Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Շատ վատ սցենար շարքային քաղաքացիների համար». Մոսկվայի զգուշացումը` ՀՀ իշխանություններին aravot.am aravot.am

time
«Շատ վատ սցենար շարքային քաղաքացիների համար». Մոսկվայի զգուշացումը` ՀՀ իշխանություններին

Ռուսաստանի համար «Հարավային Կովկասում արտատարածաշրջանային խաղացողների հնարավոր ներկայությունը մտահոգիչ է»

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity»` TRIPP-ը) նախագծի առնչությամբ, որն Ադրբեջանը Սյունիքի մարզով պետք է կապի Նախիջեւանին, Մոսկվայի սկզբնական արձագանքն այսպիսին էր` ռուսական կողմը 2020-22թթ. Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները համարում է արդիական, քանի որ կողմերից ոչ մեկը չի հայտարարել այդ պայմանավորվածություններից դուրս գալու մասին։

Օգոստոսի 8-ի վաշինգտոնյան փաստաթղթերի ընդունումից մի քանի օր անց ՌԴ ԱԳՆ-ի տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեեւը նշել էր, թե ՌԴ-ն կուսումնասիրի Հայաստանով անցնող ճանապարհի շուրջ պայմանավորվածությունների մանրամասները. «Հարավային Կովկասում արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը այս դեպքում պետք է առաջ մղի խաղաղության օրակարգը, այլ ոչ թե ստեղծի նոր խնդիրներ եւ նոր բաժանարար գծեր: Անհրաժեշտ է հաշվի առնել այնպիսի գործոններ, ինչպիսին են Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին եւ ռուս սահմանապահների ներկայությունը Սյունիքի մարզում։ Դրանք պետք է հաշվի առնվեն տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ որոշումներ մշակելիս»:

Օգոստոսի 15-ին ՌԴ փոխվարչապետը Ալեքսեյ Օվերչուկը նախ նշեց, թե Ռուսաստանն աջակցում է Հայաստանին` «Թրամփի ուղու» հարցում, եթե դա Հայաստանի համար լավ է, սակայն միեւնույն ժամանակ հավելեց. «Մենք քննարկում ենք այս հարցը։ Իհարկե, այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնց կարելի է հասնել ակնհայտորեն, առաջանում են որոշ նրբերանգներ, որոնք մենք ստիպված ենք պարզաբանել հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ միասին»։ Ապա հավելեց. «Եթե խոսքը երկաթուղիների վերականգնման, տարածաշրջանում տրանսպորտային կապի բարելավման մասին է, ապա ավելի լավ է քննարկել եռակողմ»։ Խոսելով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի մասին՝ ՌԴ փոխվարչապետը նշել էր, որ Մոսկվայում այդ զարգացումներին հետեւում են՝ «շատ զգուշավոր լավատեսությամբ»։

Ահա, օրերս Ռուսաստանի փոխվարչապետը կրկին անդրադարձել է «Թրամփի ուղուն», նշելով, որ նման ճանապարհի կառուցումը կնպաստի Եվրասիայի համար ընդհանուր տրանսպորտային շրջանակի ձեւավորմանը, եւ «եթե նման ճանապարհ հայտնվի, այն, ի թիվս այլ բաների, կնպաստի Հայաստանի կապին Ռուսաստանի հետ։ Մեր գնահատականներով, սա, հավանաբար, կլինի մեր երկրների միջեւ ապրանքների տեղափոխման հիմնական երթուղին»։ TASS-ին տված հարցազրույցում Օվերչուկը՝ պատասխանելով ԱՄՆ-ում համաձայնեցված Հայաստանի տարածքով անցնող տրանսպորտային երթուղու մասին հարցին, հավելել է. «Իհարկե, մենք այս հարցը քննարկել ենք ինչպես իմ՝ Երեւան կատարած այցի, այնպես էլ Աստրախանում ադրբեջանցի գործընկերների հետ հանդիպումների ժամանակ։ Մենք հասկանում ենք, թե ինչպես է դա տեղի ունենալու»։

Հարցին, թե արդյոք Հայաստանում գիտակցում են, որ ստիպված կլինեն ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ, Օվերչուկը նկատել է` Երեւանը միշտ հասկացել է դա. «Նրանք այդ գնահատականները տվել եւ տալիս են։ Եւ հասկանում են այդպիսի որոշումների արժեքը իրենց երկրի համար»։

