Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ». Իրենց կյանքն է վտանգված, էլ չեմ ասում՝ կուտակած ֆինանսական միջոցները hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ». Իրենց կյանքն է վտանգված, էլ չեմ ասում՝ կուտակած ֆինանսական միջոցները

ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը պատճառ չի տեսնում, թե ինչու Թուրքիան պետք է հապաղի սահմանների բացման հարցում։

Բայց խոստովանում է, որ ոչ իրենց մեղքով դեռ նույնիսկ 3-րդ երկրների քաղաքացիների համար սահմանը չի բացվել։ Ռուբինյանի հույսը Քըլըչի ու նրա երկրի քաղաքական կամքն է, որի առկայության դեպքում առաջընթաց կգրանցվի Հայաստան-Թուրքիա հարաբերություններում։

Առաջիկա օրերին Հայաստանում նախատեսվում է 2 երկրների հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի եւ Սերդար Քըլըչի հանդիպումը: Այն, ինչպեսեւ վաշինգտոնյան հռչակագիրն ու դրան հաջորդած «ձեռքբերումը», թե Փաշինյանը թռել է Ադրբեջանի երկնքով, իշխանությունը կփորձի, ինչպես ասում են, թանկով վաճառել ժողովրդին՝ որպես երանելի խաղաղության սպասված պտուղներ։ Փաշինյանը շտապում է։ Ալիեւի ստորագրությունը համառորեն մուրալուց ու իրավական ուժ չունեցող համաձայնագիր նախաստորագրելուց հետո հիմա էլ կաշվից դուրս է գալիս՝ ժողովրդին համոզելու, թե խաղաղությունն արդեն թակում է մեր դռները։

Տեւական դադարից հետո անցած շաբաթվա վերջին էլ Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուստաֆաեւի հանդիպումն է կայացել։ Թե կոնկրետ որ տարածքներում են հանդիպել, գաղտնի է պահվում, չի ասվում նաեւ, թե սահմանազատման աշխատանքները երբ են շարունակվելու, բայց հանդիպումը փաստում է՝ պրոցեսներն արագացել են։ Գործընթացների արագացումը արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը վերլուծում է տարածաշրջանային զարգացումների լույսի ներքո։ Ասում է՝ Իրանի շուրջ գործողություն է նախապատրաստվում, որտեղ էական դերակատարում է ունենալու Ադրբեջանը՝ Արցախի տարածքում տեղակայված զինուժի եւ հետախուզական ծառայությունների միջոցով։

«Դրա իրականացման համար անհրաժեշտ է ոչ միայն մեր տարածքով անցման հնարավորությունը, որն արտացոլվեց ամերիկյան վերահսկողությանը, այսպես կոչված, Թրամփի երթուղին հանձնելով, որն իրականում միջանցքի դեր է կատարելու, այլեւ Թուրքիայի հետ սահմանի բացումը, առանց որի անհնար է լինելու անցումը Հայաստանով դեպի Ադրբեջան։ Զարգացումները պետք է դիտարկել այս տրամաբանության մեջ։ Չի բացառվում, որ մոտ ժամանակներս՝ առաջիկա 2-3 շաբաթը, մինչեւ նոյեմբերի վերջ, տեսնենք իսրայելական կողմից Իրանի վրա հարվածների իրականացում, որին կմիանան նաեւ սիրիական եւ Իրաքյան Քրդստանի կողմից հարվածները։ Ակնկալվում է նաեւ այդ գործողություններին Ադրբեջանի մասնակցությունը։ Այս համատեքստում պետք է դիտարկել նաեւ պակիստանյան հատվածում աֆղանական ահաբեկիչների ակտիվացումը եւ դրանց նկատմամբ գործողությունները»,- ասում է դիվանագետը՝ պնդելով, որ ամերիկյան կողմը չի հրաժարվել Մերձավոր Արեւելքում ուժային միջոցներով աշխարհաքաղաքական վերաձեւումներից, որը ներառում է նաեւ Հարավային Կովկասը։ Պարզապես Թրամփը դա փորձում է անել, այսպես կոչված, խաղաղարար տեսքով։

Դա նշանակո՞ւմ է, որ Թրամփի ճնշմամբ հնարավոր է ինչ-որ տեղաշարժ լինի հայ-թուրքական ճակատում, դիվանագետն ասում է՝ ամերիկյան ճնշումը կա, այդ ճնշման ներքո է Ադրբեջանը տեղի տվել ու Թրամփի ուղու միջոցով գոնե առերեւույթ համաձայնել հետագա գործողություններին, սակայն դրանց պետք է մասնակցի նաեւ թուրքական կողմը։

