Սեփական քաղաքական վախերից դրդված՝ իշխանությունները վերջին ամիսներին մի գործընթաց են նախաձեռնել, որը չափազանց վտանգավոր է թե՛ երկրի տնտեսության, և թե՛ ընդհանրապես պետականության համար։ Խոսքը «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր, խոշոր գործարար և բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ սկսված քաղաքական հետապնդումների ու նրան պատկող ՀԷՑ-ի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին է, որոնք հերթական անգամ բացահայտեցին, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանն անթաքույց յուրացնում պետական ինստիտուտներն և դրանք ծառայեցնում սեփական քաղաքական վրեժխնդրության ու քմահաճույքների համար։
Այն, ինչ տեղի է ունենում «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատիրոջ ու նրա բիզնեսի հետ, քաղաքական հաշվեհարդարի բացահայտ փորձ է, որի հետևանքներն արդեն չափվում են պետության ու հարկատուների վրա նստած միլիոնավոր դոլարներով։
Պետական միլիոնների անտեղի վատնումները գուցե Նիկոլ Փաշինյանին շատ չեն հուզում, բայց հասարակությանը չեն կարող չանհանգստացնել։ Բազմահազար անապահով ընտանիքների մի քանի հազար դրամ նպաստ չեն ուզում տալ, եղածից էլ զրկում են, բայց կարող են պետական բյուջեից միլիոնավոր դոլարներ վճարել փաստաբաններ վարձելու համար, որպեսզի միջազգային ատյաններում պաշտպանեն Նիկոլ Փաշինյանի անձնական ամբիցիաները։
Հիշեցնենք, որ իր վերջին աղմկահարույց հայտարարությումբ կառավարության ղեկավարը մեկ անգամ ևս հաստատեց, որ օգտագործելով պետական լծակները՝ անձամբ է որոշել ՀԷՑ-ը խլել սեփականատերերից։
Որքան էլ կառավարության քայլերը ներկայացվում են որպես «հանրային շահի պաշտպանություն», իրականում բացակայում են այն հիմնավորումները, որոնք կարդարացնեին նման միջամտության անհրաժեշտությունը։
Ոչ մի հիմնավոր փաստ չկա, որ ընկերությունը վտանգ էր ներկայացնում երկրի էներգետիկ անվտանգության համար կամ գործում էր խախտումներով, որոնք պահանջում էին սեփականության իրավունքի վերանայում։ Փոխարենը՝ այն ամենը, ինչ տեղի է ունենում Սամվել Կարապետյանի ու ՀԷՑ-ի շուրջ, հանգիստ տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի անձնական քմահաճույքների և քաղաքական հաշվարկների շրջանակներում։ Իսկ դա լրջագույն հակասության մեջ է թե՛ իրավական պետության սկզբունքների, թե՛ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների հետ։
Ինչպես հայտնի է, ՀԷՑ-ի սեփականատերերը, ի պատասխան կառավարության կամ նրա ղեկավարի անհարկի գործողությունների, դիմել են միջազգային արբիտրաժային դատարան։ Հայցի չափը՝ 500 մլն դոլար, խոսում է գործի լրջության մասին։ Դա այն գումարն է, որը Հայաստանը կարող է պարտադրված լինել վճարել՝ սեփական քաղաքական ղեկավարության քմահաճ որոշման համար։
Մինչ այդ՝ բյուջեն արդեն կրում է այն վնասները, որոնք առաջացել են այդ չպատճառաբանված ու չհիմնավորված որոշման հետևանքով։ Վերջերս շուրջ 3.3 մլն դոլար հատկացվեց պետական բյուջեից՝ փաստաբանական ծախսերի առաջին փուլի համար։ Իր շահերը միջազգային արբիտրաժում ներկայացնելու համար՝ կառավարությունն այս գլխից արդեն բավական խոշոր գումար է վճարում, ու այդ գումարները վճարվում են քաղաքացիների հարկերով ձևավորված բյուջեից։