Անդրադառնալով Հարավային Կովկասում Ադրբեջանի եւ Հայաստանի հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով եռակողմ խմբի աշխատանքի սառեցմանը՝ նա նաեւ նշել է, որ խումբը չի հանդիպել 2023թ. հուլիսի սկզբից։ «Չնայած մենք պահպանում ենք կապը երկկողմ մակարդակով: Եվ մենք կարծիքներ ենք փոխանակում այն մասին, թե ինչ է կատարվում, այդ թվում՝ իմ նշած հանդիպումներում: Ի վերջո, եռակողմ աշխատանքային խմբի համանախագահները նաեւ իմ գործընկերներն են միջկառավարական հանձնաժողովներում, եւ մենք շատ ենք շփվում: Խումբը մանրակրկիտ աշխատել է՝ խորանալով ամենափոքր մանրամասների մեջ, դիտարկելով Հարավային Կովկասի ապաշրջափակման ամենատարբեր ասպեկտները: Մենք ամեն ինչ քննարկել ենք ամենատարբեր տեսանկյուններից: Սկզբունքորեն, եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում բոլոր որոշումները ձեւակերպվել են, եւ առնվազն պարզ է, թե ինչ է պետք անել եւ ինչպես», ասել է նա:

Այնուհետեւ Օվերչուկն անդրադարձել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների թեմային. «Եթե այսպես շարունակվի, ապա մենք ստիպված կլինենք վերանայել Հայաստանի հանդեպ մեր տնտեսական քաղաքականությունը: Հայաստանի իրավունքն է որոշել, թե որտեղ են իրենք լինելու։ Երեւանում, սակայն, հասկանում են, որ այդ դեպքում իրենց համար միանգամայն այլ մաքսատուրքերի ռեժիմ է գործելու, մեր երկրների միջեւ ապրանքների ազատ տեղաշարժ եւ առանց մաքսատուրքերի առեւտուր այլեւս չի լինի»։ Նրա խոսքով՝ դա առաջին հերթին հարվածելու է հայաստանյան գյուղատնտեսությանը. «Շուկայի առանձնահատկությունն այնպիսին է, որ հայկական արտադրանքը Ռուսաստանում պահանջված է։ Հայաստանի սահմանակից պետություններում ոչ խաղողի, ոչ ծիրանի, ոչ էլ մյուս մրգերի եւ բանջարեղենների հետ խնդիրներ չկան, նրանք իրենք էլ ունեն այդ ամենը։ Ռուսաստանն է Հայաստանի առաջնային շուկան։ Այս գործոնը Երեւանում եւս պետք է հաշվի առնեն եւ կառնեն»։

«ԵՄ միանալու դեպքում այն էներգակիրների եւ սննդամթերքի գները, որոնք Հայաստանը, որպես դաշնակից պետություն Ռուսաստանից է ստանում, եւս կփոխվեն։ Բացի այդ Հայաստանը կկորցնի այն առավելությունները, որոնցից օգտվում է Իրանի հետ ազատ առեւտրային գոտու շնորհիվ», – զգուշացրել է Ռուսաստանի փոխվարչապետը, միաժամանակ հավելելով. «Սա շատ վատ սցենար է, նախեւառաջ շարքային քաղաքացիների համար, եւ մենք չէինք ցանկանա, որ դա իրականություն դառնար, ուստի անկեղծորեն խոսում ենք այդ մասին»։

Մյուս կողմից, ռուսական կողմն ասում է, որ Մոսկվան աջակցում է Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակմանը: «Դա բխում է եւ այնտեղ գտնվող երկրների, եւ Ռուսաստանի շահերից», ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում նշել է Ալեքսեյ Օվերչուկը: Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հռչակագիրը, որն ընդունվել է 2020թ. նոյեմբերի 9-ին, վերջ դրեց 44-օրյա պատերազմին եւ ճանապարհ բացեց տարածաշրջանում խաղաղության հաստատման համար, եւ որ հռչակագրի 9-րդ կետն ուղղակիորեն նախատեսում է այդ երկրների միջեւ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը լուծելու եւ նորմալ տնտեսական հարաբերություններ հաստատելու անհրաժեշտություն։ «Մենք դրան աջակցում ենք։ Ինչու՞։ Քանի որ նրանք մեր դաշնակիցներն են: Այդ երկրներից յուրաքանչյուրի հետ առանձին-առանձին մենք ունենք միանգամայն նորմալ տնտեսական հարաբերություններ։ Ավելին, մենք Հայաստանի հետ դաշնակիցներ ենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։ Նրանց միջեւ նորմալ հարաբերությունները նոր հնարավորություններ կբացեն համատեղ զարգացման համար եւ օգուտներ կբերեն տարածաշրջանի բոլոր երկրներին»,- ասել է Օվերչուկը:

