Այս տարվա հունվարի 23-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ընդդեմ Հայաստանի վճիռ կայացրեց` արձանագրելով մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում` վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշման կապակցությամբ:
ՄԻԵԴ վճռով արձանագրվեց, որ հանդես գալով որպես դատարան` Բարձրագույն դատական խորհուրդը թույլ էր տվել արդար դատաքննության իրավունքի խախտում, քանի որ արդարադատության նախարարն ու ԲԴԽ նախագահն ունեին այնպիսի փոխկապակցվածություն, որը կասկածի տակ է դնում դատարանի անաչառությունը:
Դա էլ, իր հերթին, նշանակում է, որ Գրիգոր Մինասյանի ներկայացրած կարգապահական պատասխանատվության միջնորդությունների քննությանը Կարեն Անդրեասյանի մասնակցությունը, ըստ ՄԻԵԴ-ի վճռի, խնդրահարույց է եղել և դարձել համակարգային խնդիր` վերջիններիս մասնակցությամբ բոլոր գործերով:
ՄԻԵԴ-ի հունվարի 23-ի վճռի հիմքով տվյալ գործի քննությանը մասնակցած Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախկին անդամներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմում էր ներկայացվել արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին, որը, 168.am-ի տեղեկություններով՝ բավականին հետաքրքիր ընթացք է ստացել:
Դիմումն արդարադատության նախարարը հասցեագրել է դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգահական հարցերի հանձնաժողովին` այնպիսի հիմնավորումներով, որոնք կասկածի տակ են դնում Գրիգոր Մինասյանի` որպես արդարադատության նախարարի գործողությունների իրավաչափությունը:
Մասնավորապես, հիմնավորումների մեջ նշվել է ԲԴԽ կայացված որոշումներից մեկը, որով կարճվել էր դատավորի նկատմամբ հարուցված կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործը` միջնորդություն ներկայացրած կողմի` արդարադատության նախարարի` շահագրգիռ լինելու պատճառաբանությամբ և մտահոգություն հայտնելով, որ բարձրագույն դատական խորհուրդը կարող է կարճել գործի վարույթը: Թե ինչպես է արդարադատության նախարարը շահագրգիռ կողմ դարձել ԲԴԽ նախկին անդամներին կարգապահական պատասխանատվության վարույթ հարուցելու մասով, այդքան էլ պարզ չէ, որովհետև հարցն առնչվում էր ընդամենն իր նախորդ նախարարների արկածախնդրությանը, որոնք տարբեր խթաններով ու ազդակներով կարողացել էին դրան մասնակից դարձնել ԲԴԽ «անկախ» անդամներին:
Ստացվում է, որ հանձնաժողովը պետք է լուծի ՄԻԵԴ վճռի հիմքով կարգապահական վարույթ հարուցելու/չհարուցելու հարցը` կոլեկտիվ պատասխանատվության քողի ներքո ազատելով արդարադատության նախարարին` նախորդ նախարարի և վերջինիս մտերիմ ԲԴԽ նախագահի արկածախնդրության հետևանքների համար ԲԴԽ նախկին անդամներին պատասխանատվությունից ազատելու տհաճ պարտականությունից… Որովհետև կարող է հետո էլի պետք գան:
Բաց է մնացել նաև բարձրագույն դատական խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցի նկատմամբ կարգապահական պատասխանատվության հարցը, ով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի ներկայացրած միջնորդության քննարկման ժամանակ եռանդուն կերպով առարկում էր Կարեն Անդրեասյանին ներկայացված բացարկի միջնորդության դեմ` առաջ տանելով Կարեն Անդրեասյանի՝ կյանքում ընդհանրապես և առհասարակ անաչառ լինելու թեզը:
