«Վատ եմ վերաբերվում։ Առանձին խոսել եմ իմ գործընկերոջ հետ։ Եթե խոսում ենք կանանց հանդեպ խտրականության, սեռով պայմանավորված կարծրատիպերի վերարտադրության մասին, այս մասով ես անընդունելի եմ համարում հենց էդպիսի արտահայտությունները»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի՝ պատգամավոր Թագուհի Թովմասյանին ուղղված հայտարարություններին։
Անդրադառնալով Թագուհի Թովմասյանի հայտարարություններին՝ Զարուհի Բաթոյանն ասաց․ «Երբ մենք թիրախավորում ենք թմրանյութեր օգտագործող անձին, որն առողջական խնդիր ունեցող անձն է, որն ունի կախվածություն, դա ինձ համար անընդունելի է։ Անընդունելի է նաև այն, որ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամը կարող է թիրախավորել որևէ անձի և նաև կարծրատիպեր վերարտադրել»։
Լրագրողները հարցրին՝ Արթուր Հովհաննիսյանին նախատե՞լ է, պատգամավորը պատասխանեց․ «Իմ գործընկերոջ հետ խոսել եմ, խոսել եմ նաև խմբակցության ղեկավարի հետ և իմ դիրքորոշումը հայտնել։ Կարծում եմ՝ նման հրապարակումները, հանրային խոսքը քաղաքական մշակույթում պետք է տեղ չունենա։ Էդ իմաստով իսկապես ցավում եմ, որ տիկին Թովմասյանի սադրանքներին պարոն Հովհաննիսյանը տրվել է»։
Հարցին՝ կո՞ղմ է, որ այս հարցով էթիկայի հանձնաժողով ձևավորվի, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց․ «Էթիկայի հանձնաժողովի ձևավորմանը կողմ եմ։ Մենք այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացրել ենք։ Ընդդիմության հետ կառուցողական աշխատել ենք։ Հանձնաժողովը կստեղծենք արդեն առաջիկայում, բայց դա չի անդրադառնա եղած դեպքերին»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ իսկ Թագուհի Թովմասյանի հետ խոսե՞լ է, Զարուհի Բաթոյանը պատասխանեց․ «Ոչ, չեմ խոսել։ Կարծում եմ՝ տիկին Թովմասյանը, եթե իմ այս խոսքում կգտնի մխիթարանք, թող գտնի»։
Հարցին՝ առաջարկեցի՞ք, որ պարոն Հովհաննիսյանը՝ որպես քաղաքական պատասխանատվություն մանդատը վայր դնի, Զարուհի Բաթոյանը պատասխանեց․ «Չեմ առաջարկել նման բան։ Չեմ ուզում ավելին մանրամասնել, քան ասացի»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test