«ՔՊ-ականները հատել են բոլոր կարմիր գծերը, ոչ մի քաղաքավարություն չկա, ոչ մի ազգայնասիրություն չկա: Նրանք ամեն ինչ ոտնակոխ են անում, և զարմանալի չէ, որ լկտիորեն են վերաբերվում կին պատգամավորին: Իրենք միայն գիտեն՝ ինչպես դիմացինին վիրավորել, հայհոյել, և չեմ կարծում, որ ներողություն խնդրեն»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր, ամերիկահայ գործիչ Հարութ Սասունյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանի կողմից ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի հասցեին հնչեցրած վիրավորանքներին:
Նրա խոսքով՝ գործող իշխանությունները 7 տարի շարունակ ամեն օր նոր օրենքներ են ոտնակոխ անում, նոր սխալներ գործում, ամբարտավան կեցվածք դրսևորում, անհարգալից արտահայտություններ անում:
«Փաշինյանն այս ամենն անում է, որովհետև ուզում է հաջորդ տարվա հունիսին վերընտրվել, և իր մտքում ով կարող է իրեն խանգարել, բոլորին մեկ-մեկ վերացնում է իր ճանապարհից, որպեսզի հեշտորեն վերընտրվի: Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, ապա նրանք ոչ թե հավատում են, որ երկիրը ժողովրդավարական է, ամեն ինչ լավ է, այլ տեսնում են, որ ինչ Փաշինյանն անում է, օտար ուժերի շահերից է բխում, ոչ թե Հայաստանի: Փաշինյանն անում է այն ամենը, ինչը նպաստավոր է թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի, թե՛ ԵՄ-ի, թե՛ ԱՄՆ-ի համար: Իրենք շատ ուրախ են, որ Փաշինյանը կա, և նույնիսկ մտահոգ են, որ եթե մի բան պատահի Փաշինյանին, կարող են ամեն ինչ կորցնել»,- ընդգծեց նա:
Նրա խոսքով՝ Փաշինյանը հատում է բոլոր կարմիր գծերը. «Ծայրահեղ քայլերի է դիմում: Այս իրավիճակում, երբ Ադրբեջանը մինչև ատամները զինված է և ստանում է միլիարդավոր դոլարների նոր արդիական զենքեր, Փաշինյանը ո՞նց կարող է հայտարարել, որ ռազմական բյուջեն նույնն է մնում: Շատ հստակ է, որ մեր հայրենիքը կորցնում ենք, և Փաշինյանն ամեն օր նոր ձև է գտնում, որ թշնամուն հանձնի ամեն ինչ: Այսինքն՝ չափ ու սահման չկա: Մի կողմից՝ մենք ունենք անկարող, բայց շատ խորամանկ մի վարչապետ, որը վարժ է ժողովրդին խաբելու, մոլորեցնելու հարցում:
Նույնիսկ, եթե Ալիևը մի օր ստորագրի այդ խաղաղության համաձայնագիրը, դա ոչ մի նշանակություն չունի: Ալիևը կարող է հաջորդ օրն իսկ հարձակվել Հայաստանի վրա՝ շատ լավ իմանալով, որ արևմտյան երկրները ոչինչ չեն անելու, չեն միջամտելու: Մակրոնը կամ ԱՄՆ դեսպանը կարող են մի քիչ քննադատական խոսք ասել և միայն այդքանը: Ալիևը շատ լավ գիտի, որ ոչ մեկն իր բանակը չի ուղարկելու Հայաստան, որպեսզի Հայաստանի սահմանները պաշտպանի: Բայց Փաշինյանը ժողովրդին խաբելով՝ անընդհատ խոսում է խաղաղության մասին»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test