Նիկոլ Փաշինյանը քաղաքական կամ անձնական որոշումներ է ընդունում, իսկ ֆինանսական ու իրավական հարվածները կրում են պետությունն ու քաղաքացին։ Պետության հեղինակությունն ու քաղաքացիների գումարները ծախսում են սեփական ամբիցիաների համար։
3.3 միլիոնը, որն այս փուլում բյուջեից վճարվել կամ վճարվելու է փաստաբանական ծառայության համարը, անձամբ Նիկոլ Փաշինյանի վրա է։ Բայց դա դեռ միայն սկիզբն է։ Վաղը, երբ միջազգային արբիտրաժը պարտավորեցնի Հայաստանի իշխանություններին փոխհատուցել ՀԷՑ-ի սեփականատերերի կրած վնասները, դրա պատասխանատվությունը ևս պետք է կրի անձամբ Նիկոլ Փաշինյանն՝ իր ղեկավարած կառավարության անդամների հետ միասին, ովքեր լուռ հնազանդվում ու կատարում են նրա հրահանգները։
Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները պետք է անձնական միջոցների հաշվին վերականգնեն իրենց որոշման ֆինանսական հետևանքները պետական բյուջեի վրա։ Ոչ մի նշանակություն չունի, թե այն ժամանակ, երբ միջազգային արբիտրաժային դատարանը կընդունի վերջնական որոշում ՀԷՑ-ի վերաբերյալ, նրանք ուր կլինեն։
Բոլոր նրանք, ովքեր մասնակից են այս գործընթացին, սա պետք է միանշանակ գիտակցեն։ Միայն այդ դեպքում նրանք ստիպված կլինեն մի քիչ աշխատացնել ուղեղները՝ որոշումներ ընդունելուց առաջ։ Թե չէ, ստացվում է՝ անկախ նրանից, ինչպիսին կլինի միջազգային արբիտրաժի վճիռը, որոշում ընդունողները ոչ մի պատասխանատվություն չեն կրում դրա հետևանքների համար։ Այդ պատճառով էլ Նիկոլ Փաշինյանն արհամարհած ունի անգամ մասնագիտական կարծիքը։ Աշխատանքից ազատում է պետական պաշտոնյայի, ով կատարել է իր մասնագիտական պարտքը և իրավական գնահատական է հնչեցրել արբիտրաժային վճռի վերաբերյալ։ Մարդը աշխատանքից ազատվում է ոչ թե իր մասնագիտական հմտություններին չտիրապետելու, այլ Նիկոլ Փաշինյանի քաղաքական դիրքորոշմանը չհնազանդվելու համար։ Այն պարագայում, երբ այդ դիրքորոշումը չի տեղավորվում իրավական պրոցեսների մեջ։
Բայց Նիկոլ Փաշինյանը վաղուց արդեն նման «մանրուքներին» ուշադրություն չի դարձնում։ Նրա սեփական կամքն ու ցանկությունները վեր են բոլոր տեսակի օրենքներից ու իրավունքներից։ Կարևորը՝ ինքը վճռել է ՀԷՑ-ի ճակատագիրը։ Որոշել է, որ ՀԷՑ-ի վերաբերյալ միջազգային արբիտրաժային դատարանի պարտադիր կատարման վճիռը բոլորովին էլ «պարտադիր կատարման ենթակա չէ», ամբողջ պետական ապարատը պետք է ենթարկվի այդ որոշմանը՝ անկախ նրանից, թե որն է լինելու դրա գինը։
Իսկ գինը չափազանց մեծ է։ Պետությունը կանգնած է կես միլիարդ դոլարի փոխհատուցման սպառնալիքի առաջ, չհաշված մյուս հարակից ծախսերը։ Ու այդ ամենը զուտ այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանն է այդպես ուզում։
Պարտքերով այս կարճ ժամանակում քիչ են խեղդել պետությանը, հիմա էլ այլ ձևով են ֆինանսական բեռի տակ դնում։ Ոչ մի հիմք չկա, որ այս գործընթացից կառավարությունը կարող է չոր դուրս գալ։ Ուստի՝ որոշում կայացնողներն այժմվանից պետք է իմանան, որ այս ամենի մեջ պետությանն անտեղի ներքաշելու համար ուշ, թե շուտ անձնական միջոցներով են պատասխան տալու երկրին պատճառած վնասների համար։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test