«Մինչ այս, Թուրքիան Ադրբեջանի հետ երկակի խաղ էր խաղում՝ ձգելով ժամանակը եւ հույս ունենալով, որ աշխարհաքաղաքական զարգացումներով ու, մասնավորապես, ուկրաինական հակամարտության հնարավոր ավարտով պայմանավորված, իրենց պարտականություններից կկարողանան ձերբազատվել ու մասնակից չեն դառնա այդ հարձակմանը։ Հիշեցնեմ, որ Արցախի զոհաբերումը պայման էր այդ հանձնառություններին, որից Ադրբեջանը սկսեց խուսափել 2022թ․ հոկտեմբերի 6-ից հետո, որի ամենասուր դրսեւորումը Գրանադան էր։ Այս պրոցեսը շարունակվում է, եւ հիմա հարվածի տակ է հայտնվել թուրքական կողմը, որը մի քայլ առաջ, երկու քայլ հետ մարտավարությամբ փորձելու է ձգել խաղը` ցույց տալով, թե բանակցում է, բայց իրականում գործընթացը տեղից չշարժել»։ Աղաջանյանը ելնում է նրանից, որ Թուրքիան եւ Ադրբեջանը լավ են հասկանում, որ Իրանի դեմ պատերազմի մեջ ներգրավվելով, հաջողություն կարող են չունենալ։ Նրանք կտրամադրեն իրենց ռեսուրսները, այդ թվում՝ ռազմուժը, բայց դրանք արագ լրացնելու հնարավորություն չեն ունենա։ Բացի այս, երկու երկրները ներսից անկայուն են ու խոցելի, եւ ներքին ցնցումները կարող են անկանխատեսելի հետեւանքներ ունենալ, ուստի ո՛չ Էրդողանը, ո՛չ Ալիեւը ցանկություն չունեն իրենց հաղթանակների գագաթնակետից անդունդը գլորվել։ Իսկ ակնկալել, որ Իրանն ու Ռուսաստանը ձեռնպահ կմնան արձագանքից, միամտություն է։

Ինչ վերաբերում է ՀՀ իշխանություններին, Աղաջանյանի խոսքով, նրանք փորձում են սեփական կաշին փրկել։ «Ձեր նշած անձնավորությունը հապճեպորեն փորձում է սահմանազատում անել մեր հարավային սահմաններին, այսպես կոչված, Թրամփի ուղու ճանապարհային մասն արագ կյանքի կոչելու առումով, եւ փորձում են առաջընթացի տպավորություն ստեղծել, բայց գործընթացներն ավելի խորքային են, ու չեմ կարծում, որ Էրդողանն ու Ալիեւն այդքան հեշտորեն վտանգելու են սեփական պետությունների գոյությունը»։ Փաշինյանն իր խմբակով քաջ գիտակցում է, թե ինչի մեջ է թաթախվել ու ինչ հանձնառություններով բերվել իշխանության։ «Բազմիցս նշել եմ, որ իրենք իրենց դրել են թակարդը, ամբողջ ժողովրդին ու պետությանն էլ՝ հետը, սակայն հիմա իրենք իրենց ֆիզիկական եւ քաղաքական գոյության պայքարն են տանում, որովհետեւ հանձնառություններից խուսափելու պարագայում արեւմտյան կողմերը պատժի շատ հստակ ձեւաչափեր ունեն, անգամ իրենց կյանքն է վտանգված, էլ չեմ ասում՝ կուտակած ֆինանսական միջոցները, իսկ քաղաքական գոյության, այսինքն՝ իշխանության մնալու պարագայում իրենք հույս ունեն, որ կկարողանան ձեւաչափ գտնել՝ հետագայում ելքի ինչ-որ միջոցներ ձեւակերպելու համար։ Մենք պետք է հասկանանք, որ իրենք իրենց կյանքի համար են պայքարում, եւ սրանով է պայմանավորված, որ այս տարիներին եղած հսկայական անհնազանդության շարժումներն ու ալիքներն արդյունք չեն տվել։ Իրենք գիտեն՝ փախչել այդ հանձնառություններից չեն կարող»,- բացատրում է դիվանագետը եւ կանխատեսում է, որ հերթական ձեռքբերումը ցույց տալու համար Փաշինյանը կգնա հերթական զիջումներին, որը, սակայն, չի տալու նրա ակնկալած արդյունքը, մինչդեռ Հայաստանը կորցնելու է, ինչպես Կիրանցի դեպքում եղավ։ 99 տարով Սյունիքով ճանապարհ վարձակալության տալու համաձայնությունները ջրի երես դուրս կգան ու հերթական ցնցումը կլինեն հասարակության համար, երբ Հայաստան ժամանեն ամերիկյան մասնագետները։ Աղաջանյանը կարծում է՝ իշխանությունը դեռ աշխատում է արտահերթ ընտրությունների գաղափարի վրա ու քանի չի մսխել ենթադրյալ ձեռքբերումը, փորձելու է արագացնել զարգացումները։

Ինչ վերաբերում է ՌԴ ԱԳ նախարարի դիտարկմանը, թե վաշինգտոնյան ոգեւորությանը հաջորդեցին սկեպտիկ գնահատականներ, դիվանագետն ասում է՝ սա ուղերձ է, ռուսական կողմն այս ամենը հեշտությամբ չի ընդունելու։ Դրա մասին է վկայում Մոսկվայի տոնայնության փոփոխությունը, այդ թվում՝ Օվերչուկի շուրթերով։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test