Երբ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը բողոքեց Իլհամից՝ թե «Թրամփի ուղի» օգտագործելու փոխարեն օգտագործում է մեկ այլ անվանում, ինչը չկա եռակողմ հռչակագրում, զարմացա: Չնայած ժամանակին խոստացել եմ, որ նրա վարքի և այդ թվում խոսույթի առումով այլևս չզարմանալ: Ավելի ուշ գիտակցեցի, որ զարմանալու պատճառ չկա. վերը նշված անձն այնքան միամիտ չէր, որպեսզի սպասեր, թե իր գործընկեր բռնապետն այսուհետ չի օգտագործելու «Զանգեզուրի միջանցք» բառակապակցությունը:
Հատկապես որ ինչ-որ ժամանակ առաջ ինքն էր «սիրելի» ժողովրդին զգուշացրել, որ խաչմերուկային հաղորդակցության բացումը վերջինիս կողմից ներկայացվելու է հենց որպես միջանցքի բացում: Բայց արի ու տես, որ հենց ինքն է դիմում ԱՄՆ նախագահ Թրամփին, որպեսզի վերջինս սաստի Իլհամին:
Թե ինչու պետք է դա անի Թրամփը՝ հասկանալի չէ: Հաշվի առնելով հատկապես Ադրբեջանի նախագահի հետ նրա այսօրվա փոխհարաբերությունները:
Այդ դեպքում բնական հարց է առաջանում, թե ինչո՞ւ է «մեծարգո վարչապետը» գնացել նման քայլի: Անմիջապես ծագած միտքն այն է, որ ինքն էլ օգտվել է Դոնալդ Թրամփի՝ խնդիրներ առաջանալու դեպքում իրեն զանգելու խորհրդից: Բայց այդ դեպքում առաջանում է մյուս հարցը՝ ինքն, ի՞նչ է, սպասում էր, որ իր բողոքը տեղ է հասնելու, ու Թրամփն էլ քաշելու է Իլհամի ականջները: Քանի որ ընդունեցինք, որ միամիտ չէ, ուրեմն նման սպասելիք պետք է չունենար:
Այդ դեպքում վերադառնում ենք առաջին հարցին՝ ինչո՞ւ է ուրեմն դիմել ԱՄՆ նախագահին: Այդ հարցի պատասխանը, կարծում եմ, պետք է փնտրել հոգեբանության ոլորտում: Հատկապես մանկական խեղված հոգեբանության մեջ. ԱՄՆ նախագահի անձի մեջ նա փորձում է գտնել «պապայի»:
Մի պահ իրեն թվացել էր, թե այդ դերը կարող է տանել ՌԴ նախագահը, այնուհետև՝ հետպատերազմական իրադարձություններով պայմանավորված, հիասթափվել էր: Ու փորձել էր այդպիսի անձնավորություն փնտրել Եվրոպայում, քանի որ ԱՄՆ նախագահ Բայդենը հեռու էր: Բայց շատ արագ հիասթափվել էր նաև եվրոպական երկառաջատար րների ղեկավարներից ու ԵՄ չինովնիկներից, քանի որ կատարել էր նրանց բոլոր հրահանգները, սակայն փոխարենը ոչինչ առարկայական չէր ստացել:
Ինչևէ, գնանք առաջ: «Ամերիկյան կողմի հետ առաջիկայում նախատեսվում են քննարկումներ, այդ թվում՝ «Թրամփի ուղու» կյանքի կոչման ուղղությամբ,- «Ազատություն» լրատվականին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: Ինչը պետք էր անել, քանի որ բացի 99 տարով վարձակալելու հանգամանքից, այլ բան հայտնի չէ «Թրամփի ուղուց»: Չնայած դա էլ կարծես թե այստեղ հերքվեց կամ հերքվեց ոչ այնքան հասատատ՝ չհերքվելու ձևի:
Ի դեպ, «Թրամփի ուղին» պաշտոնապես ավելի մեծադղորդ անվանում ունի. «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման», անգլերենով՝ «Trump Route for International Peace and Prosperity» կամ TRIPP: Այնպես որ եթե մամուլում հանդիպեք TRIPP հապավմանը, իմացեք, որ դա միջազգային խաղաղության և բարգավաճման ուղի է: Ուղղակի մնում է պատասխանել չորրորդ հարցին՝ իսկ ո՞ւմ համար: Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է՝ Ադրբեջանի համար:
Որովհետև եթե լիներ Հայաստանի համար՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը երեք տարի չէր փորձի հերքել դա: Այնպես որ «Թրամփի ուղին» նույն «Զանգեզուրի միջանցքն» է՝ միայն թե ամերիկյան փաթեթավորմամբ: Որպես հավաստում մեջբերեմ «Հրապարակ»-ի այս լուրը. Միլի մեջլիսի փոխխոսնակ Ալի Ահմեդովը հայտնել է, որ Ադրբեջանը Վաշինգթոնում «միջազգային երաշխիքներ է ստացել Զանգեզուրի միջանցքի նախագծի իրագործման համար»:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test