Կաթողիկոսն այցելել է Միքայել սրբազանին. ԶԼՄ
sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն այցելել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Տեղեկությունը հայտնում է
Aravot.am–ը։
Մեկ ամիս առաջ կաթողիկոսին
թույլ չէին տվել այցելել Միքայել սրբազանին նախնական կալանքի վայրում: Շիրակի թեմի առաջնորդի պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողներին ասել էր, որ քննիչը մերժել է միջնորդությունը:
«Գարեգին Երկրորդը եպիսկոպոսների ուղեկցությամբ օրերս այցելել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին»,– գրում է լրատվամիջոցը:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ
քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին
նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։
Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին
հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը
կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։
Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա
կալանավորվեց։ Նրա նկատմամբ
քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։