կարելի է կազմակերպել՝ դարձյալ փոխաբերական իմաստով ասած, ամեն մի դեռահասի ձեռքը մի-մի հատ «վուվուզելա» տալով եւ անտանելի աղմուկ ապահովելով: Այդ աղմուկից հետո ո՛չ ստորությունն է վերանում, ո՛չ էլ սրիկայությունը: 2018 թվականի իրադարձությունները եւ դրան հետեւած 7 տարին դրա վառ ապացույցն են:
Հոգեւոր կյանքի օրինակը ես բերեցի նրա համար, որ ցույց տամ այն ճանապարհը, որը ես եմ տեսնում, եւ դա ամեն մեկիս պատասխանատվության, մեր համերաշխության, մեր արժանապատվության ճանապարհն է: Այն երկրում, որտեղ քաղաքացիները մտածում են իրենց մարդկային եւ ազգային արժանապատվության մասին, Նիկոլ Փաշինյանի նման անձնավորությունը չի կարող ղեկավար լինել:
… Սովետի ժամանակ մարդիկ բողոքում էին անարդարություններից, ցեխավիկներից, պահեստապետներից, ռայկոմի քարտուղարներից ու մնացած «լավ ապրողներից», բայց գողանում էին երկու կոպեկանոց էլեկտրաէներգիան: Դրա համար էլ Սովետը քանդվեց:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
09. 09. 2025թ.
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test