«Նրանք փակ սահման ունեն Թուրքիայի հետ, փակ սահման ունեն Ադրբեջանի հետ, բաց սահման ունեն Իրանի հետ, սակայն ճանապարհային ենթակառուցվածքները հնացած են եւ կարիք ունեն արդիականացման, ինչը ազդում է լոգիստիկայի վրա։ Արտաքին աշխարհ միակ հարմար ելքը Վրաստանով է, որտեղ Ռուսաստանի հետ կապը իրականացվում է մեկ ավտոմոբիլային անցակետի միջոցով, որը կախված է եղանակային պայմաններից։ Շատ կարեւոր է, որ Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ երկիր, հնարավորություն ունենա բնականոն զարգանալու եւ նորմալ տրանսպորտային ու լոգիստիկ կապեր ունենալու իր հարեւանների, այդ թվում՝ մեր երկրի հետ»,-նկատել է Օվերչուկը։

Ճանապարհների ապաշրջափակման գործընթացը նույնպես շատ կարեւոր է Ադրբեջանի համար, նշել է ռուս պաշտոնյան, հավելելով. «Ադրբեջանը ձգտում է վերականգնել այն տրանսպորտային երթուղին, որը կապահովի Նախիջեւանի հետ ամենակարճ եւ ամենահարմար կապը։ Խորհրդային տարիներին Արաքս գետի ափով երկաթուղի կար, որը ապամոնտաժվեց։ Այնտեղ նաեւ ճանապարհ կար, որից մարդիկ օգտվում էին։ Բացի այդ, Ադրբեջանը ձգտում է օգուտներ ստանալ իր աշխարհագրական դիրքից՝ իրեն վերածելով տրանսպորտային-լոգիստիկ հանգույցի, որը նշանակություն կունենա ողջ Եվրասիայի համար։ Բացի այդ, Ադրբեջանը ցանկանում է բարելավել իր տրանսպորտային կապերը Թուրքիայի հետ»,-ասել է նա։ ՌԴ Փոխվարչապետը հիշեցրել է, որ այս տարվա օգոստոսին Թուրքիան սկսել է Կարսից մինչեւ Նախիջեւանի հետ սահմանը ձգվող նոր երկաթուղու կառուցումը, որը կապահովի երկրների միջեւ ամենակարճ երկաթուղային կապը։

Միեւնույն ժամանակ Օվերչուկը ներկայացրել է, թե ինչն է անհանգստացնում Մոսկվային: Հարավային Կովկասում արտատարածաշրջանային խաղացողների հնարավոր ներկայությունը մտահոգիչ է, մտավախություն կա, նշել է ՌԴ փոխվարչապետը: Ըստ ռուս պաշտոնյայի` մտավախություն ունեն, որ նոր խաղացողների ներկայությունը կխախտի հավասարակշռությունը տարածաշրջանում. «Չի կարելի չասել, որ մտահոգություն կա Հարավային Կովկասում արտատարածաշրջանային ներկայացուցիչների հնարավոր ներկայության վերաբերյալ։ Մտավախություն կա, որ նման ներկայությունը կխախտի ստեղծված հավասարակշռությունը այս շատ փխրուն տարածաշրջանում»:

Անցյալ շաբաթ Վլադիվոստոկում ընթացող տնտեսական համաժողովի շրջանակներում էլ Օվերչուկը փաստել էր, որ ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ ապրանքաշրջանառության ծավալները շարունակում են նվազել: Նրա խոսքով՝ 2025թ. արդյունքներով հայ-ռուսական երկկողմ ապրանքաշրջանառության ծավալները կարող են կազմել մոտ 6 միլիարդ դոլար՝ 2024թ. 12,4 միլիարդի համեմատ։

Մինչդեռ խոսելով Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին՝ Օվերչուկը նշել էր, որ տնտեսական առումով «Մոսկվայի եւ Բաքվի հարաբերությունները շատ լավ են զարգանում»։ ՌԴ փոխվարչապետի պնդմամբ՝ Բաքվի հետ հարաբերություններում առկա հիմնական խնդիրները քաղաքական են. «Մեզ նախեւառաջ մտահոգում է այն հանգամանքը, որ 13 ռուսաստանցիներ շարունակում են պահվել Ադրբեջանում։ Հուսով ենք, որ այդ մարդիկ շուտով հայրենիք կվերադառնան, իսկ Ադրբեջանի ղեկավարությունը ըմբռնմամբ կմոտենա նրանց տունդարձի գաղափարին»։

