Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ». 2 գլխանի երեխաներ, 3 ոտանի հորթեր. ինչ միֆեր են տարածված hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ». 2 գլխանի երեխաներ, 3 ոտանի հորթեր. ինչ միֆեր են տարածված

Հանքարդյունաբերական գործունեություն ծավալելուց առաջ նախաձեռնողները պարտավոր են հանրային լսումներ կազմակերպել: Դա կարգավորվում է «Շրջակա ազդեցության մասին» օրենքով։ Կարգավորումները բխում են «Օրհուսի» կոնվենցիայից, ՇՄԱԳ փորձաքննության օրենքից։ Հանրային լսումները Հայաստանում գրեթե միշտ ընթանում են լարված մթնոլորտում, սովորաբար համայնքի բնակիչները համաձայն չեն հանքարդյունաբերություն ծավալելու առաջարկի հետ: Ամենաաղմկահարույցն Ամուլսարի դեմ պայքարն էր: Երկրաբան Շահեն Խաչատրյանը «Հրապարակի» հետ զրույցում նշում է՝ երեւի Հայաստանի ողջ բնակչությունը մասնակցեց այդ քննարկմանը, ուժեղ քարոզչություն էր տարվում կոնկրետ խմբերի կողմից: Վերջիվերջո, այն մարդը, որն ապրում է տվյալ բնակավայրում, որտեղ ապագա հանքը պիտի գործի, պետք է օգուտ ունենա դրանից, նրան պետք է բացատրել, որ եթե հանքն աշխատեց, դու այս մասով կմասնակցես դրա շահագործմանը, դու եւ համայնքը եկամուտ կստանաք։

«Մեզ մոտ, ցավոք սրտի, ինչքան հանրային քննարկման մասնակցել եմ, եւ հիմնականում մետաղական հանքավայրերին էր վերաբերում, չնայած վերջերս սկսել են նաեւ ոչ մետաղական հանքավայրերի դեմ խոսել՝ չհիմնավորված․․․ Ելնելով այսօր Հայաստանում տեղի ունեցող հանրային քննարկումներից, այս ձեւով մեզ դրանք պետք չեն: Դա, ըստ էության, ֆիկցիա է, օրենք է՝ կատարում են: Մարդը հանրային քննարկման գալիս է արդեն նախատրամադրված: Նախաձեռնողը գալիս է, ներկայացնում է ծրագիրը, սակայն քննարկմանը մասնակցողները չեն էլ լսում, թե ինչի մասին է նա խոսում, տեղից վեր է կենում ինչ-որ մեկն ու ասում՝ փոշի ես անելու, մյուսն ասում է՝ մեզ թունավորելու ես, երրորդն ասում է՝ մեր կանայք էլ երեխա չեն կարողանալու ունենալ: Այնպիսի տպավորություն ես ստանում, որ ապագա ընդերք օգտագործողը եկել է թունավորելու այս մարդկանց: Եվ այս ամենի կազմակերպիչները մի խումբ հասարակական կազմակերպություններ են, որոնք կասկածելի աղբյուրներից գումարներ են ստանում, դեռ պետք է պարզել, թե որտեղից են ստանում այդ գումարները, որպեսզի Հայաստանում հանքարդյունաբերությունը, տնտեսությունը չզարգանան, մենք մնանք միշտ տնտեսապես կախյալ վիճակում: Ես կասկածներ ունեմ, որ Ադրբեջանն ու Թուրքիան են այդ գումարները տալիս։ Նույն՝ Ամուլսարի դեպքում ասում էին, որ ցիան է լինելու, թունավորելու է եւ այլն․․․ Քաջարանի կոմբինատը 1970-ականներից աշխատում է, դեռ մի հարյուր տարի էլ կաշխատի… ճիշտ է՝ վթարներ են եղել, սակայն դրանք կառավարելի են եղել՝ 1-2 օրվա ընթացքում վերացվել են: Հիշո՞ւմ եք որեւէ արտառոց դեպք, որի պատճառով արժե փակել Քաջարանը։ Չկա։ Աշխարհի որ երկիրն ուզում եք վերցնել՝ հանքարդյունաբերությունն ունի շրջակա միջավայրի վրա ազդեցություն, սակայն դրանք կառավարելի են: Այդ ինչ է՝ աշխարհը չի՞ հասկանում․ Շվեդիան, Կանադան, Չինաստանը չե՞ն հասկանում: Այդ երկրները տիրապետում են հանքավայրերի զգալի պաշարների, Ֆրանսիայի ու Գերմանիայի հանքերը նայեք, որ թվերից սկսած՝ հսկայական թվով հանքեր ունեն»:

Խաչատրյանը շեշտում է, որ աշխարհում չկա այդպիսի օրինաչափություն, ստուգված փաստ, իրականացված ու ապացուցված հետազոտություն, որ հանքավայրի գործունեությունը հանգեցնում է չբերության: Մինչդեռ բոլոր տեսակի հանքերի գործունեությունը փորձում են կասեցնել՝ բազալտի, ավազի, տրավերտինի, տուֆի հանքերը թույլ չեն տալիս շահագործել նման պատճառաբանություններով։ Տապալված հանրային քննարկման դեպքում ոչ մի կողմը չի շահում։ Երկու քարի արանքում են հայտնվում համայնքի ղեկավարությունը, ավագանին։ «Երբ կեղծ բնապահպանները գնում ու ամեն ինչ փչացնում են, նրանցով պետք է զբաղվել: Մեր երկրում հանքերը պիտի աշխատեն. գեթ մի պահ պատկերացրեք, որ Քաջարանի կոմբինատը չաշխատի, փակվի՝ Սյունիքը միանգամից դատարկվելու է: Քաջարանի կոմբինատն այսօր մեր անձեռնմխելի գիգանտն է, մեր կարմիր գիծն է, որը պիտի փայփայենք: Նույնը՝ Ամուլսարը․ եթե աշխատեց, թուրքն այնտեղ չի կարող մտնել, որովհետեւ «Լիդիանը» միջազգային կազմակերպություն է, տերերը չեն թողնի, որ թուրքն առաջ գա: Սա նաեւ ռազմավարական հարց է: Ասում են՝ ուրանի անսպառ պաշարներ կան, փորձում են համոզել, որ Հայաստանում լիքը ուրան կա, ու Ամուլսարը ոչ թե ոսկու, այլ ուրանի համար են փորձում շահագործել՝ աբսուրդն էլ ո՞նց է լինում, ու մարդկանց դա հավատացրել են բնապահպան կոչեցյալները: Ինչ-որ տեղից ինչ-որ բան կարդում են, ստեղծում են մի գաղափար, իրենք էլ են դրան հավատում ու փորձում են հավատացնել ժողովրդին, մարդիկ էլ դրան հավատում են»,- շեշտում է երկրաբանը:

Հանրային լսումներն արդյունավետ դարձնելու համար Շահեն Խաչատրյանն առաջարկում է դրանց մասնակցության հնարավորություն տալ ոչ թե համայնքի բոլոր բնակիչներին, այլ գրագետ մարդկանց՝ կլինեն ուսուցիչներ, նկարիչներ, բժիշկներ, թե համայնքի բնակիչների ու համայնքապետարանի կողմից հրավիրված մասնագետներ: Նման փորձ ունեն․ «Մասնակցել եմ մի հանրային քննարկման՝ բավականին բուռն, հրավիրյալ մասնագետներ էին, գյուղացիներն էլ իրենց կողմից մասնագետներ էին հրավիրել՝ լեռնային ինժեներներ, հիդրո-երկրաբաններ, ֆիզիկոս, քիմիկոս, բնապահպան: Շատ բուռն, մասնագիտական քննարկում էր, որից հաճույք ես ստանում: Նման մարդկանց կողքից համոզելը դժվար է: Օրենքները՝ լավ կամ վատ, կան, այս օրենքներով էլ է հնարավոր ստեղծել պատասխանատու հանքարդյունաբերություն: Սակայն երրորդ կողմերին միշտ հաջողվում է համայնքը բաժանել երկու մասի՝ հանրային քննարկման ժամանակ մի կողմը մյուսին է հայհոյում, ինչ ասես, իրար ասում են, դառնում է խառնիճաղանճ իրավիճակ, բուն թեմայից դուրս են գալիս, գնում հասնում Ամերիկա, ինչ-որ քաղաքական թեմաներ քննարկում։ Բազալտի հանքի հարցն ենք քննարկում՝ Ամուլսարից են հարց տալիս»։

Կապ հաստատեցինք «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ: Տնօրենի պարտականությունները կատարող Հերիքնազ Մկրտչյանը մեզ հետ զրույցում նշեց, որ երկրորդ հանրային քննարկումը փորձաքննական կենտրոնը կազմակերպում է նախաձեռնող կողմի եւ համայնքի հետ համատեղ: Այդ քննարկման պատասխանատուն եւ վարողը ՀՀ օրենքով լիազոր մարմինն է՝ ՊՈԱԿ-ը: Նախ՝ պաշտոնապես ծանուցում են ազդակիր համայնքապետարանին՝ նախապես ճշտելով քննարկումների իրականացման օրը, վայրը, ժամը, որը որոշվում է համատեղ: Բնակչությանն իրազեկելու պարտականությունը դրված է համայնքապետարանի վրա: «Եթե լինում են թե՛ գրավոր, թե՛ բանավոր բացասական կարծիքներ, դրանք անպայման հաշվի են առնվում: ՊՈԱԿ-ի մասնագետն արձանագրում է հնչող բոլոր դիտողությունները, ներառում է արձանագրության մեջ եւ հետագայում փորձաքննական եզրակացությունը կազմելիս դրանք հաշվի է առնում»։ Մկրտչյանն ասում է, որ հանրային քննարկումները տապալելու փորձեր եղել են: «Հանրային լսումը խոչընդոտելու կամ տապալելու համար քննարկվել են ձեւական կամ թեմային չառնչվող այլ հարցեր, բայց դա չի կարող ազդել որոշման կամ մեր մասնագետի դիրքորոշման վրա, որը հետագայում պատասխանատու է եզրակացության կազմման եւ ստորագրման համար: Նոր խմբագրված օրենքով երկրորդ հանրային լսման պարտականությունը դրված է մեր ՊՈԱԿ-ի վրա, եւ մեր մասնագետը կարող է որոշակիորեն ազդել այդ խոչընդոտների վրա: Փորձագետն իր եզրակացությունը կազմելիս կարող է հաշվի չառնել թեմային առնչվող «խոչընդոտները»»,-շեշտեց Մկրտչյանը:

Իսկ եթե ինչ-որ հասարակական կազմակերպություններ կամ անհատներ բնակիչներին ներշնչել են հայտնի միֆերը, որ չբերություն կամ քաղցկեղ կառաջացնի հանքը, բնակիչների նախատրամադրվածությունը կարո՞ղ է ազդել ՊՈԱԿ-ի որոշման վրա, Մկրտչյանն ասաց, որ մետաղական հանքավայրերի շահագործման արդյունքում մարդու առողջության վրա առողջապահական ազդեցության գնահատման չափորոշիչներ եւ մեթոդոլոգիաներ ՀՀ օրենսդրությունը չունի, հետեւաբար՝ ազդեցության մասին խոսելը դժվար է: «Ես նկատել եմ, որ երբեմն հասարակական կազմակերպությունները կամ առանձին անհատներ փորձել են արհեստականորեն խոչընդոտել հանրային քննարկումը, սակայն դա հանրային քննարկման ընթացքի վրա չի ազդել։ Որոշում կայացնելիս պարտավորվել եմ հաշվի առնել իրենց դիտողությունները, եթե դրանք հիմնավորված են եղել եւ զուտ ձեւական բնույթ չեն կրել»,- շեշտեց Մկրտչյանը:

Անկախ փորձագետ Շուշանիկ Քերոբյանն էլ կարծում է, որ մեզ մոտ ոչ թե գործունեությունն է քննարկման առարկա դառնում, այլ՝ ենթադրյալ ազդեցությունները: «Մեր բնապահպանական հասարակական կազմակերպությունների մեծ մասը խոսում է՝ վայ, ինչ կլինի՝ 2 գլխանի մարդ, 3 ոտանի հորթ եւ այլն, սակայն բուն թեման չեն քննարկում: Չէ՞ որ աշխարհում ընդունված է հանքարդյունաբերությունը, դրա իրականացման չափորոշիչները: Այսպես թե այնպես՝ մարդու գոյությունն ազդում է շրջակա միջավայրի վրա, իսկ հանքարդյունաբերության ազդեցությունները նվազեցնելը, հետեւանքները վերացնելը պետք է քննարկման առարկա դառնան, սակայն մեր ՀԿ-ները մեր բնակչությանն ահաբեկում են, որ՝ տեսեք, հեսա կգան, ձեր երեխաներն այսպես կծնվեն, սնունդ չեք ունենա, աղտոտվածություն եւ այլն: Իսկ թե ինչ անել, որ աղտոտվածությունը քիչ լինի, համայնքի բնակիչն էլ օգուտ ստանա՝ դրա մասին ոչ ոք չի խոսում»:

«Այս միտման հետեւում կանգնած են հասարակական կազմակերպությունները. նրանք բիրտ ուժի կիրառմամբ ազդեցություն են ունենում համայնքի վրա: Ժողովներին համայնքի ներկայացուցիչներն այդքան շատ չեն խոսում, որքան մի քանի ՀԿ-ների ղեկավարներ, եւ բոլոր տեղերում ներկայացնում են ուրան: Այդ ուրանը եթե կա, քնած վիճակում է, եթե ենթարկվում են հողմահարման՝ անձրեւի, ձյան, արեւի ազդեցության տակ․․․ իջնելու է գյուղ, թեկուզ հանքը կարող է չլինել»,- նկատում է փորձագետը՝ նշելով, որ համայնքի ղեկավարության հետ պետք է աշխատանք տանել, որ համայնքի բնակիչները հանրային լսումից առաջ որոշակի պատկերացում ունենան քննարկվելիք թեմայի մասին, որ կարողանան տարբերել՝ դա արվում է իրենց մոլորեցնելու, վախեցնելո՞ւ համար, որ հանքարդյունաբերությունը «բոբո՞» է: Օրինակ, Վայքում լսումների ժամանակ հայտարարել են, որ հսկայական քանակությամբ ջուր են օգտագործելու, որը մի ամբողջ քաղաքի կարող էր բավարարել, սակայն հանքարդյունաբերությունն այդքան ջուր չի կարող օգտագործել:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test