Իսրայելի Պաշտպանության բանակը և Ընդհանուր անվտանգության ծառայությունը (ՇԱԲԱԿ) սեպտեմբերի 9-ի օրվա երկրորդ կեսին պաշտոնապես հաստատել են Կատարի մայրաքաղաք Դոհայում թիրախ խոցելու մասին ավելի վաղ մամուլի և մի տասնյակ բլոգերների տարածած տեղեկատվությունը:
Համատեղ հայտարարության տեքստում ասված է, որ «Ռազմաօդային ուժերի աջակցությամբ թիրախային հարված է հասցվել ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման վերնախավին»: Պաշտոնապես ասված է, որ «հարձակման ենթարկված վերնախավի անդամները տարիներ ի վեր գլխավորել են ահաբեկչական կազմակերպության գործունեությունը և պատասխանատվություն են կրում հոկտեմբերի 7-ի (2023թ.) սպանդի և Իսրայել պետության դեմ պատերազմ վարելու համար»:
Հրեական պետության Պաշտպանության բանակը և ՇԱԲԱԿ-ը միաժամանակ վստահեցնում են, որ «կշարունակեն ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությունը ջախջախելուն ուղղված վճռական գործողութունները»: Իսրայելա-պաղեստիյան հակամարտության պատմության մեջ դա առաջին դեպքն է, երբ հրեական պետությունը ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի առաջնորդների դեմ պատժիչ գործողություն է իրականացնում այլ երկրի տարածքում:
Իսրայելական աղբյուրները հայտնում են, որ թիրախային հարվածի հետևանքով «ոչնչացվել է ՀԱՄԱՍ-ի բանակցային թիմի ղեկավար, կազմակերպության ներկայիս քաղաքական առաջնորդ Խալիլ ալ-Հիյյան»: Ի դեպ, պատժիչ գործողությունից ժամեր առաջ Իսրայելի արտգործնախարար Սաարը Խորվաթիայում հայտարարել է, որ Նաթանյահուի կառավարությունն ընդունել է «փոխանակման գործարքի վերջին առաջարկությունը, բայց վստահ չէ, որ ՀԱՄԱՍ-ը նոր նախապայմաններ չի առաջադրի»:
Դոհայում ՀԱՄԱՍ-ի քաղաքական թեւի նստավայրի թիրախավորմամբ Իսրայելը բացահայտ ազդակ է հղում, որ պաղեստինյան կազմակերպության առաջնորդները ոչնչացման ենթակա են, որտեղ էլ որ գտնվեն: Միջազգային մամուլը նշում է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդները Դոհայում էին գտնվում Կատարի էմիր ալ-Թանիի «անձնական երաշխավորությամբ»:
Վերջին շրջանում տեղեկություններ են տարածվել, որ ՀԱՄԱՍ-ի որոշ առաջնորդներ տեղափոխվել են Թուրքիա: Անցած ամիսներին առնվազն երեք անգամ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի ներկայացուցիչների հետ Ստամբուլում և Անկարայում հանդիպումներ է ունեցել: Թուրքիան պաղեստինյան կազմակերպության ղեկավարներին կարտաքսի՞, թե՞ նրանց ապահովության լրացուցիչ երաշխիքներ կտա: Իսրայելը հազիվ թե Դոհայի օրինակով գրոհի Անկարան կամ Ստամբուլը, բայց «Մոսադի երկար ձեռքը կարող է հասնել» նաև Թուրքիա:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test