Իհարկե, հասկանալի է Երանուհի Թումանյանցի երախտիքն առ Կարեն Անդրեասյան, ով շատ մեծ դեր է խաղացել Թումանյանցի կարիերայի աճի գործում, որովհետև ամեն դեպքում օրենքի խախտմամբ նա է Երանուհի Թումանյանցին ամեն գնով դարձրել ԲԴԽ անդամ, սակայն ամեն դեպքում միշտ պետք է հիշել, որ ցանկացած արարք, անկախ ժամանակային միջակայքից, միշտ ունենում է հետևանք:
Ինչևէ, ԲԴԽ անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծվում է նույն ԲԴԽ անդամների կողմից: Կարգապահական վարույթ է հարուցվում երեք անդամի նախաձեռնությամբ: Այս առումով հարցն ունի սկզբունքային նշանակություն ԲԴԽ հեղինակության համար, որովհետև ԲԴԽ անդամի նկատմամբ կարգապահական պատասխանատվության հարցը չի բարձրանա ընդամենը գործընկերային համերաշխության պատճառով, բայց միևնույն ժամանակ այդ նույն մարդիկ պետք է քննարկեն դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցեր, ովքեր կատարել են համանման արարքներ:
Խնդիրը սրվում է նաև այն հանգամանքով, որ ԲԴԽ նախկին նախագահ Կարեն Անդրեասյանը ԲԴԽ բոլոր անդամներին ներգրավել է իր ոչ այնքան օրինական ծրագրերի իրականացմանը` թույլ չտալով ԲԴԽ անդամներից որևէ մեկին զերծ մնալ ապօրինություններից: Դրա ակնհայտ օրինակներից է Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա նոր հանգամանքով գործի վերանայման դիմումի կամայական մերժումը, որի վերաբերյալ Սահմանադրական դատարանը կրկին որոշում կայացրեց:
Խոսքը Կարեն Անդրեասյանի բացառիկ ջանքերով ու բոլոր հնարավոր ու անհնարին ապօրինի գործիքակազմերի գործադրմամբ՝ դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու մասին է:
Բնականաբար, ԲԴԽ-ում կառավարման այս մոդելի և դրվածքի պայմաններում ԲԴԽ անդամները Երանուհի Թումանյանցի կարգապահական պատասխանատվության հարցը բարձրացնելու դեպքում չեն կարող զերծ մնալ նաև Արթուր Աթաբեկյանի և Քրիստինե Մկոյանի գործողություններին գնահատական տալուց, ովքեր նույն հիմնավորումները կրկնելով՝ խնդիր չեն տեսել համատեղ տնտեսական շահ ունեցող Գրիգոր Մինասյան-Կարեն Անդրեասյան կապի մասով:
Սակայն այս հարցով ԲԴԽ-ի լռությունն առիթ է տալու հայտարարելու, որ ԲԴԽ-ն կաշկանդված է նախորդ դիրքորոշմամբ, և ՄԻԵԴ-ի վճռով արձանագրված արդար դատաքննության իրավունքի հարցը մնում է չլուծված, քանի որ որպես դատարան հանդես եկող մարմնի անդամները նույն արարքի կատարման դեպքում իրենք անպատիժ մնալով՝ իրավական գնահատական են տալիս ԲԴԽ անդամ չհանդիսացող այլ դատավորների պատասխանատվության ենթարկելու հարցին:
Ինչևէ, արդար դատաքննության իրավունքի խախտման փաստ արձանագրելու համար առանձնապես ջանքեր թափելու կարիք էլ չկա:
Վերջում արձանագրենք՝ արդարադատության նախարարը կարողացավ զերծ մնալ խտրականության հետ կապված հարցադրումից և Կարեն Անդրեասյանի «զոհերին» պատասխանատվության կանչելու ծանր պարտականությունից:
Հ.Գ. Ի դեպ, կրկին խնդրահարույց վիճակ է ստեղծվել ՄԻԵԴ-ի հետ ներկայացուցչության հետ կապված: ՄԻԵԴ ուղարկված Վահե Գրիգորյանն առավել հայտնի է իր քաղաքական կասկածելի հայտարարություններով և Սահմանադրական դատարանում իշխող քաղաքական ուժի տեսակետների քարոզով, քան իրավունքի ոլորտում ինչ-որ բան անելով (ՄԻԵԴ գանգատներ ներկայացնելը փաստաբանական գործունեության մի մասն է և ոչ թե առանձնաշնորհ,- Գ.Ս.), իսկ Հայաստանին ՄԻԵԴ-ում ներկայացնելը Կարեն Անդրեասյանին վերապահելը տվյալ կառույցի դերի և նշանակության նսեմացման փայլուն օրինակ է:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test