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ էլ Օվերչուկը ՀՀ-ի` ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավորությունը կապել էր` «բացառապես հայ ժողովրդի» որոշման հետ: «Վերջերս Նիկոլայ Վովաեւիչ Փաշինյանը ասաց, որ անհնար է միաժամանակ լինել ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի անդամ։ Եւ եթե երբեւէ նման որոշում կայացվի, ապա վստահ եմ, որ կկշռադատվեն որոշումների կայացման վրա ազդող բազմազան գործոններ՝ այս կամ այն ուղղությամբ», նկատել էր նա։

Մոսկվան, ակնհայտորեն, օգոստոսի 8-ից հետ տարածաշրջանային մյուս խաղացողների հետ ակտիվ քննարկումների փուլում է: Հիշեցնենք, որ օրեր առաջ լրատվամիջոցները հայտնեցին, որ Պուտինն ու Էրդողանը Չինաստանում կքննարկեն նաեւ իրավիճակը Կովկասում:

Սեպտեմբերի 1-ին արդեն հայտնի դարձավ, որ Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Պուտինը եւ Էրդողանը քննարկել էին մի շարք տարածաշրջանային հարցեր, մասնավորապես՝ Մերձավոր Արեւելքի, Հյուսիսային Աֆրիկայի եւ Հարավային Կովկասի վերաբերյալ։ «Մեր ուշադրության կենտրոնում են նաեւ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաները, ինչպիսիք են Մերձավոր Արեւելքը, Հյուսիսային Աֆրիկան եւ Անդրկովկասը։ Ռուս-թուրքական համագործակցությունն այս բոլոր ոլորտներում լավ հաստատված է, ունի կոնկրետ, օգտակար եւ, ես կասեի, վստահելի բնույթ»,- արձանագրել էր Պուտինը։

Էրդողանն իր հերթին նշել էր, որ ցանկանում են Պուտինին շուտով տեսնել Թուրքիայում։ «Մենք հաստատել ենք վստահության վրա հիմնված հարաբերություններ։ Մեր հարաբերությունները զարգանում են առանց կոնյունկտուրային խնդիրների ազդեցության։ Մեր տեխնիկական բանակցությունները շարունակվում են դրական ուղղությամբ՝ ուղղված այլընտրանքային լուծումների մշակմանը, որոնք չեն խոչընդոտի մեր ֆինանսական հաստատությունների ինտեգրումը միջազգային շուկաներին»։

Էրդողանը Պուտինի հետ հանդիպմանը հույս էր հայտնել, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հաջող բանակցություններ կլինեն, հայտնել էին ԶԼՄ-ները՝ հղում անելով Թուրքիայի նախագահի գրասենյակին։ Էրդողանը նշել է, որ եւ՛ Անկարային, եւ՛ Մոսկվային Կովկասում կայունություն է պետք։ «Էրդողանը հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունները կհանգեցնեն կայուն խաղաղության՝ նշելով, որ Կովկասում երկարաժամկետ կայունությունը համապատասխանում է Թուրքիայի եւ Ռուսաստանի ընդհանուր շահերին»,- հայտնել էին նրա գրասենյակից։

Նկատենք, որ օգոստոսի 11-ին հեռախոսազրույցի ընթացքում Փաշինյանն Էրդողանին էր ներկայացրել ամերիկյան բանակցությունների արդյունքները, իսկ սեպտեմբերի 1-ին ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում հանդիպմանը Փաշինյանը եւ Էրդողանը կարեւորեցին տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատմանը միտված քայլերը։

Ակնհայտ է, որ Մոսկվան մեր տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության մեծացմանը հրապարակայնորեն չի հակադրվում, եւ չի էլ կարող… Չէ՞ որ թուրքական ներկայության, դերի ու ազդեցության ամրապնդման գործում ռուսական իշխանությունները վերջին տասնամյակում ջանք չեն խնայել:

Ու եթե հիմա ռուսական փորձագիտական, լրագրողական մակարդակով գնահատականներում Թուրքիայի ակտիվության վերաբերյալ երբեմն բացասական երանգներով մեկնաբանություններ նույնիսկ հնչում են, դրանք պետք է նախեւառաջ ուղղվեն Կրեմլի արտաքին քաղաքականության ճարտարապետներին:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

09.09.2025թ.

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test